Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Яндекс-ի և Uber-ի միացյալ ընկերությունը. b4b.am
Advertisement 1000 x 90

Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Яндекс-ի և Uber-ի միացյալ ընկերությունը. b4b.am

Яндекс-ը և Uber-ը որոշում են կայացրել միավորել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան) օնլայն փոխադրումների բիզնեսները, հայտարարել է «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ընկերության պաշտոնական էջում:

Բացի այդ՝ նոր ընկերությանը կփոխանցվի նաև սննդի առաքման UberEATS ծառայությունը վերոնշյալ երկրներում: Գործարքի արդյունքում Яндекс-ը առաջին անգամ հնարավորություն կստանա դուրս գալ սննդի առաքման շուկա:

Ընկերության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Яндекс Տաքսին» և Uber-ը ստորագրել են բիզնեսների միավորման համաձայնագիր:

Միավորման արդյունքում կստեղծվի նոր ընկերություն, որը կգլխավորի Խուդավերդյանը:

Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ իրենք Uber-ի հետ պայմանավորվել են ռոումինգային համաձայնագրի վերաբերյալ բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընկերությունը:

«Օրինակ՝ Լոնդոն կամ Բանգկոկ թռչելիս կարող եք «Яндекс Տաքսիի» հավելվածից պատվիրել Uber, իսկ Փարիզի զբոսաշրջիկները՝ պատվիրել «Яндекс Տաքսի» Uber-ի հավելվածից»,- ասում է Խուդավերդյանը:

Uber-ի ներդրումները նոր ընկերությունում կկազմեն 225 միլիոն դոլար, «Яндекс»-ինը՝ 100 միլիոն դոլար: Նոր ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 3.725 մլրդ դոլար:

Яндекс-ին կպատկանի ընկերության բաժնետոմսերի 59.3%-ը, իսկ Uber-ին՝ 36.6%-ը: Բաժնետոմսերի մնացած մասը՝ 4.1%-ը, կպատկանի ընկերության աշխատակիցներին:

Ինչպես բացատրել են Яндекс-ում, միավորումից հետո ծառայության օգտատերերի համար ոչինչ չի փոխվի՝ ուղևորությունների պատվերների համար նախկինի պես հասանելի կլինեն երկու հավելվածներն էլ: Վարորդները կմիավորվեն միասնական հարթակում, ինչը նրանց թույլ կտա մեկ հավելվածով պատվերներ ստանալ ինչպես «Яндекс Տաքսիից», այնպես էլ Uber-ից:

Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի ավտոմեքենաների թիվը, կկրճատի սպասելաժամանակը:

Ինչպես սպասվում է, գործարքը կփակվի 2017թ. IV եռամսյակում: Գործարքը հավանություն է ստացել Uber-ի և Яндекс-ի տնօրենների խորհրդի կողմից:

b4b.am