ABBA. շնորհակալություն երաժշտության համար
Advertisement 1000 x 90

ABBA. շնորհակալություն երաժշտության համար

abba

Մեր ծնողների աստղերի մասին գրելիս անհնար է չհիշել «ABBA»-ի մասին: «ABBA»-ն չորսհոգանոց շվեդական խումբ է: 1970-80-ական թվականներին նրանց երգերն աշխարհի գրեթե բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականներն էին զբաղեցնում:

Մինչ խմբի ստեղծվելը խմբի անդամները զբաղվել են սոլո կարիերայով: «ABBA»-ի տղաները` Բյորնն ու Բենին, միասին էին աշխատում. նրանք ձայնագրում էին իրենց առաջին սկավառակը, որը կոչվում էր «Երջանկություն»: Ձայնասկավառակում պարզ լսվում են կանացի ձայներ: Դրանք Ագնետայի և Աննիի ձայներն են: Այդ ժամանակ նրանք երկուսն էլ քիչ թե շատ ծանոթ էին հանրությանը, և Բենին ու Բյորնն աղջիկներին առաջարկեցին ձայնակցել իրենց: Չորսով համերաշխ աշխատելուց հետո որոշում են միանալ և դառնալ մի խումբ:

1970թ. քառյակը ելույթ է ունենում «Բյորն և Բենի, Ագնետա և Աննի» անունով: Կարճ ժամանակում նրանց երգերը հայտնի են դառնում մի շարք անգլալեզու երկրներում: Որքան աճում էր խմբի հեղինակությունը, այնքան ավելի շատ էր զգացվում անունը փոխելու կարիքը: «Բենի և Բյորն, Ագնետա և Աննին» շատ երկար էր. հարկավոր էր ավելի օրիգինալ բան մտածել: Եվ այսպես, նրանց պրոդյուսեր Ստիգ Անդերսոնը որոշում է խումբն անվանել «ABBA»: Սկզբում դա տարօրինակ էր, քանի որ «ABBA»-ն ձուկ մշակող շվեյցարական ընկերություն էր: Տարբերվելու համար նրանք շրջում են մեջտեղի երկու «B»-երը: Խմբի անվանումը ներառում է չորս մասնակիցների անունների առաջին տառերը՝ Ագնետա Ֆելտսգուկ, Բյորն Ուելվեուս, Բենի Անդերսոն և Աննի-Ֆրիդ Լյունգստադ:

1973-ի փետրվարին «ABBA»-ի «Ring Ring» երգը մերժվում է «Եվրատեսիլի» հանձնաժողովի կողմից: Չնայած դրան, «Ring Ring»-ը թարգմանվում է շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և մի շարք այլ լեզուներով` մեծ ճանաչում բերելով խմբին աշխարհի շատ երկրներում: Այդ տարի էլ լույս է տեսնում նրանց առաջին ձայնասկավառակը, որը կրում էր նույն «Ring Ring» անունը: 1973-ի պարտությունը չի խանգարում «ABBA»-ին հաջորդ տարի կրկին մասնակցել «Եվրատեսիլին» և «Waterloo» երգով դառնալ հաղթող: Դրանից հետո նրանք անընդհատ գլխավորում էին Շվեդիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ամերիկայի և մի շարք այլ երկրների հիթ-շքերթները:

1976թ. հունիսի 18-ին «ABBA»-ն ելույթ է ունենում Շվեդիայի թագավորի համար` ներկայացնելով բոլորովին նոր` «Dancing Queen» երգը: 1977-ին սկսվում է նրանց առաջին բրիտանական շրջագայությունը, որը եզրափակվում է Ավստրալիայում կայացած 11 համերգներով: 1979-ին Էդմոնթաունից սկսվում են «ABBA»-ի հյուսիս-ամերիկյան համերգները: Նրանց շրջագայությունն ավարտվում է նոյեմբերի կեսերին Եվրոպայում: 1981-82թթ. խումբը սկսում է անկում ապրել: Նրանց վերջին հիթը «Thank You For The Music» երգն էր, իսկ վերջին սինգլը` «Under Attack»-ը:

1990-ական թթ., երբ «Պոլիդոր» ընկերությունը «ABBA»-ի բոլոր հիթերը հավաքում է երկու սկավառակի վրա և թողարկում, խումբը նորից վերելք է ապրում, բայց ոչ 10-15 տարի առաջվա նման: «ABBA»-ի անցած երկար ուղու մասին է պատմում նրանց վերջին փաստագրական «Our Last Video Ever» ֆիլմը: Մինչ ֆիլմի ստեղծումը Շվեդիայում 2000թ. բեմադրվում է «Mama Mia» երաժշտական շոուն՝ կազմված «ABBA»-ի լավագույն հիթերից: Արդեն 7 տարի շոուն շրջագայում է աշխարհի ավելի քան 200 երկրում:

Երգն ապրում է, իսկ ABBA-ն վաղուց չկա:

Նանե Պասկևիչյան

«3 Միլիոն»