Գոլֆ խաղի համար մականների լրակազմը, որը պատկանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, աճուրդով կվաճառեն ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել են RR Auction աճուրդային տան ներկայացուցիչները, որը կազմակերպել է աճուրդը:
Նրանց խոսքով՝ Թրամփը մականներն ունեցել է ավելի քան 10 տարի առաջ, երբ տակավին չի մտածել, թե իր քվեարկությունը կդնի պետության ղեկավարի պաշտոնի համար: Գործարարը դրանք օգտագործել է Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբում խաղալիս: Հետագայում նա դրանք նվիրել է Էնդյու Լոմբարդոյին, որը 2004-ից մինչև 2008 թվականը Թրամփի մոտ աշխատել է որպես քեդդի (այսպես են կոչում գոլֆ խաղացողի օգնականին, որի պարտականությունների մեջ է մտնում մարզական գույքի տեղից տեղ փոխադրումը):
Խոսքը վերաբերում է TaylorMade ընկերության արտադրության ավելի քան 10 մականներին: Դրանցից յուրաքանչյուրի վրա փորագրված է ««Դ. Թրամփ» մակագրությունը: Լոմբարդոյի խոսքով, որն էլ որոշել է լրակազմը հանել աճուրդի, Թրամփը 2004-ից մինչև 2005 թվականն ընկած շրջանում Բեդմինսթերում այդ մականներով խաղացել է շատ հռչակավոր անձանց, ձեռնարկիչների և պրոֆեսիոնալ գոլֆիստների հետ:
Աճուրդը տեղի կունենա այս ամսին ավելի ուշ: Ինչպես հայտարարել են Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող աճուրդային տան ներկայացուցիչները, իրենք հույս ունեն, որ մականներն աճուրդով կվաճառվեն առնվազն 30 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: