Երևանում հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը տարազների մրցույթ-փառատոն է անցկացվելու։
Հայկական տարազի, ժողովրդական երգերի, պարերի և բանաստեղծությունների տոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը, այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց տարազի մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Էմիլ Մարկոսյանը։
Փառատոնի անցկացման գաղափարը, նրա խոսքով, վերջերս է առաջացել։ Որոշվել է կազմակերպել միջոցառում, որը կնպաստի ազգային և մշակութային արժեքների պահպանմանը, նաև հասարակության տեղեկացվածությանը։
«Իմ ֆեյսբուքյան էջում հարցում անցկացրի`կան արդյո՞ք փառատոնին մասնակցել ցանկացողներ։ Առաջին մասնակիցն արձագանքեց 25 րոպե անց։ Մենք արդեն 75 մասնակից ունենք, որոնք հայկական ազգային տարազներն են ներկայացնելու։ Կլինեն նաև հայտնի դիզայներներ, որոնք փառատոնին կներկայացնեն իրենց աշխատանքները` հին ու նոր տարազները»,- ասաց Մարկոսյանը։
Կազմակերպիչը տեղեկացրեց, որ մասնակցության հայտերը դեռ շարունակվում են ընդունվել։ Մրցույթին մասնակցելու համար ընդամենը պետք է մեկ տարազով լուսանկար տեղադրել Facebook-ում և հայտ ուղարկել, որը կանցկացվի երեք փուլով` հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը։
«Նախնական պայմանավորվածություն կա Սփյուռքի նախարարության և «Արի տուն» ծրագրի հետ։ Նախագծի հյուրը կլինի հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանը, որը մասնակիցների համար անակնկալներ է պատրաստել»,- հավելեց նա։
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանը խոստովանեց, որ առաջիկա միջոցառման մասին սոցիալական կայքերից է իմացել։
«Ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ վերաբերում է մեր մշակույթին, ազգային արժեքներին։ Դրա համար ես անմիջապես միացա նախագծին։ Իսկ, քանի որ դա նաև մրցույթ է, մասնակիցները կարող են ցուցադրել պարելու, երգելու և ասմունքի իրենց տաղանդը։ Գաղտնիք չէ, որ մեր ազգը տաղանդավոր է, և հենց այսպիսի մրցույթներն են օգնում բացահայտել ունակությունները, մանավանդ` երեխաների մոտ»,- սաց երգչուհին։
Մրցույթի մեկնարկից առաջի ընտրական փուլ կանցկացվի, որի ընթացքում կընտրվեն լավագույնները, նշեց Մամյանը։
«Տարազների մրցույթ-փառատոնը շահադիտական նպատակներ չունի, այստեղ ամենակարևորը սերն է և հարգանքը ավանդույթների նկատմամբ»,- ասաց դիզայներ Արտյոմ Սյունեցին։
Մենք կցուցադրենք Ուրֆայի ու Մարաշի տարազները։ Դիզայներներին ոչ ոք չի սահմանափակում, ամենակարևորը, որ նրանք լավ ձեռագիր և ստեղծագործական մոտեցում ցուցաբերեն։ Մրցանակներ են նախատեսված հետևյալ անվանակարգերում` «Նազանիություն», «Լավ ստեղծագործական մոտեցում» և այլն։ Մենք ուզում ենք, որ մրցույթ-փառատոնը ավանդական դառնա», -ասաց դիզայները։
Մրցույթ-փառատոնը կանցկացվի Ավան վարչական շրջանում, իսկ եզրափակիչ փուլը` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։