Life.panorama.am-ն իր անկեղծ զրույցի շարքով շարունակում է մուտք գործել հայտնիների կյանքի թաքուն անկյուններն ու խոսել դեռևս չբարձրաձայնված հարցերի մասին: Մեր բաց ու թափանցիկ զրույցի հերոսուհին այս անգամ հաղորդավարուհի Լիլիթ Հակոբյանն է, ով վարում է Asekose.am կայքի «CV» հաղորդումը, որն էլ եթեր է հեռարձակվում ԱրմՆյուզ հեռուստաընկերությամբ:
Մանկությանս ամենավառ հիշողությունները…
Այն երջանիկներից եմ, ով իսկապես կարող է ասել, որ ունեցել է բացառիկ անհոգ և ուրախ մանկություն։ Դժվարանում եմ այդ ամենից որևէ բան առանձնացնել, որովհետև այնքան շատ և անմոռանալի հիշողություններ ունեմ՝ սկսած բակային՝ այն ժամանակների համար այդքան արդիական «հալամուլա»-ից մինչև ավանդական տիկնիկներով խաղերը։ Թերևս, վերջին սերունդն էինք, ովքեր սիրում էին բակային խաղերը, թեպետ այլընտրանք էլ չունեինք, ինչն այսօր ունեն ներկայիս սերնդի երեխաները, բայց, միևնույն է, մեր մանկությունը և մեր առօրյան շատ ավելի իրական էր… Վերադառնալով մանկության հիշողությանը՝ պետք է առանձնացնեմ Ամանորի նախօրեի ուրախ ավտոբուսը: Պապիկս տեղեկացել էր, որ Երևանում կա նման ավտոբուս, որում կային՝ այն տարիների համար այդքան անսովոր զվարճալի հերոսներ։ Ամանորին հաշված օրեր էին մնացել, սակայն պապիկիս համառության և մեկ օր այդ ավտոբուսի հետևից գնալու շնորհիվ՝ մեզ դա հաջողվեց։ Մի քանի ժամ պարզապես շրջում էինք այդ ուրախ ավտոբուսով՝ մինչ ես մյուսների հետ երգում և «Մակառենա» հայտնի պարն էի կրկնում։ Հատկանշականն այն է, որ մինչ վայելում էի այդ ամենը, ծնողներս իսկապես անհանգստացել էին, քանի որ մեկ ամբողջ օր ինձնից և պապիկից տեղեկություն չունեին, իսկ բջջային հեռախոս որևէ մեկը չուներ։ Գուցե այս հիշողությունն այսօրվա երեխաներին նույնիսկ ձանձրալի կթվա, սակայն այն իսկապես ջերմացնում է ինձ և ստիպում կարոտել այդ անհոգ օրերը:
Եկա, որովհետև…
Եկա, որովհետև պետք է գայի։ Սա առաջին միտքն է, որը, գուցե, պարզունակ է, սակայն հարցը կարդալուց անմիջապես հետո ունեցա, իսկ հոգեբանները պնդում են, որ մենք ամենաանկեղծն ենք հենց առաջին արձագանքի ժամանակ։ Խորապես համոզված եմ, որ յուրաքանչյուրս էլ հենց այնպես չենք լույս աշխարհ գալիս, իհարկե, բոլորին չի տրվում օրինակ՝ գերպետություն ղեկավարելը կամ համաշխարհային աստղ դառնալը, սակայն բոլորն էլ ունեն հաջողության հասնելու հնարավորություններ, պարզապես պետք է բացահայտեն դա՝ համառ աշխատանքի շնորհիվ։ Հաջողությունը հենց այնպես տրվում է եզակի մարդկանց, դրա համար պետք է պայքարել։ Ես չգիտեմ, թե ինչու եմ եկել, բայց գիտեմ, թե ինչպես պետք է գնամ։ Ցանկանում եմ, որ տարիներ անց «Լիլիթ Հակոբյան» անուն-ազգանունը շատերին ինչ-որ մի բան ասի։ Ամենևին նկատի չունեմ փառքն ու փողը, թեպետ դրանք էլ չեն խանգարի։ Երազում եմ, որ իմ անուն-ազգանունը լսելիս մարդիկ ասեն, որ իսկապես կայացած և օրինակելի մեկն է՝ բոլոր հարցերում։ Եթե տարիներ անց այդպես չլինի, կհամարեմ, որ եկա, սակայն ձախողվեցի։ Բայց լավատես եմ և հավատում եմ, որ ամեն բան լավ է լինելու. Սա դեռ սկիզբն է:
Ճակատագրական կետ…
Չեմ կարծում, որ իմ կյանքում եղել է նման ճակատագրակ կետ, որը կարող եմ ասել, որ փոխել է կյանքս։ Ըստ իս՝ դա ավելի շատ կարող է վերաբերել գլոբալ փոփոխություններին, օրինակ, երբ կյանքդ կապում ես մեկի հետ կամ երեխա ես ունենում։ Իմ պարագայում, թերևս, նման ճակատագրական կետ դեռ չի եղել, սակայն որոշակի առումով դա կարելի է համարել մասնագիտական ընտրությունը,. այսօր այն եմ, ինչ կամ, որովհետև տարիներ առաջ որոշեցի, որ պետք է լրագրող դառնամ։ Առհասարակ, իմ կարծիքով՝ կյանքը ճակատագրական կետերից բաղկացած շղթա է, չէ՞ որ ընդամենը մեկ հանդիպումը կարող է փոխել ամբողջ կյանքդ:
Հիշում եմ ու տխրում…
Հիշում ու տխրում եմ, որ շատ ժամանակ եմ բաց թողել… Ընդամենը 27 տարեկան եմ, բայց երբեմն ինձ թվում է, որ կյանքիցս մի հատված կորցրել եմ, թեպետ դա միայն իմ կարծիքն է, բոլորն ինձ ասում, որ դա այդպես չէ… Իրականում պարզապես ծայրահեղ և հակասական մարդ եմ, երբեմն ինձ ամեն ինչ շատ քիչ է թվում և չի բավականցում, երբեմն էլ ճիշտ հակառակը՝ ամենաչնչին բանն էլ կարող է ուրախացնել։ Փառք Աստծո, մեծ հիասթափություններ չունեմ, պարզապես երբեմն հիշում ու տխրում եմ, որ այս կամ այն հարցում բավարար կամքի ուժ չեմ դրսևորել, թույլ եմ եղել, սակայն դա այլևս անցյալ է…
Հիշում եմ ու ժպտում…
Երբ, որևէ լավ իրադարձություն է լինում և ինձ շրջապատող մարդիկ իսկապես ուրախանում են ինձ համար։ Ինչ խոսք, ուրախությունը կեղծելը բարդ է և այն փաստը, որ այս աշխարհում ընտանիքիս անդամներից բացի կան մարդիկ, ովքեր իմ որևէ հաջողությամբ կարող են ուրախանալ ինձնից առավել, ուրեմն՝ամեն ինչ լավ է, ես միայնակ չեմ։ Այնքան կարևոր է, երբ ունես մարդիկ, ում կարող ես զանգահարել և մտահոգությունից բացի կիսվել նաև ուրախությամբ։ Վերջին շրջանում հաճախ եմ այս մասին հիշում ու ժպտում:
Ափսոսում եմ, զղջում, որ…
Այս կյանքում ամենից շատ չեմ հավատում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ իրենք երբևէ ոչնչի համար չեն ափսոսում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես ափսոսում եմ շատ մտքերի, երբեմն սխալ պահվածքի, երբեմն սխալ գործողությունների համար… Միաժամանակ, կարծում եմ, որ ափսոսալն անիմաստ է, անցյալն այլևս հետ չես բերի, մնում է՝ նորից նույն սխալը չկրկնել, որպեսզի կրկին չզղջաս… Եթե չես կարող փոխել իրավիճակը, պետք հարմարվես իրավիճակին կամ այլընտրանք գտնես։ Սա ներդաշնակության հասնելու ամենապարզ բանաձևն է։
Վստահ եմ…
Կար մի շրջան, երբ առավել հակված էի հավատալ ճակատագրին, ինձ թվում էր, թե ամեն ինչ հստակ գրված է և, որոշակի առումով, ընդամենը դեր ենք խաղում։ Ներկայումս այլևս այդպես չեմ մտածում, գուցե ճակատագրական հանդիպումը, մահը և նմանատիպ այլ բաներ լինում են, որովհետև այդպես պետք է լիներ, սակայն վստահ եմ, որ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք ենք մեզ ստեղծում, մեզ սիրում, երբ արժանանում ենք դրան, մեզ հարգում են կրկին նույն տրամաբանությամբ, վստահ եմ՝ մենք այն ենք, ինչին ձգտում ենք, եթե մի բան չի ստացվում, ուրեմն՝ լավ չենք աշխատել։
Նպատակ ունեմ…
