Լրահոսում նշել էինք, որ այսօր «Առանց ավտոմեքենայի» համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչու արժե ավելի հաճախ ոտքով զբոսնել:
Քիչ շարժական կենսակերպը մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման լուրջ գործոն է, որոնց թվում է նաև Ալցհայմերի հիվանդությունը: Եթե շատ քայլեք, դա կօգնի կանխել ուղեղում ամիլոիդային թերթիկների կուտակումը, որովհետև ֆիզիկական ակտիվությունը կարգավորում է ուղեղին արյան մատակարարումը:
Քայլելն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը և բարելավում է սրտի աշխատանքը, իսկ դա ավելի շատ քայլելու ևս մեկ պատճառ է:
Քայլելը դրականորեն է ազդում նաև մարսողության համակարգի վրա. այն բարելավում է աղիների աշխատանքը, օգնում է ավելի արագ մարսել սնունդը: Ավելին, շատ քայլող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում նյութափոխանակային այնպիսի խախտումների, ինչպիսին շաքարային դիաբետն է:
Երկարատև զբոսանքներն ամրապնդում են ոչ միայն մկանները, այլևս ոսկրերը և հոդերը: Երկար քայլել խորհուրդ են տալիս նույնիսկ հոդացավի և մի ամբողջ շարք այլ հիվանդությունների կանխարգելման համար:
Քայլելը ևս կարող է օգնել քաշը վերահսկողության տակ պահելուն: Ճիշտ է, որպեսզի քայլքը «սպորտային» արդյունք տա, անհրաժեշտ է շատ քայլել. Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օրական առնվազն 10 000 քայլ գցել (դա մոտավորապես 7-10 կմ է) մոտ 4-4.5 կմ/ժ արագությամբ: