«Առավոտ»-ը գրում է, որ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախօրեին հարցաքննվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի հորաքույրը՝ Լիդա Մկրտչյանը: Նա Արմավիրի դպրոցի պատմության նախկին ուսուցչուհի է:
«Քննիչին ամեն ինչ ասված է, ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին, որովհետև ամեն անգամ մի հարցի պատասխանելով՝ հոգեկան ծանր տրավմա եմ տանում: Այդ տղան (նկատի ունի սպանված խորհրդականին-խմբ.) նեռն էր, որ երկրի երես էր իջել, նրան սատանան էր ուղարկել այս ժողովրդի համար, ամբողջ ժողովուրդը պրծավ նրանից, ափսոս, որ էս խեղճ, տանջված աղջկան (նկատի ունի խորհրդականի կնոջը- խմբ.) բան եղավ»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լիդա Մկրտչյանը:
«Տիկին Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի հայրն էլ ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել, ի պատասխան՝ ասաց. «Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմանում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին, անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լինում, եթե կրակը չկա»: Մանուկ Սիմոնյանի հորաքրոջ որդին՝ Սամվելը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի հորը վերագրվող արարքին՝ ասաց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առաջին անգամ եմ լսում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:
Լիդա Մկրտչյանի պատմելով՝ Ռազաննա Մկրտչյանը փորձել է ամուսնալուծվել Մանուկ Սիմոնյանից, բայց. «Հետո նա եկել է, խաբել է, համոզել է, տարել է: Ես չեմ կարող ասել՝ ինչից էին ամեն օր վիճում, նա շիզոֆրենիկ է եղել, առանց պատճառի էլ էր վիճում: Մեր աղջիկը ամեն ինչ թաքցրել էր մեզանից՝ ասելով, թե հայրիկի անունը չխայտառակվի, հիմա հայրիկի անունն ավելի չխայտառակվե՞ց»:
Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի հայրն Արմավիրում հայտնի է, որպես վաստակաշատ բժիշկ, նրա անունով է անվանակոչված Արմավիրի բժշկական կենտրոնը»,-գրում է թերթը: