Բանանային կրքեր. գործարարի սառնարանների վրա ծծմբական թթու են լցրել
Advertisement 1000 x 90

Բանանային կրքեր. գործարարի սառնարանների վրա ծծմբական թթու են լցրել

Հայաստանի բանանի շուկայում կրքերը թեժանում են։

Ինչպես տեղեկացրել ենք, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանն իր ընկերների հետ նախորդ տարվա վերջից սկսել է բանան ներմուծել։ Հերթական խմբաքանակը Հայաստան էր հասել վերջերս։

Վ. Միրաքյանն այսօր ֆեյսբուքի իր էջում նշել է, որ բանանի պահման համար նախատեսված իրենց սառնարանների վրա գիշերը ծծմբական թթու են լցրել։

«Չգիտեմ՝ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան», – գրել է Վահրամ Միրաքյանը։

Նա նաև ավելացրել է, որ կատարվածի մասին ահազանգել են ոստիկանություն։ «Այս պահին ծծմբական թթուն շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան», – գրել է Վ. Միրաքյանը։

Լուսանկարը՝ Վ. Միրաքյանի ֆեյսբուքյան էջից