Շնորհիվ պլաստիկ վիրաբուժության մեծ ներուժի՝ Հայաստանում աստիճանաբար զարգանում է բժշկական տուրիզմը: Պլաստիկ վիրաբուժության նպատակով Հայաստան եկողների թվով առաջատարը Ղազախստանն ու Ռուսաստանն են: Ռուսաստանից եկողների 90 տոկոսը ռուսներ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոլորտի մասնագետները նշեցին, որ արտերկրից դիմելիությունը պայմանավորված է գին-որակ փոխհարաբերությամբ՝ հօգուտ այցելուի:
«Արտերկրից եկողները դիմում են գրեթե նույն վիրահատություններին, ինչ հայաստանցիները՝ քթի և որովայնի առաջնային պատի պլաստիկա, դեմքի ձգում, երիտասարդացում: Որակը չի զիջում ամերիկյան կամ եվրոպական կլինիկաներում իրականացված վիրահատությունների որակին, բայց մի քանի անգամ ավելի մատչելի է: Հայաստանում պլաստիկ վիրահատության է գալիս հիմնականում սփյուռքի հայությունը, կան նաև այլազգիներ»,-ասաց Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ներկայում կան կազմակերպություններ, որոնք Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու գործունեություն են իրականացնում: «Ինքս հանդիպումներ եմ ունեցել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մարքետինգ են իրականացնում՝ հասկանալու, թե որ ուղղություններով կարող է Հայաստանում զարգանալ առողջապահական տուրիզմը»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Բժշկական տուրիզմը զարգացնելու գործունեությամբ զբաղվող ընկերություններից է Հայաստանում iMed-ը: Ընկերությունը ստեղծել է բջջային հավելված, որի միջոցով աշխարհի տարբեր երկրներից կապ է ստեղծվում Հայաստանի պլաստիկ վիրաբույժների հետ: Օգտատերը հավելվածի միջոցով հնարավորություն ունի փնտրելու և գտնելու ցանկացած բժշկի: Հավելվածում կան նաև խաղային հնարավորություններ՝ փոխել, օրինակ, քթի ձևը և տեսնել, թե ինչ տեսք կունենա մարդն այդ քթով: Այնուհետև հավելվածի միջոցով օգտատերը կարող է մանրամասները քննարկել բժշկի հետ:Հավելվածը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
«Եկողների թվով առաջին տեղում Ղազախստանն է, հետո Մերձմոսկովյան մոտակա քաղաքները, որտեղ գինն անհամեմատ ավելի բարձր է, հետևաբար ընտրում են մոտակա երկրները՝ Վրաստան, Հայաստան: Ռուսաստանից գալիս են թե հայերը, թե ռուսները, ընդ որում մեծամասնությունը ռուսներ են՝ 90 տոկոս: Մեծ հոսք կա նաև Ավստրալիայից և Նիդերլանդներից, այցելուների հիմնական մասը հայեր են: Եվրոպական երկրներից եկողներն, այնուամենայնիվ, այնքան էլ շատ չեն, կան դիմողներ Ֆրանսիայից, Անգլիայից, սակայն երկուսից երեք ամսում ընդամենը մեկ այցելու»,-ասաց IMed-ի գործադիր տնօրեն Հրաչյա Արշակյանը:
Արշակյանը, լինելով նաև պլաստիկ վիրաբույժ, նշեց, որ իր այցելուների մոտ 80 տոկոսը արտերկրից է: Արտերկրյա այցելուների համար աշխատում են միջին շուկայական գներով, որոնք, այնուամենայնիվ, եվրոպական և ռուսական գներից 2-3 անգամ ավելի մատչելի են:
«Նաիրի» ԲԿ-ի և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի պլաստիկ և դիմածնոտային վիրահատության բաժնի վարիչ Հայկ Ենոքյանի կարծիքով, Հայաստանն ունի ներուժ բժշկական տուրիզմի հաշվին հարստացնելու պետբյուջեն: Սակայն այդ ուղղությամբ քայլերն իրականացվում են անհատական ձևով: «Ամեն բժիշկ փորձում է իր միջոցներով ավելացնել եկողների թիվը: Կարծում եմ, պետք է նաև պետության միջամտությունը, անհրաժեշտ է մշակել պետական ստրատեգիա»,-եզրափակեց Հայկ Ենոքյանը: