Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը կրկին Երևանում է: Վերջին անգամ Արևիկը Երևանում էր եղել մարտ ամսին, Life.panorama.am–ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ երկար ժամանակով հեռու չի կարողանում գտնվել հարազատ երկրից, իսկ երևանյան ամառը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի.
«Հայաստան եմ եկել որդուս ու ամուսնուս ընտնիքի հետ, իսկ մի քանի օրից մեզ կմիանա նաև ամուսինս, ով ևս շատ է սիրում ամառային Երևանը: Այս անգամ երկար ժամանակով ենք եկել՝ այստեղ կլինենք մինչև ամռան վերջ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ամռանը չայցելել իմ սիրելի երկիր, չզբոսնել մեր Երևանով ու չվայելել աշխարհի ամենաջերմ արևը: Իհարկե, այլ երկրներ ևս ուզում եմ այցելել, բայց Երևան չգալն իմ ուժերից վեր է»,- նշեց Արևիկը:
Ի դեպ՝ այս անգամ Արևիկի հետ միասին Հայաստան են եկել իրենց ընկերները.
«Այս անգամ մեզ հետ են նաև մեր ընկերները, այնպես որ զբոսաշրջիկի կարգավիճակով պետք է այցելենք Հայաստանի գեղատեսիլ վայրերը: Դեռևս հստակ չգիտեմ, թե ինչպես կկազմակերպենք մեր հայաստանյան ճանապարհորդությունը, բայց որ շատ եմ ուզում այցելել Տաթևի վանք ու Պարզ լիճ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Արևիկ Ալավերդյանը պատմեց նաև փոքրիկի Դավիթի և ծնողների հետ հանդիպման մասին.
«Ամեն անգամ մեր հանդիպումները շատ հուզիչ են լինում: Վերջին անգամ, երբ եկել էինք, Դավիթիս շատ փոքր էր ու հաստատ տատիկին ու պապաիկին չէր հիշի, այս անգամ ասես ամեն ինչ նորից լիներ, սակայն անմիջապես ընտելացավ, ի վերջո արյան կանչը իրենն անում է: Ծնողներս էլ շատ էին սպասում Դավիթին: Փոքրիկների դեպքում ամիսներն անգամ նշանակություն ունեն, հիմա տղաս ավելի մեծ է ու ուրիշ կերպ է կայանում մարդկանց հետ շփումը»,- պատմեց երգչուհին:
Ի դեպ՝ Արևիկ Ալավերդյանը նշեց նաև, որ այս անգամ Երևան այցը ոչ միայն հանգստի, այլև՝ աշխատանքային նպատակ ունի.
«Նոր երգի հետ կապված ծրագրեր ունեմ, բայց դեռևս չեմ ուզում խոսել ու փակագծեր բացել, ամեն ինչ հերթով»,- նկատեց նա: