Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան վերլուծականը:
Ռուսական 58-րդ բանակի 7-օրյա զորավարժությունները Հյուսիսային Կովկասում, որոնց մի մասը կանցկացվի նաև Հարավային Օսիայի տարածքում մեծ իրարանցում են առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև Ադրբեջանում…
Մինչ զորավարժություններ անցկացնելը ռուսական կողմը վերականգնեց նաև Հարավային Օսիայի խորհրդային ժամանակաշրջանի սահմանները, որի արդյունքում Բաքու-Սուպսա նավթամուղի մի մասը, որը 1999 թ-ից ադրբեջանական նավթը հասցնում է մինչև Սև ծովի ափին գտնվող վրացական նավահանգիստ, անցել է Ցխինվալի վերահսկողության տակ… Իսկ եթե ավելի ճիշտ, ապա նավթամուղի այդ մասը վերահսկվում է Մոսկվայի կողմից…
Պաշտոնական Մոսկվայի այս քայլերը պատահական չեն… ԱՄՆ-ի բավական ագրեսիվ հակառուսական քաղաքականությունը պարտադրում է Պուտինին գնալ գրեթե վա բանկ, քանի որ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սաստկացումը Մոսկվայի նկատմամբ բավական նվազեցնում է Արևմուտքի և ՌԴ-ի միջև բանակցություններում մանևրելու հնարավորությունները… Այդ իսկ պատճառով Պուտինն անցավ կոնկրետ գործողությունների… Բաքու-Սուպսայի մի փոքր մասը ռուսների վերահսկողության տակ է… Չնայած այն բանին, որ Թբիլիսիում հայտարարում են, որ դա ոչ մի նշանակություն չունի և նրանք մտադրություն չունեն որևէ գումար վճարել Հարավային Օսիային, որի տարածքով հիմա անցնում է նավթամուղը, իրականությունը լրիվ այլ է…
Մոսկվային այդ գրոշները չեն հետաքրքրում… Մոսկվան British Petrolium-ին պատկանող Բաքու-Սուպսա նավթամուղի որոշ մասի նկատմամբ վերահսկողություն սահմանելով նախազգուշացնում է ամերիկյան օրենսդիրներին և Թրամփին, որոնք մտադիր են էլ ավելի սաստկացնել ՌԴ-ի դեմ ընդունված պատժամիջոցները և արգելափակել Պուտինի համար ամենակարևոր ոլորտի՝ նավթագազային ոլորտի ռուսաստանյան կորպորացիաների աշխատանքը… Արդեն տվյալներ կան, որ Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նախազգուշացրել է Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս ձերբազատվի ռուսաստանյան «Լուկօյլ»-ի 10%-ից «Շահդենիզ» գազային պրոեկտում… Վաշինգտոնը նույնանման պահանջներ է ներկայացնելու բոլոր այն երկրներին, որոնց տարածքում գործում են ռուսաստանյան նավթագազային կորպորացիաները… Վաշինգտոնին մերժելու դեպքում ամերիկացիները սպառնում են պատժամիջոցներով… ԱՄՆ-ի կողմից Պուտինին այս միջոցով «պատին դեմ տալը» ստիպել է վերջինիս ակտիվանալ՝ զինավարժությունները համատեղել էլ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, որի միջոցով Վաշինգտոնի գործընկերներին ապացուցել, որ ամերիկացիները իրենց դաշնակիցների համար երբեք պատերազմի մեջ չեն մտնի ՌԴ-ի հետ ինչպես դա եղել է բազմիցս…
ՌԴ-ի այս քայլերը վախեցրել են Թբիլիսիին և Բաքվին, որոնք համարում են, որ Մոսկվան հիբրիդային պատերազմ է սկսել իրենց դեմ… Այս իրադարձությունների հետ մեկտեղ Թբիլիսիում ակտիվացել է «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը, որին վրացի ընդդիմադիրները և իշխանամետների որոշ մասը մեղադրում են ռուսամետ լինելու մեջ… Այս կուսակցության ներկայացուցիչները մի քանի օր էլ Մոսկվայում էին և բավական ակտիվ բանակցություններ էին վարում ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ՝ քննարկելով ռուս-վարացական հարաբերությունների կարգավորման ուղիները…
Ադրբեջանում էլ բավական նյարդայնացած են երկրի նախկին փոխվարչապետ Աբբաս Աբբասովի «ռեինկարնացիայից», ում ռուսական իշխանությունները շնորհավորել են հաջողակ ձեռներեց լինելու համար… Իլհամ բաբան դա համարել է իրեն ուղղված մեսիջ և ադրբեջանական մամուլմ արդեն սարսափահար նկարագրում է, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ալիևին խիստ քննադատության ենթարկող Աբբասովը ավելի ակտիվանա… Ադրբեջանում ավելի վախեցած են այն հանգամանքից, որ վրացիները կարող են չդիմանալ Մոսկվայի ճնշումներին և գնալ զիջումների Պուտինին… «Ռուսամետ կամ ռուսների կողմից օկուպացված Վրաստանը՝ նշանակում է Ադրբեջանի ռազմավարական նշանակության կտրուկ նվազում և մեծ վտանգ է, հատկապես, եթե հաշվի առնենք Ռուսաստանի և Իրանի միջև ձևավորվող դաշնային հարաբերությունները»,- եզրահանգել են Բաքվում…
Բաքու-Սուպսա նավթամուղի հետ կապված վերջին իրադարձությունները և ռուսական բանակի զորավարժությունները լիովին բացահայտեցին Բաքվի հակառուսական քաղաքականությունը…
Հետաքրքիր է, տեսնե՞ս Մոսկվայում Բաքվի լոբբինգն անող դուգինապրոխանովյամարկովյան խաժամուժը չի կարդում Իլհամ Ալիևի անձնական կաքյերում հրապարակվող նման հակառուսական հոդվածները… Համոզված եմ, որ իր դիրքերը տարածաշրջանում պահպանել ցանկացող Իլհամ Ալիևն առաջին իսկ անհրաժեշտության դեպքուն նույն ռուսներից գնած զենքը մեծ հաճույքով կուղղի նրանց դեմ. այն կտրամադրի Հյուսիսային Կովկասում գործող ահաբեկիչներին, որոնք ընդամենն այս պահին «քնած» են և իրենց հովանավորներից «արթնանալու» հրահանգի են սպասում…
Ժամանակին՝ առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ Իլհամի հայրը՝ Հեյդարը, Բորիս Ելցինին պատժելու և Ռուսաստանը կազմաքանդելու համար Ադրբեջանի տարածքը վերածել էր հյուսիսկովկասյան և այլ երկրներից Ռուսաստանում ակտիվ գործունեություն ծավալող ահաբեկչական կազմակերպությունների կենտրոնատեղիի…
Հ.Գ. Իրավիճակը տարածաշրջանում բավական սրվել է և մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի…