Տարիներ շարունակ հայ գիտնականները, մասնագետներն ու բնապահպանները տարբեր տեսանկյուններից ներկայացրել են «Lydian International»-ի (Լիդիան) Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վտանգավորությունը՝ պնդելով, որ այն չպետք է իրականացվի։ Բազմիցս նշվել է, որ այս անփորձ օֆշորային ընկերության ներկայացրած հետազոտություններն ու գնահատականներն այն մասին, որ բոլոր հնարավոր վտանգները կառավարելի են, ոչ միայն կասկած հարուցող են, այլև՝ իրականությանը չհամապատասխանող։ Խոսվել է նաև այն մասին, որ ՀՀ կառավարությունն ըստ էության չի իրականացրել սեփական մասնագիտական փորձաքննությունն, այլ ընդամենը հավատացել է Լիդիանի ներկայացրած փաստաթղթերում գրված ենթադրություններին՝ անտեսելով մնացած բոլոր առարկություններն ու անկախ մասնագետների հիմնավորումները։
Եվ ահա, հայ մասնագետներին են միացել նաև ոլորտի մի շարք միջազգային հեղինակավոր փորձագետներ, որոնք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացրել և արդեն իսկ ներկայացրել են այս ծրագրին վերաբերող մասնագիտական երեք տարբեր հետազոտությունների արդյունքները։ Այս երեք հետազոտությունների արդյունքները մեկ անգամ ևս հաստատում են տարիներ շարունակող հնչող այն պնդումը, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել, քանի որ Լիդիանի արած գնահատումները չափազանց թերի են, իսկ ՀՀ կառավարությունն ըստ էության անտեղյակ է մեր կարևորագույն ջրային պաշարներին սպառնացող անկառավարելի վտանգներին։
Որպես նախաբան ավստրալացի գիտնականները նշում են, որ թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) ամբողջ աշխարհում հանդիպող ամենամեծ բնապահպանական խնդիրն է, որին առնչվում են փակված և լքված հանքերում և հանքավայրերի վերականգման ժամանակ: Այն ենթադրում է անխուսափելի պատասխանատվություն ներկայիս և հետագա հանքարդյունաբերության համար, ինչպես նաև մարտահրավեր է ներկայացնում հանքային գործունեության ընդունելիությանը բնապահպանական և սոցիալական տեսանկյունից: ԹԱԴ-ի ազդեցության տակ հայտնված վայրերի վերականգնման ընդհանուր ծախսերի հաշվարկը ԱՄՆ-ում և Կանադայում միասին կազմում է տասնյակ միլիարդավոր դոլլարներ:
Այս ծանրակշիռ հետազոտությունները հերթական անգամ անհերքելիորեն ապացուցում են, որ Լիդիան Արմենիայի/Ինթերնեշընըլի կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հանրային դաշտ բաց թողնված տեղեկությունները մոլորեցնող են, չափազանց թերի և թաքցնում են նույնիսկ սեփական պատվերով արված հետազոտությունների կարևորագույն արդյունքները։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը շարունակաբար հղում է կատարում ընկերությանը և նրա ներկայացրած տեղեկություններին, երբ մտահոգ հանրությունը տվյալների ճշգրտման կամ փորձագիտական հավաստման մասին հարցումներ է ուղարկում կառավարությանը։ Ստացվում է, որ մասնավոր մի ընկերություն մեր ողջ հանրությանը կարողանում է պահել իր ապատեղեկատվության դաշտում, երբ վիճակն ավելի քան մտահոգիչ է, և սարսափելի աղետը քողարկված է, իսկ քողարկման քննադատությունը նույնպես պատշաճ չի քննարկվում։
Այս քողարկման հարցում մեծագույն պատասխանատվություն են կրում այս ընկերությունում շահաբաժին ունեցողները կամ ծրագրի ֆինանսավորողները (հատկապես հայազգի), Լիդիանի պատվերը կատարող հայաստանյան գիտական համայնքը, Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրող վերպետական կառույցները (Համաշխարհային Բանկ, ՎԶԵԲ և այլն), ինչպես նաև այլ պետությունների դեսպանությունները, մասնավորապես՝ ԱՄՆ և Միացյալ Թագավորության։ Մեծ պատասխանատվություն են կրում նաև Լիդիանի պատվերը կատարող և սեփական առաքելությունը ոտնատակ արած լրատվամիջոցները, իսկ ամենակարևորը՝ ՀՀ կառավարությունը, որն էկոլոգիական անվտանգությունը, հանրային շահն ու իր հաշվետվողականությանը հանրությանը ստորադասում է մասնավորի շահին։
Այնպես որ, Ամուլսարի հանքի շահագործումն ուղղակիորեն անթույլատրելի է Հայաստանի ներկայիս ռազմավարական պահանջների՝ մասնավորապես ջրային պաշարների պահպանման և բնակչության կենսաապահովման առաջնահերթությունների տեսանկյունից։ Ամուլսարի իրական վտանգների մասին տեղեկացվելու դեպքում Հայաստանի ժողովրդի մեծ մասը՝ այդ թվում անմիջական ազդեցություն կրող տարածքներում բնակվողները, կազմակերպելու են հզոր դիմադրություն։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Ամբողջությամբ՝ armecofront.net