«Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարը հատեց հասարակածը. կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի 5-րդ տուրը ստացվեց խաղաղ. բոլոր 5 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Ի տարբերություն նախորդ տուրերի, որոնցում որոշ պարտիաներ տևում էին 5 ժամ և ավել, և որոշ դեպքերում կողմերը կատարում էին 100 քայլից ավել, այս տուրի ամենաերկար պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը, գրանցվեց ընդամենը 44 քայլ:
Մրցաշարի երկու առաջատարներից Մարտին Կրավցիվը հաշտություն կնքեց Թամիր Նաբաթիի հետ, իսկ մյուս առաջատար Բասսեմը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ:
Մեր մասնակիցներից լավագույն արդյունք ունեցող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվարցի հետ, իսկ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Հայկ Մարտիրոսյանը խաղաղությամբ բաժանվեց Իգոր Կովալենկոյից: