ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել. amerikayidzayn.com
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել. amerikayidzayn.com

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը.

«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առևտրի և ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:

Դեսպան Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ.

«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը և այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:

Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաև քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը.

«Բոլոր նախագահները, իսկ ես լավ ճանաչում եմ բոլորին, այդ թվում և նախագահ Սերժ Սարգսյանին, շատ լավ մարդիկ, արդյունավետ առաջնորդներ են: Ես մեծ հարգանք ունեմ Սերժի նկատմամբ: Սակայն, որոշակի ժամանակ է գալիս, երբ քանակականից ցանկալի է անցնել որակական փոփոխությունների»:

Հայաստանի ապագա բարգավաճման համար մեկ այլ խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը Դեսպան Թոմսենի համար իրական է թվում: Թուրքիան, որի հարավային սահմաններում իրավիճակը շարունակում է սրվել, հետաքրքրված է Հայաստանի հետ սահմաններին թուլացնել լարվածությունը, ուստի, կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նշում է նախկին դիվանագետը.

«Գերմանացիներն ու ֆրանսիացիները 1870-ականներից մինչև Երկրորդ աշխարհամարտ միմյանց սպանել են Էլզաս Լոթարինգիայի համար: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույն ճանապարհով են գնում և դեռևս հայտնի չէ, արդյոք հաջորդ սերունդը կրկին պատերազմելու է, թե հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել հարցը»:

 



Նման նյութեր