Շոգ եղանակային պայմաններում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է սննդային թունավորումները: Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի համոզմամբ՝ սննդաթունավորումն անորակ սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումն է: Նրա խոսքով՝ սննդաթունավորման ախտանիշներից են ընդհանուր թուլությունը, փսխումը, սրտխառնոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, աղիների գործունեության խանգարումները:
«Սննդամթերքը կարող է լինել ժամկետի մեջ, բայց ոչ պիտանի լինել օգտագործման համար: Այդ իսկ պատճառով՝ պետք է ուշադրություն դարձնել սննդամթերքի համին, հոտին, գունային ցուցանիշին, ինչպես նաև պետք է համոզված լինել, որ պատրաստվելիս սննդամթերքն անցել է համապատասխան մշակում, և պաշտպանված են եղել հիգիենայի կանոնները»,- նշեց բանախոսը:
Մասնագետը խորհուրդ տվեց ավելի շատ սնվել բանջարեղեններով: Նրա համոզմամբ՝ ցանկալի է ուտել մրգերը, բանջարեղենն օրվա առաջին կեսին՝ մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ դրանք ունեն հոգնեցնող հատկություն: Իսկ ժամը 15:00-ից հետո կարելի է օգտագործել այն ամենը, ինչ օգտագործվում է առօրյա սննդակարգում, բայց քիչ-քիչ չափաբաժիններով, որպեսզի դյուրամարս լինի:
Մարիաննա Մալխասյանի դիտարկմամբ՝ ռիսկային խմբում են հղիները, մանկահասակ երեխաները, տարեցները: Բժիշկ-գաստրոէնտերոլոգը նշեց, որ, եթե ռիսկային խմբերի մոտ հանդիպում են այս սիմպտոմները, անհապաղ պետք է դիմել մասնագետի՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Իսկ եթե անհատը չի մտնում ռիսկային խմբի մեջ, կարելի է 24 ժամ համբերել, այնուհետև կազմակերպել համապատասխան օգնություն:
«Եթե տնային պայմաններում դիտվում է սննդային թունավորում, կարելի է օգտագործել ակտիվացված ածուխ ու 3 և ավելի լիտր ջուր: Թունավորումների ախտանիշերի պարագայում հակացուցված է օգտագործել ալկոհոլ, ինչպես նաև պետք է խուսափել ձմերուկից, կաթից, սնկից, բնականաբար, նաև կոնսերվացված սնունդից»,- ասաց Մարիաննա Մալխասյանը:
Նրա խոսքով՝ տնային պայմաններում պատրաստված ապուրները, աղցանները 3-րդ օրն արդեն ցանկալի չէ կիրառել:
Անի Թորոսյան