Հարցազրույց Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հայկազ Նավասարդյանի հետ
– Պարոն Նավասարդյան, Բոլոնյան կրթական համակարգի անցնելուց հետո ոլորտում բարեփոխումները շարունակվում են, պետք է վերանայվեն ծրագրային, կադրային խնդիրները, և այլն: Ձեր կարծիքով՝ ներկայումս որո՞նք են կրթական համակարգի առաջնային խնդիրները, ու ինչի՞ց պետք է սկսել այս փուլի բարեփոխումները:
– Ընդհանրապես, տարիների ընթացքում կրթական համակարգը մշտապես փորձել ենք փոփոխել, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ ճիշտ ձևով չենք կատարում դա: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք կրթական համակարգին նայում ենք՝ որպես մեկ մարմին, ինչը լուրջ հակասությունների է բերում: Օրինակ՝ Հայաստանի 1400 դպրոցները ենթարկվում են նույն կարգերին։ Մինչդեռ, իմ խորին համոզմամբ՝ այդպես չպետք է լինի: Նույնը բուհական համակարգում է: Մենք անտեսում ենք այն փաստը, որը կրթական համակարգում որակը մղվել է շատ հետին պլան՝ և՛ հանրակրթությունում, և՛ բուհերում: Դրա համար էլ մենք այսօր բավականին լուրջ կադրերի կարիք ունենք՝ թե՛ դպրոցական մանկավարժության մեջ, թե՛ բուհական համակարգում: Եվ ստացվում է, որ ով էլ լինի, կկարողանա դասավանդել, դասախոսություն կարդալ, որովհետև նրանցից չի պահանջվում լուրջ արդյունք: Ստացվում է, որ մենք դարձել ենք վերահսկողներ, ստուգողներ, գնահատողներ, ինչ-որ տեղ՝ նաև գնահատականի միջոցով պատժողներ: Խոսքս ամբողջ կրթական համակարգի մասին է: Այսօր բավականին մեծ բացթողումներ ունենք, համապատասխան գիտելիքներ չունեցող և՛ աշակերտներ ենք տալիս, և՛ բուհերի շրջանավարտներ: Կարծում եմ, որ պետք չէ, որ բոլոր դպրոցները ենթարկվեն նույն օրենքներին: Կարևոր չէ նաև, որ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններից երեխան իրավունք ունենա իր ուսումը շարունակել բուհական համակարգում: Շատ երկրներում դպրոցները դասակարգված են։ Մենք հասկանում ենք, որ մեզ պետք են արհեստավորներ, այլ աշխատանք կատարող քաղաքացիներ, բայց արդյո՞ք պետք է նրանց բոլորին նույն ծրագրերով ու նույն ժամաքանակներով ծանրաբեռնել՝ դրանով ինչ-որ տեղ խոչընդոտելով լավ սովորողին: Եթե մարդը որոշել է զբաղվել, օրինակ, հող մշակելով, անասուն պահելով, և այլն, ապա դրա համար նրան որևէ կրթություն՝ բացի 9-րդ դասարանից, անհրաժեշտ չէ։ Պարտադիր չէ, որ հովիվը բարձրագույն կրթություն ունենա: Իսկ մենք այդ մարդկանց ասում ենք՝ եկեք 12 տարի այս թոհուբոհով, ծրագրով անցեք, որը բացասական է ազդում հանրակրթության ընդհանուր որակի վրա: Այնինչ, նման աշխատաշուկան լրացնելու համար պետք է մարդկանց ավելի հանգիստ պայմաններով, շատ թեթև ծրագրերով հանրակրթություն ապահովել: Հանրակրթություն ասելով՝ ես հասկանում եմ գրագիտություն, աշխարհաճանաչողություն, շփում մարդկանց հետ, հասարակագիտություն, հանրային միջավայրում մարդն ինչպես պետք է իրեն դրսևորի: Բայց դա բնավ պարտադիր չէ՝ թվանշանով կամ քննություններով լինի: Այդ առումով ես կառաջարկեի, որ լինեն 2 տեսակի ատեստատներ՝ ուղղակի վկայական միջնակարգ կրթություն ստանալու մասին՝ առանց որևէ գնահատականների, և երկրորդ տեսակի փաստաթուղթը, որտեղ քննությունները կան: Բնականաբար, այստեղ կրթության շարունակականությունը չի խախտվում, միշտ կարելի է հետագայում, թեկուզ՝ 30 և ավելի տարեկանում, գնալ, ԳԹԿ-ում հայտ ներկայացնել, քննություններ հանձնել և ընդունվել բուհ: Այսինքն՝ խնդիր չի դրվում, որ որևէ մեկը 2-րդ սորտի մարդ է և իրավունք չունի ստանալ ատեստատ կամ բարձրագույն կրթություն։
Այսօր մեզ մոտ այնպես է ստացվել, որ բոլորը ցանկանում են սովորել բուհում՝ շատ լավ հասկանալով, որ դրա մեջ աշխատատեղ չկա: Մի ժամանակ ասում էին, որ բուհը նաև նրա համար է, որպեսզի կրթական ցենզը բարձրանա, բայց հենց այնպես թվերով գրել, որ՝ այսքան բուհական շրջանավարտ ունենք, խնդրի լուծում չէ։ Ի՞նչ որակ է ապահովվում։ Եթե բարձրագույն կրթություն ունեցողների քանակը 60 % է, դա չի նշանակում, որ մեր հասարակության կրթական որակը բարձր է: Այդ տոկոսն իրականության հետ բոլորովին կապ չունի: Այդ պատճառով, կարծում եմ՝ մեր կրթական համակարգում անհրաժեշտ են որոշ փոփոխություններ։ Օրինակ՝ մեր դպրոցում և՛ ուսուցիչների ընդունելությունը, և՛ բոլոր ծրագրերը, առարկաները, քննությունները նույնն են, ինչ մյուս 1400 դպրոցներում: Բայց դա ճիշտ չէ։ Մեր դպրոցը լրացուցիչ 2-3 ծրագիր է իրականացնում, բայց ծանրաբեռնված լինելով մյուս առարկաներով՝ չենք կարողանում դրանց քանակը կամ ժամաքանակը շատացնել: Երեխան, ի վերջո, ֆիզիկապես ունի սահմանափակումներ, հնարավոր չի 40 ժամ դաս անել։ Գուցե 30 ժամը շաբաթվա մեջ արդեն շատ է մեր աշակերտների համար, քանի որ սովորողը նաև դասից դուրս պետք է սովորի։ Իսկ այսօր դպրոցներում ժամաքանակը հասնում է մինչև 34 ժամի: Կարծում եմ՝ այստեղից պետք է սկսել փոփոխությունը:
Իսկ բարեփոխված ավագ դպրոցի միջոցով կարելի է այդ հարցերը լուծել: Այսօր ավագ դպրոցները չպետք է լինեն այնպիսին, ինչպիսին կան:
– Ավագ դպրոցների ստեղծումը ճի՞շտ եք համարում, արդյունավե՞տ են դրանք:
– Նման ձևով ավագ դպրոցը չի կարող արդյունավետ լինել։ Մեր հասակակիցները սովետական կրթություն են ստացել, և այն ժամանակ շատ լավ բաներ կային։ Բայց ժամանակները փոխվում են, այժմ միայն գրագիտությունը բավարար չէ։ Ես կարծում եմ՝ հանրակրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով: Ավագ դպրոցը պետք է լինի միայն մասնագիտական, սպասարկման ոլորտ ապահովող, պետք է լինեն պրոֆտեխուսումնարաններ, այսինքն՝ միջին մասնագիտական կրթություն պետք է լինի: Այսօր նույն ուսումնարաններում, տեխնիկումներում նույն ժամաքանակն է դրված, որովհետև նրանք պետք է ապահովեն ատեստատի ծրագիրը: Սա ճիշտ չէ, որովհետև, եթե ես ցանկանում եմ 9-րդ դասարանից հետո խառատ կամ վարորդ աշխատել, ավագ դպրոցի ո՞ր ծրագիրն է, որն ինձ խիստ անհրաժեշտ է: Երբ 9-րդ դասարանով աշակերտի աշխարհայացքն արդեն ձևավորվել է, նրան ծանրաբեռնելու ի՞նչ իմաստ կա: Եթե ծանրաբեռնում ենք, ապա՝ ի վնաս որակի, որովհետև շատ ժամ պարապել՝ դեռ չի նշանակում՝ որակ, իսկ շատ դեպքերում հակառակն է, եթե դա զուտ մասնագիտացված դասարան, խումբ չէ: Մի մասի մոտ սովորելու