Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ Աստվածածնի վերափոխման տոնը մեր իրականության մեջ արժևորվում է խաղողի օրհնությամբ, քանի որ, ավանդույթի համաձայն՝ խաղողը հենց այն պտուղն էր, որը օրհնվեց Աստծո կողմից և պատիվ ունեցավ իր հյութով ներկայանալ՝ որպես Աստծո կենարար արյունը: «Աստվածածնի կերպարը քրիստոնեական աշխարհում մեծագույն սրբի կերպարն է: Ցակացած տոն, որ կապված է Աստվածածնի հետ, սիրելի է, առավել ևս՝ այս տոնը, որը բացի տոնական տրամադրությունից՝ իր օրը լցնում է նաև ժողովրդական ավանդույթներով՝ կապված խաղողն օրհնելու հետ:
Եկեղեցական բոլոր տոներին, և հատկապես՝ Աստվածածնի վերափոխման տոնին մարդկանց վրա երկնքից բարություն է իջնում: Այն ամենը, ինչ որ կապված է Քրիստոսի հետ, մարդկանց ուրախացնում է և պարգևում ժպիտ»,- ասաց քահանան: Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը ներկայացրեց նաև տոնի պատմությունը. Աստվածածինը խաչելությունից հետո ապրում էր Հովհաննես Ավետարանչի տանը:
Այն օրից, երբ Քրիստոսն իր մորն ասաց՝ «ահավասիկ քո որդին»՝ մատնանշելով Հովհաննեսին, և Հովհաննեսին ասաց ՝ «ահավասիկ քո մայրը», Հովհաննեսն Աստվածածնին տարավ իր տուն՝ բնակվելու:
Առայսօր Երուսաղեմում այդ տան տեղում կառուցված է եկեղեցի, որը հենց Աստվածածնի ննջելու վայրն է: Տարիներն անցնում են, և Աստվածածինը ստանում է ավետիս. նույն այն հրեշտակապետը, ով նրան ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, ավետեց նաև որդու տեղափոխվելու լուրը: Մահվան օրվա կապակցությամբ հրեշտակապետն ընծայում է Աստվածածնին բրաբիոն ծաղիկը, որը միայն դրախտում է աճում:
Դրանից էլ Աստվածածինը հասկանում է, որ մոտեցել են այս աշխարհից հեռանալու իր օրերը: Նա հավաքում է բոլոր աշակերտներին և հորդորում է Աստծո խոսքը տարածել: Այնուհետև մի տախտակ է վերցնում, մոտեցնում է դեմքին, և իր պատկերն է արտացոլվում այնտեղ: Դրանից հետո ասում է. «յուրաքանչյուր ոք, ով այս պատկերին մոտենա երկյուղածությամբ և աղոթի, ամեն տեսակի ցավերից կբուժվի»:
Այնուհետև Աստվածածինը ննջում է: Նրան դնում են քարայրում և փակում են:
Արարողությանը ներկա չեն գտնվում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Երբ նրանք այդ լուրն իմանում են, շատ են տխրում և ցանկություն են հայտնում նրան վերջին անգամ տեսնելու: Երբ քարը բացում են, այնտեղ տեսնում են դատարկ գերեզմանը, որով և հասկանում են, որ Աստվածածինը վերափոխվել է երկինք: Այդ ընթացքը եկեղեցում անվանվել է վերափոխում, այսինքն՝ երկրից վերափոխվեց երկինք: Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը նաև նշեց, որ Աստվածածնի վերափոխման տոնին մեծ ավանդույթ կա ուխտագնացություն կազմակերպել Աստվածածնի անունը կրող բոլոր եկեղեցիներ: Վերջինիս խոսքով՝ այդ օրերին Երևանում ավելի մարդաշատ է լինում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Նորք-Մարաշ համայնքում:
Բոլոր եկեղեցիներում նույն ժամին պատարագ է մատուցվում, որի ավարտին նաև օրհնվում է խաղողը, ընթերցվում է աղոթքը, և այնուհետև այդ խաղողը բաժանում են ժողովրդին:
Անի Թորոսյան