«Օրեր»-ի շուրջ ձևավորվել է եվրոպահայ մտավորականության մի սերունդ. Եվրոպայի միակ արևելահայերեն ամսագրի խմբագիր. haydzayn.am
Advertisement 1000 x 90

«Օրեր»-ի շուրջ ձևավորվել է եվրոպահայ մտավորականության մի սերունդ. Եվրոպայի միակ արևելահայերեն ամսագրի խմբագիր. haydzayn.am

1999 թվականից Պրահայում հրատարակվում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը, որի հիմնադիրներն այնտեղ բնակվող հայաստանցի լրագրողներ Հակոբ Ասատրյանն ու Աննա Կարապետյանն են: Հենց միայն նրանց՝ ամսագրի երկու միակ աշխատակիցների ջանքերով է 18 տարի տպագրվում ամսագիրը, որին վերջին 8 տարին գումարվել է նաև համանուն կայքէջը: «Հայ Ձայն»-ի հետ զրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը պատմեց իրենց աշխատանքի մասին, նշելով, որ ՕՐԵՐ-ը Եվրոպայում հրատարակվող միակ արևելահայերեն մամուլի միջոցն էր, որը հիմնվել է անհրաժեշտաբար, քանի որ ինչպես Հակոբ Ասատրյանն է նշում, արևմտահայերեն պարբերականներ՝ թերթեր, ամսագրեր (որոնց թիվը տասը տարի առաջ մոտ 40 էր, այսօր նվազել է) շատ կային, բայց արևելահայերեն չկար: Արևելահայերենով հետագայում հրատարակվեց նաև Աթենքի «Հայաստանը»։

«Եվ որպեսզի անկախության տարիներին Հայաստանից Եվրոպա գաղթած մեր հայրենակիցները որևէ պարբերական ունենան, հիմնեցինք ամսագիրը։ Դա այնպիսի մի ժամանակ էր, որ նույնիսկ արբանյակային հեռուստատեսություն չկար, կայքէջեր չկային և շատ դժվար էր լրատվություն ստանալ ոչ միայն Հայաստանի, այլև՝ եվրոպահայության մասին առհասարակ: Մեր նպատակն է ոչ միայն եվրոպահայությանը տեղեկացնել եվրոպական համայքներում տեղի ունեցող իրադարձությունների, սպորտի, մշակույթի, տնտեսության, քաղաքականության մեջ նշանակալի դեր ունեցած հայերի, նրանց հաջողությունների մասին, այլև միաժամանակ ներկայացնել կարևոր լուրեր՝ Հայաստանի և Եվրամիություն-Հայաստան կապերի մասին: Այս շրջանակներում մենք շարունակում ենք մեր աշխատանքը, իսկ վերջին հինգ-վեց տարիներին էլ, երբ ավելի աշխուժացրինք մեր օնլայն կայքէջը՝ orer.eu-ն, ավելի անմիջական դարձավ կապն ընթերցողի հետ»,-նշեց Հակոբ Ասատրյանը, ներկայացնելով նաև «Գյուլբենկյան» հաստատության հովանավորությամբ «Օրեր» ամսագրի ծրագիրը, որ նվիրված է Եվրոպայի հայկական համայնքների պատմությանը, ներկային ու ապագային: Նպատակ կա հետագայում բոլոր այդ նյութերը, որոնք նաև կայքէջում են զետեղվում, ամփոփել և ստանալ Եվրոպայի հայերի մասին մի գիրք:

Հակոբ Ասատրյանը ներկայացրեց նաև կայքէջի ընթերցողներին, որոնց աշխարհագրությունը շատ լայն է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Ճապոնիայից մինչև Եվրոպա, Ռուսաստան, մեծ թիվ են կազմում նաև ընթերցողները՝ Հայաստանից:

«Օրերի շուջը ձևավորվել է եվրոպահայ մտավորականութան մի սերուցք, որը բավականին հարգալից կեցվածք ունի, կապված է ամսագրին, կայքէջին: Իհարկե, կայքէջի գոյությունն ինչ-որ տեղ խանգարում է տպագիր տարբերակին, բայց ես հավատում եմ, որ տպագրի դերը դեռ չի ավարտվել, սերունդ կա, որ ուզում է տպագիր տարբերակը ունենալ և այն մարդիկ, որոնց մասին գրում ենք, նաև տպագիր տարբերակն են փնտրում: Տպագիր տարբերակի մի մասը որոշ կարևոր հաստատությունների և գրադարանների անվճար ուղարկում ենք, միակ նման կառույցը, որ ամեն տարի բաժանորդագրվում է ՕՐԵՐ, Բրիտանական գրադարանն է, իսկ Լոս Անջելեսի համալսարանից մինչև Նուբարյան թանգարան, մինչև Բեյրութ, Էջմիածին և Վիեննա և այլ հայկական կենտրոններ բոլորին մենք անվճար ուղարկում ենք: Հայաստանի վեց կարևոր գրադարաններ ստանում են մեր պարբերականը»-

ամսագրի տարածվածության մասին խոսեց գլխավոր խմբագիրը: Ինչ վերաբերվում է ամսագրի նյութական միջոցներին, նրանք գոյանում են գովազդների, նվիրատվությունների, ՀԲԸՄ-ի հետ վերջինիս մշակութային միջոցառումները լուսաբանելու միջոցով, սակայն ըստ խմբագրի, իհարկե, նորմալ խմբագրական աշխատանքի համար ստացվող գումարները բավարար չեն: Տեղեկացանք նաև, որ «Օրեր» ամսագիրը տարբեր երկրներում իր ունեցած կապերի և գործընկերների միջոցով է ստանում իր լուրերն ու նյութերը, իսկ ամսագրի հաջողությունը գլխավոր խմբագիրը համարում է նաև այն, որ պարբերականը կուսակցական չէ, ինչի համար էլ վստահություն է ձեռք բերել: «Մենք որևէ մեկի քաղաքական շահերը չենք պաշտպանում, և դա շատ կարևոր է, որպեսզի ընթերցողը ճիշտ պատկերացնի, թե ինչ է կատարվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններոմ և ով ինչ դեմքով է ներկայանում»,-մեր զրույցի ժամանակ ասաց Հակոբ Ասատրյանը:

haydzayn.am