Հուլիսի 8-ին անցկացված վերջին լրացուցիչ քննությունով եզրափակվեցին այս տարվա միասնական քննություններն ամբողջությամբ:
Քննական առարկաներից որոշների արդյունքներն արդեն ներկայացրել ենք, մյուսների դեպքում պատկերն այսպիսին է.
Աշխարհագրություն առարկայից լրացուցիչ փուլում քննություն է հանձնել 14 դիմորդ` հայտագրված 22-ից: Միջին միավորը կազմել է 9.8, անբավարար ստացել է քննություն հանձնածների 28.6 տոկոսը: Ամենաբարձր գնահատականը եղել է 19.5-ը: Այդքան միավոր ստացել է 1 դիմորդ. տոկոսային հարաբերությամբ դա կազմում է 7 տոկոս:
Հայոց պատմություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 91 դիմորդ, ներկայացել` 73-ը: Միջին միավորը 11.6 է, անբավարար գնահատական ստացել է դիմորդների 30 տոկոսը: Առավելագույն` 19.75 միավոր ստացել է 1 դիմորդ կամ քննություն հանձնածների 1.4 տոկոսը:
Քիմիա առարկայից լրացուցիչ փուլում քննություն հանձնելու համար դիմել է 149 հոգի, քննությանը մասնակցել է 137-ը: Այս առարկայի միջին միավորը 10.04 է, անբավարար գնահատականները կազմում են 41 տոկոս: Հնարավոր առավելագույն` 20 միավոր ստացել է 2 դիմորդ:
Ֆիզիկայի միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 134 դիմորդ, ներկայացել 129-ը: Միջին միավորը 9-ն է: Անբավարար գնահատականները կազմում են 48 տոկոս, 20 միավոր ստացել է 3 դիմորդ կամ մասնակիցների 2.3 տոկոսը:
Ինչ վերաբերում է համաշխարհային պատմություն առարկային, դրանից քննություն է հանձնել ընդամենը երկու դիմորդ: Նրանցից մեկը ստացել է անբավարար գնահատական, մյուսը` 13 միավոր:
Վերոնշյալ տվյալները մեր զրույցում ներկայացրեց գնահատման և թեստավորման կենտրոնի Արա Իսպիրյանը:
Նա նաև պատասխանեց, որ քննությունների ընդհանուր արդյունքները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 0.5 միավորով: Բացառությամբ օտար լեզուների: Այս դեպքում ցուցանիշները պահպանվել են և նույնիսկ որոշակիորեն աճել: