SOAD. զարգացումը շենքերի բարձրանալը չէ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

SOAD. զարգացումը շենքերի բարձրանալը չէ

Նրանք ավանգարդ են և ինտելիգենտ: Բոլորն էլ վառ անհատականություններ են, շատ լուրջ, և, միաժամանակ՝ էպատաժային: «System of a Down» հայտնի ամերիկյան ռոք խմբի չորս անդամները հայկական արմատներ ունեն: Բեմում նրանք ագրեսիվ neo-metal երաժշտություն են նվագում, իսկ կյանքում շատ փափուկ և բաց սրտով փիլիսոփաներ են: Նրանց երաժշտությունը ոչ մի ուղղության հետ կապել չի ստացվում: Դա երաժշտական զարմանալի խառնուրդ է, որը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Նրանց կամ սիրում են, կամ չեն ընդունում: Ավելի շատ սիրում են: Վերջերս, նրանց Ամստերդամ ժամանելու պատճառով, Նիդեռլանդների իշխանությունները ստիպված էին փակել օդանավակայանը, քանի որ երկրպագուների քանակն ահռելի էր: Սովորաբար անսպասելի փառքն ու մեծ փողերն ըմբոստ մարդկանց ինքնասիրահարված ռոք-աստղեր են դարձնում: Սակայն «System of a down»-ի տղաների հետ նման բան չկատարվեց: Սերժ Թանգյանը, Շավո Օդաջյանը, Դարոն Մալաքյանը և Ջոն Դոլմայանը կարողացան կարճ ժամանակում իրենց անհասկանալի երաժշտությամբ դառնալ աշխարհի ամենահայտնի ալտերնատիվ ռոք խումբը: «Մենք չեն նվագում ու երգում` դուր գալու համար»,- ասում են նրանք:

Նրանք հետաքրքիր երաժշտական կոմբինացիաներ են ստեղծում, գրում են խելոք ու տպավորիչ տեքստեր, որտեղ պարտադիր ըմբոստ կոչեր են հնչում: «Մենք տորթի նման ենք, և ամեն մարդ մեր մեջ գտնում է այն, ինչ ուզում է, մեկին դուր է գալիս քաղցր միջուկը, մյուսին՝ բիսկվիտը»,- ասում է Սերժ Թանգյանը: Նրանց երաժշտության մեջ ռոքային ագրեսիվությունը շատ գեղեցիկ համակերպվում է արևելյան մեղեդայնության հետ, իսկ քաղաքական կոչերը՝ տեմպի կատաղի վիրաժների: 2001թ. թողարկված «Toxity» ձայներիզն իսկական ճեղքում էր երաժշտական Ամերիկայում: Իսկ սեպտեմբերին լույս տեսած «Boom!» երգն Իրաքի պատերազմի դեմ ուղղված յուրահատուկ հակապատերազմական կոչ դարձավ: Դարոնի ընտանիքը Իրաքում է ապրում, և Ամերիկայի ներխուժումը նրա համար ծանր հարված էր: «Ինչո՞ւ պրեզիդենտներն իրենք չեն գնում պատերազմելու, ինչո՞ւ են ուրիշներին ուղարկում»,- այսպիսի բառեր կան «Boom!» երգի մեջ, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանեց հայտնի վավերագրող, օսկարակիր և «Կաննի» փառատոնում Գրան-պրի շահած Մայքլ Մուրը: Հետո աշխարհ եկան «Steal this Album» և «Mezmerize» ալբոմները: Իսկ շատ շուտով՝ նոյեմբերի 22-ին, կթողարկվի արևելյան, ասիական մեղեդիներով հագեցած «Hipnotize» ալբոմը, որի լույս տեսնելուն անհամբեր սպասում են «System of a down»-ի ֆանատները:

Խումբը հրավիրված է նաև նոյեմբերի 3-ին Լիսաբոնում կայանալիք Europe Music Awards մրցանակաբաշխությանը: Բացի հյուրախաղերից, խմբի յուրաքանչյուր անդամ իր սեփական նախագծերն է իրականացնում: Նրանք իրենց աշխատանքի մեջ շատ բնական խառնում են երաժշտությունն ու քաղաքականությունը: «Ես չեմ հանգստանա` քանի դեռ աշխարհում անգամ շատ փոքր անարդարություն կա»,- ասում է Սերժ Թանգյանը, ով Թոմ Մորելլոյի հետ հիմնել է «Axis of Justice» (Արդարության առանցք) հասարակական ակտիվ կազմակերպությունը, որն ուշադրություն է հրավիրում աշխարհում կատարվող սոցիալական անարդարությունների վրա: Եվ առաջին հերթին՝ դարասկզբում կատարված առաջին Եղեռնի: «Մարդիկ պետք է իմանան՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Այսօր քաղաքականությունը միայն քաղաքականություն չէ: Տնտեսությունը կամ Միջազգային բանկի գործունեությունն արդեն չի կարելի անջատել քաղաքականությունից»,- ասում է նա: 38-ամյա Սերժ Թանգյանը ծնվել է Բեյրութում, մանուկ հասակում ԱՄՆ է տեղափոխվել: Նա հանգիստ և կյանքի իմաստությունը հասկացած մարդու տպավորություն է թողնում: Սերժ Թանգյանն արդեն թողարկել է իր բանաստեղծությունների «Cool garden» գիրքը, և սիրում է երաժշտական խառնուրդներ ստեղծել: Նրա վերջին նախագծերից է Նյու Յորքում կայացած «Serart» համերգը, որը նա կատարել է էթնո-ջազի վարպետ Արտո Թունջբոյաջյանի հետ: «Serart»-ը ռոք չէր, այլ հայկական, չինական, ճապոնական երաժշտության հիման վրա արված իմպրովիզացիաներ: «Serart»-ը մեր անունների առաջին վանկերն են, նաև այնտեղ ինձ համար կարևոր երկու բառ կա՝ սեր և art, այսինքն՝ արվեստ»,- ասում է Սերժ Թանգյանը: Նա հայերեն խոսում է շատ վարժ ու գեղեցիկ: «Ինչո՞ւ եք զարմանում, որ հայերեն կխոսիմ»,- վիրավորված ասաց նա մեր հարցազրույցի սկզբում: Սերժ Թանգյանը կարճ ժամանակով Հայաստան է այցելել իր 21-ամյա հարսնացու-ընկերուհու հետ, սակայն ոչ մի լրագրողի հարցազրույց չի տվել, եղել է Երևանում և Վանաձորում: Նրա հարսնացուն Վանաձորում է ծնվել և մի քանի տարի առաջ ԱՄՆ տեղափոխվել: Այս հարզազրույցը բացառիկ է և մեծ դժվարությամբ է կազմակերպվել: Քանի որ Սերժ Թանգյանը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում է ունեցել և նախարար Վարդան Օսկանյանից Ցեղասպանության ճանաչման գործունեության համար շնորհակալական խոսքերի արժանացել, զրույցը սկսեցինք ոչ երաժշտությունից:

– Մեր երաժշտությունը և համերգները կապ չունին Ցեղասպանության ճանաչման մեր գործունեության հետ: Մենք բեմից չենք խոսիլ հայերի մասին, բայց մեր բոլոր ինտերվյուների մեջ անպայման ասում ենք հայերի մասին: Բավականին շատ մարդիկ արդեն սկսած են ճանաչել այդ փաստը, միայն վերջերս կես միլիոն մարդ Ամերիկայի Կոնգրես նամակներ էր ուղարկել: Ես չեմ սիրում քարոզել և չեմ սիրում քարոզողներին: Չեմ կարծում, որ քարոզելով կարելի է լավ արդյունքի հասնիլ: Աշխատանքը պետք է լինի համեստ, շատ նուրբ ու աննկատ տարվի: Այդ դեպքում կարելի կլինի ինչ-որ բան փոխիլ: Կարծում եմ, այսօր նուրբ ասված խոսքը կարող է մեծ քաղաքական էֆեկտ ունենալ: Մենք սփռում ենք մեր ուղերձները: Եվ դա շատ կարևոր ենք համարում:

– Հայաստանն ինչպիսի՞ն տեսաք:

– Դուն կապրես այստեղ, դուն էլ պիտի գիտենաս՝ ինչպիսին է այստեղի կյանքը: Ես երկրորդ անգամ եմ այստեղ գալիս, և իրավունք չունիմ դատել ձեր կյանքը կամ որևէ խորհուրդ տալ:

– Երևանը ուրա՞խ քաղաք է:

– Կարծում եմ, որ բոլոր քաղաքներն էլ գյուղերից ավելի տխուր կըլլան: Քաղաքի մարդիկ, որոնք բնությունից հեռու են, ավելի նյարդային ու մտազբաղ կըլլան: Ես նկատեցի, որ Երևանը սիրուն քաղաք է, Կիրովականն էլ է սիրուն: Երկուսն էլ փոքր, լավ քաղաքներ են:

– Հայաստանի համար ի՞նչը կարող է զարգացում համարվել: Մենք Ամերիկայի հզորությունն ու ուժը չունենք: Ի՞նչ է մեզ համար աճելը:

