Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում: Այսօր գործադիրի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջին փուլում, քանի դեռ չի ներկայացվել Կառավարության ծրագիրը, կառուցվածքի փոփոխությունը համարում է ոչ կրիտիկական, որովհետև, չունենալով նպատակ, դժվար է որոշել, թե ինչ կառուցվածքով ես հասնում այդ նպատակին:
«Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության դեպքում էկոնոմիկան չի վերանում, բայց ներդրողին ազդակ ենք տալիս, որ սա այն օղակն է, որ գործարարի ձեռքը բռնած՝ անցնելու է, որ խոչընդոտ չստեղծեն: Իսկ գործարարին աջակցելու համար ռեալ պետք է ունենալ էկոնոմիկա»,- ասաց վարչապետը:
Կ.Կարապետյանի խոսքով` մտադիր են Ջրային ռեսուրսների կոմիտեն տեղափոխել էնեգետիկ համակարգ` որպես ծառայություն մատուցող բիզնես, որը կարիք ունի սինքրոնիզացիայի, որովհետև այսօր գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի բիզնեսի ոլորտն ավելի զարգացած է, քան ջրօգտագործման ծառայությունների բնագավառը: Նա նշեց, որ «Վիոլայի» հետ բանակցում են, բայց ՋԸՕ-երի հարցում կան բազմաթիվ խնդիրներ: Վարչապետը հանձնարարական իջեցրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարին. «Մենք գյուղացուն չպետք նեղացնենք, բայց ոչ անտրամաբանական բիզնես կազմակերպելով, որովհետև դա բերում է անտրամաբանական ծախսերի»:
Անդրադառնալով Կապի նախարարությանը` Կ.Կարապետյանը նշեց, որ ՏՏ ոլորտը սպեցիֆիկ է, կապի հետ մոտ է, իսկ նոր ղեկավարը բավականին «այդ թեմայի մեջ է», և ճիշտ կլինի, որ ինքն էլ կառավարի: «Տրամաբանական է, որ ավիացիան էլ տեղափոխենք այդ նախարարության տակ, որ մի նորմալ կորիզ ստեղծենք: Հետագայում Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք նաև տուրիզմը, ստեղծում կոմիտե, որտեղ կոնկրետ մարդ է լինելու, որ պատասխան տա, այս տարի այսքան տուրիստ ես բերում, մյուս տարի` այսքան: Հարևան երկրին զիջել ենք, անհամեմատելի են թվերը, բայց չեմ կարծում, որ զբոսաշրջիկին գրավելու մեր հնարավորություններն ավելի քիչ են»:
Կ.Կարապետյանը նաև հայտնեց, որ կստեղծվի Մշակույթի և ճարտարապետության պահպանման կոմիտե. «Մենք չենք համարել կրիտիկական, անհրաժեշտ, ինքնանպատակ՝ այսօրվա կառուցվածքը փոփոխելու, մենք այդ հարցին կանդրադառնանք, եթե անհրաժեշտություն լինի, ծրագիր ներկայացնելուց հետո, եթե դրա կարիքը լինի»:
Ա.Մինասյանը նկատեց, որ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, որովհետև դա ավելի լայն է, քան ներդրումները և ձեռնարկատիրութան աջակցությունը: Մինասյանը նշեց, որ իրեն մտահոգում է մի քանի հարց, որ այսօր Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների տիրույթում են, բայց անվանման մեջ չեն երևում, օրինակ` արտաքին առևտուրը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ Սահմանադրության լիարժեք գործարկումից` 2018թ.-ից հետո, կոմիտեներ և Կառավարությանն առընթեր մարմիններ չենք ունենալու:
Կ.Կարապետյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարության անվանումը փոխելը չի նշանակում՝ էկոնոմիկան հանել, այլ շեշտադրումն է փոխվում, որ գործարարը, որ ուզում է մեր երկրում մի բան անել, իմանա, որ հասցե ունի: Ըստ նրա` Զբոսաշրջության կոմիտեն 1.5 տարի էլ աշխատի, հասկանան իրադրությունը, բավարար է:
Կ.Կարապետյանը նշեց, որ Քաղաքաշինության նախարարությունը կվերածվի Ճարտարապետության կոմիտեի, որովհետև շինարարության կարիք չկա, շինարարությունն այսօր անում է մասնավորը, Կառավարությունը պատվիրատու է:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