ցանկությունը չկա, որովհետև դրա մասնագետը չէ: Եվ այս դեպքում ավագ դպրոցները պետք է լինեն զուտ մասնագիտացված, կամ հոսքային ուղղվածություն ունեցող դպրոցներ: Այսօր մենք վերացրել ենք բնագիտությունը: Մենք աշխարհում ինչո՞վ կարող ենք մրցունակ լինել։ Առաջին հերթին՝ դա բնագիտությունն է՝ մաթեմատիկան, ֆիզիկան, ինֆորմատիկան, քիմիան, կենսաբանությունը: Մնացած հարցերում մենք շատ դեպքերում լուծում ենք ազգապահպանման խնդիրներ՝ հայոց լեզու, գրականություն, հայոց եկեղեցու պատմություն, պատմություն, և այլն։ Բայց մենք աշխարհին դրանով չենք կարող ներկայանալ, կամ բարիք ստեղծել, երկիր հզորացնել, զարգացնել: Հետևաբար՝ այդ դպրոցները պետք է լինեն՝ ըստ հոսքերի։ Կամ՝ այսօր Հայաստանում հայոց լեզվի ու գրականության թեքումով դպրոց գոյություն չունի: Սա ճիշտ չէ: Պետք է դրանք լինեն, և այնտեղ էլ չպետք է անցնեն բնագիտական առարկաներ, մինչև 9-րդ դասարանն ինչ անցել են, բավարար է: Նրանք պետք է անցնեն համաշխարհային գրականություն, արևմտահայ գրականություն, գրաբար և այլն, եթե մենք ցանկանում ենք, որ այս հոսքից դուրս գան մեր ապագա Աղայանները, Աբեղյանները և այլք: Նույնը ցանկացած ոլորտում կարող եմ ասել: Այսինքն՝ ավագ դպրոցների ուսումնական պլանները պետք է իրապես տարբեր լինեն։ Իսկ մենք, օրինակ, ֆիզմաթում անցնում ենք ավագ դպրոցի բոլոր 12-14 առարկաները։ Բայց ապագա ծրագրավորողը, մաթեմատիկոսը, ինժեները չպետք է անցնի բոլոր առարկաները: Ընդ որում՝ մենք շատ հարցեր պատճենահանում ենք արտասահմանից, բայց այնտեղ ավագ դպրոցում ընդամենը 5-6 առարկա են անցնում: Մենք «արտադրում» ենք լայն մասնագետներ, բայց ի՞նչն է շահում։
– Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ գոնե քայլ առ քայլ գնում ենք դրան։
– Փորձում ենք անել, բայց քանի որ հանրությունը պատրաստ չի, շատ բաներ չի ստացվի։ Մեր հիմնական խոչընդոտներից մեկը, ոչ միայն կրթության ոլորտում, այն է, որ մեզ մի քիչ շատ դրեցինք ժողովրդավար երկրի տեղ, և շատ հարցերում ով ինչպես ցանկանում՝ այդպես էլ վարվում է, որը միշտ չէ, որ դրական արդյունք է ապահովում։ Օրինակ՝ այս տարի 755 հոգի դիմել է մեր դպրոց՝ 120 տեղի համար, և տարեցտարի դիմորդների թիվն ավելանում է, անցած տարի 700 էր։ Բայց այնպես չէ, որ մեր մոտ որակը շատ լավացրել ենք։ Ոչ։ 750 դիմորդը շատ լուրջ հոգս է, ամեն մեկին պետք է պատասխան տաս, բոլորի ցանկությունը հնարավոր չէ բավարարել։ Ծնողների մի մասը դիմել է նախարարություն, որ տեղերն ավելացնեն, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս, իսկ ծնողին դա չի հետաքրքրում, նա ուզում է, որ իր երեխան ընդունվի։ Բնականաբար, ընդունվում են 120-ը, 630-ից 500-ն իրենց չբավարարված են զգում, որովհետև երեխան պարապել է, և այլն։ Բայց խնդիրն այն է, որ այլընտրանք չեն տեսնում։ Իսկ ինչո՞ւ չպետք է լինեն նմանատիպ դպրոցներ։ Հեշտ չէ, արդյունքն անմիջապես չի լինի, բայց պետք է մտածել այդ ուղղությամբ և նմանատիպ դպրոցներ ստեղծել ամեն մարզում, ամեն քաղաքում կամ տարածաշրջանում և փորձել ապահովել համապատասխան որակ։ Դա առայժմ չկա։
Գայանե Խաչատրյան