– Աճիլը, մեծանալը, զարգանալը կապ չունի մեծ շենքերի շինարարության հետ: Քաղաքի մեծանալը կազինոների ու հյուրանոցների կառուցումը չէ: Աճիլը մշակութային, հոգևոր բան մըն է: Հաջորդ անգամ որ Երևան գամ, այդպիսի հոգևոր աճ կուզեի տեսնիլ: Նորությունները պետք է լինեն ժողովրդի սրտերում, այլ ոչ թե շենքերի մեջ:

pizap.com14706665993371

– Ի՞նչն է սխալ Հայաստանում:

– Պետք է ուշադիր ըլլալ միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնք ոչ թե միայն փող են տալիս, այլ իրենց անելիքն ունեն: Ավելի շուտ օգնում է այն կազմակերպությունը, որը շատ լավ բաներ ու շատ կարճ ժամանակում չի խոստանում: Կառավարությունն ուզում է մեծացնել փողային ռեֆորմները, բայց դա շատ քիչ է:

– Զարգացման համար Սփյուռքի դերը մե՞ծ է:

– Զորավոր Սփյուռք ունինք, և միասին աշխատելով կարող ենք շատ բան անել: Բայց պետք է աշխատինք համեստ ու անկեղծությամբ: Այդ աշխատանքը կզորացնի Հայաստանը ավելի շուտ, քան այն, ինչ բոլորն ուզում են անել՝ Հայաստանը գցել Ամերիկայի ազդեցության տակ:

– Դուք ձեզ հայ զգո՞ւմ եք:

– Ես հայ եմ, ուզիմ թե չուզիմ, ես էդպես եմ զգում: Բայց կուզենայի, որ իմ աշխատանքով, կյանքով, իմ մյուզիքով լինեի և հայ, և ռուս, և սերբ, և թուրք, և շատ-շատ ուրիշ ազգեր: Կարիք չկա մեր մյուզիքի մեջ հայկական մեղեդիներ փնտրիլ, դա արդեն հայկական է, քանի որ մենք հայ ենք: Մենք երբեք չենք խառնում մեր գործը ու մյուզիքը:

– Համաձա՞յն եք, որ ժամանակակից մարդու կյանքից կորել է ինչ-որ բան փոխելու ցանկությունը:

– Մարդկանց այնքան է ձանձրացրել սեփական կյանքը, որ նրանց պետք է տեսնիլ, թե ինչպես են ապրում ուրիշները: Պետք է պարզապես դուրս գալ փողոց, կտրվել թելեվիզիոնից և ռեալ մարդկանց հանդիպիլ, խոսիլ նրանց հետ, ուզենալ հասկանալ նրանց: Պետք է սեփական կյանքով ապրիլ: Մենք առաջին հերթին դեմ ենք սահմանափակ մարդկանց, որոնք սկսել են ապրել ոչ թե ռեալ կյանքով, այլ վիրտուալ: Շատերն են հիմա մեռած կյանքով ապրում:Հայուհու հետ ամուսնանալը ձեզ համար ներքին պահա՞նջ է, թե՞ ազգությունը նշանակություն չունի:

– Կարիք չկա դրա մասին խոսիլ: Պետք չէ նմանվիլ ուրիշ երկրների որևէ դժբախտ պապարացիներին: Ամեն տեղ ինձ անձնական հարցեր են տալիս, ես դրանց երբեք չեմ պատասխանում: Մեկ բան կարող եմ միայն ասիլ. սերը ոչ դրոշակ ունի, ոչ սահման: Նույնն էլ` մյուզիքը: Հինգ ամիս մեր խումբը լարված աշխատել է, համերգներ ենք ունեցել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, նոյեմբերի 22-ին պետք է մեր նոր CD-ն դուրս գա: Ես եկել եմ Հայաստան հանգստանալու և բարեկամներիս տեսնելու համար:

– Դուք Հայաստանում ունե՞ք բարեկամներ:

– Ես չունեմ, ընկերներս ունեն: Բայց դուք նորեն անձնական հարցեր եք տալիս:

pizap.com14706666748761

– Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհի տարբեր անկյուններում ձեզ սիրեցին ու բազմաթիվ երկրպագուներ ու ֆան-ակումբներ ունեցաք:

– Բոլոր արվեստները համաշխարհային հարստությանն են պատկանում: Մարդը զգացող կենդանի է, և իր զգացմունքները բոլորինն են: Իսկ արվեստով զբաղվելու ուժը տիեզերքից է գալիս: Բախտավոր են այն մարդիկ, ովքեր այդ ուժից կարող են օգտվել: Ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ իմ արվեստն ու ուրախությունը կարողանում եմ կիսել բոլորի հետ:

– Հայ երիտասարդները շատ հպարտ են, որ «System of a down» հայկական արմատներ ունի:

– Ես էլ եմ հպարտանում հայ երիտասարդ-ներով:

Նունե Հախվերդյան

«3 Միլիոն»