Նպատակներիս մասին չեմ սիրում խոսել, որովհետև գուցե այդ պահին դրանք որևէ մեկի համար շատ ծիծաղելի կարող են թվալ։ Ինձ հաճախ են ասում, որ նպատակասլաց մարդ եմ, իրականում ես էլ եմ հակված այդպես մտածել, որովհետև ապրածս դեռ ոչ այնքան երկար կյանքն ինձ ապացուցել է, որ եթե որևէ մի բան ինձ համար իսկապես դարձել է նպատակ, դրան հասել եմ, քանի որ մտածել եմ, որ հետ դարձի ճանապարհ չկա։ Ներկայումս էլ ունեմ մի քանի նպատակներ, որոնք անպայման պետք է իրագործեմ, իսկ մինչ այդ ինքս ինձ անընդհատ կրկնում եմ՝ դու կարող ես։
Չասացի կներես ու…
Եթե կարիքը եղել է, միշտ ասել եմ՝ կներես։ Երբեմն նույնիսկ շատ ավելի շատ, քան պետք էր։ Իսկապես երջանիկ եմ, որ այդ առումով որևէ զղջում չունեմ, ընդ որում՝ երբեք չեմ ասում կներես հենց այնպես, որովհետև այդպես է պետք… Եթե դա ասում եմ, ուրեմն՝ զգում եմ, բայց, առհասարակ, գործողությունների կողմնակից եմ, բառերն ընդամենն օգնության կարող են գալ, բայց ոչ ավելին:
Կարոտում եմ…
Հաճախ եմ կարոտում անցյալը, փոքրիկ ապրումները, որոնք այլևս չես կարող կրկնել, կարոտում եմ իրավիճակները, երբ նույնիսկ չես էլ գիտակցել, թե որքան երջանիկ ես։ Ընդհանուր առմամբ, կարոտը տխրեցնում է, երբեմն մեկ հին լուսանկարը կարող է ամբողջովին փոխել ներաշխարհդ… Փորձում եմ ապրել ներկայով, անցյալը և կարոտը հաճախ են խանգարում մարդուն առաջ գնալ և վայելել պահը:
Սիրում եմ…
Եթե խոսքը կնոջ և տղամարդու սիրո մասին է, ապա չեմ սիրում։ Եթե, առհասարակ, սիրո, ապա սիրում եմ, այն էլ՝ շատ։ Սիրում իմ կյանքը՝ իր բոլոր դժվարություններով, բոլոր այն պահերով, երբ ինձ թվացել է, որ ավելի վատ չէր կարող լինել և հակառակը, երբ ամենափոքր բանից ասել եմ՝ «այ սա է երջանկությունը», իսկ ընկերներս ծիծաղելով պատասխանել են՝ «իհարկե, ոչ»: Սիրում եմ նույնիսկ այս պահը, երբ գրեթե մեկ օր է, ինչ մեզ պահում են Եգիպտոսի մեզ համար անծանոթ հյուրանոցներից մեկում և անգամ չգիտենք, թե երբ ենք կարողանալու տուն վերադառնալ, երբ մեր թռիչքը հետաձգում են և փոխարենը՝ ոչինչ հստակ չեն ասում։ Ընդամենը մի քանի ժամ առաջ միայն ինձ հատուկ ծայրահեղությամբ ինձ թվում էր, թե վերջ՝ կյանքն այլևս ավարտվել է, ստիպված եմ կյանքիզ մյուս հատվածն անցկացնել Եգիպտոսում, բայց դա ընդամենը վայրկյաններ էին։ Առհասարակ, պետք է ցանկացած հարցի սիրով և լավ լիցքերով մոտենալ, հակառակ դեպքում՝ ամեն ինչ շատ ավելի վատ է լինում, քան կարող էր լինել…
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…
Կուզեի անփոփոխ թողնել այն ամենը, ինչ ունեմ։ Պարզապես կուզեմ այդ ամենից զատ, ինձ նոր հնարավորություններ տրվեն, որոնք չեմ ձախողի։ Ես չեմ ուզում հեշտ ճանապարհներ, ուզում եմ ընդամենը բաց չթողնված և չանտեսված հնարավորություններ, ճակատակագրական հանդիպումներ… Ինչ վերաբերում է փոփոխելուն, ապա կուզեի մի փոքր ավելի ռիսկային և ուժեղ լինել։ Դա երբեմն ինձ խանգարում է, իհարկե, կան դրվագներ կյանքում, որ կուզեի ջնջել և նորից սկսել, բայց դա էլ նման է ափսոսանքի, երբ ամեն ինչ զուր է, որովհետև ոչինչ չես փոխի։
Գնում եմ դեպի…
Գնում եմ դեպի մի նոր կյանքի փուլ, դեպի նոր նպատակներ, նոր ցանկություններ, ինչու ոչ՝ նոր մարդկանց առկայություն, սակայն մեկ պայմանով՝ ինձ արդեն հարազատ մարդիկ երբեք չպետք է բացակայեն այս նոր կյանքից։ Որքան էլ՝ տարօրինակ է, բայց ես սիրում եմ շատերի կողմից անտանելի համարվող երկուշաբթին, այն, կարծես, ինձ ուժ է տալիս, որ սա մի նոր կյանքի սկիզբ է։ Գուցե, այս ամենը ծիծաղելի է, բայց ինձ այդպես ապրելն ավելի հարմարավետ է։
Պայքարել եմ, որ…
Չեմ պայքարել, որովհետև եթե մի բանն արդեն ուրիշինն է կամ էլ կարող է լինել նրանը, և դրան հասնելու համար պետք է պայքարես, ապա ավելի լավ է քեզ համար մի նոր տարբերակ գտնես։ Այդ տեսակ պայքարն ինձ համար չէ, եթե կարող ես, ապացուցիր, որ լավագույնն ես, բայց դա չի նշանակում, որ դու պայքարում ես։ Չեմ սիրում բացասական բառեր, քանի որ հավատում եմ, որ մտքերը և բառերն ուժ ունեն, պետք է զգուշանալ դրանցից։
Հպարտ եմ ինձնով, որովհետև…
Կյանքի տարբեր ժամանակահատվածներում փոխվում են նաև մեր մոտեցումները հպարտության առարկաների հանդեպ։ Փոքր տարիքում կարող ենք հպարտանալ, որ բակի ամենալավ «բռնոցի» խաղացողն ենք, սակայն ցավով պետք է խոստավանեմ, որ նման հարցերում երբեք լավագույնը չեմ եղել։ Կյանքիս այս փուլում ամենաշատը հպարտանում եմ, երբ ինձ հարազատ մարդիկ և ոչ միայն, ասում են, որ հպարտանում են ինձանով։ Նման պահերին ես ամենաերջանիկն եմ, հուսամ՝ խոսքերս չեն ընկալվի որպես ինքնասիրահարվածության դրսևորում։ Վերջերս, երբ զրուցում էի մայրիկիս հետ, նա ասաց, որ հաճախ չի կարողանում զգացմունքներն արտահայտել, բայց շատ է հպարտանում ինձանով, այդ պահին հասկացա՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում։
Վախենում եմ…
Վախենում ինչպես մենակությունից, այնպես էլ միայնակ մնալուց։ Այս ցուցակին կարող եմ ավելացնել նաև տարբեր պատճառներից ելնելով՝ ինչ-որ մի բան չհասցնելուց։ Խոսքը վերաբերում է և աշխատանքային գործունեությանը, և անձնական կյանքին։ Վախերից խոսելը սխալ է, քեզ դարձնում ես ավելի խոցելի, բայց, միաժամանակ, վախի սպասումը շատ ավելի վատ է, քան հենց այն երևույթը, ինչից վախենում ենք…
Երազում եմ…
Երազում եմ, որ վախերս երբեք էլ իրականություն չդառնան, իսկ նպատակներս այնքան ուժեղ լինեմ, որ հերթով իրագործեմ։ Ես երբեք չեմ ունենում անիրական երազանքներ, իմ երազանքները մեծ են, սակայն գիտեմ, որ դրանք պետք է իրականություն դառնան:
Կգա մի օր ու ես…
Կգա մի օր ու ես էլ կծերանամ՝ ինչպես բոլորը, սակայն հույս ունեմ, որ միշտ կողքիս կլինեն մարդիկ, ովքեր կկիսեն իմ ուրախությունները, հաղթանակները, վերելքները և վայրէջքները։ Իսկ ես էլ իմ հերթին կկարողանամ ապրել այն բանաձևներով, որոնց մասին խոսում էի։
Շնորհակալ եմ…
Վերջին շրջանում նկատել եմ, որ աղոթելիս միշտ սկսում եմ շնորհակալությամբ, դա անում եմ, որովհետև սկսել եմ շատ խորհել կյանքի մասին և գնահատել այն, ամենը, ինչ ունեմ։ Իսկապես շնորհակալ եմ այս կյանքի համար… Այս ամենը հասկանալու համար ժամանակ էր հարկավոր, իսկ առջևում նոր կյանք է, որում հուսամ շատ առիթներ կունենամ շնորհակալ լինելու համար։