Իսպանական պարբերականներից մեկը գրում է, որ Հայաստանը «եվրոպական զարդ» է։
Nosotrаs.com իսպանական պարբերականը Հայաստանը ներառել է զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների լավագույն հնգյակում։
«Եվրոպական ևս մի զարդ է Հայաստանը, որտեղ քչեր են այցելում արձակուրդի ընթացքում։ Եվ իզուր: Կովկասում գտնվող այս երկիրն անհավանական լանդշաֆտներ և շատ կարևոր մշակութային ու պատմական հարստություն ունի: Դուք կվայելեք Հայաստանի լեռնային բնությունն ու խորհրդային ժամանակաշրջանից հայտնի հանգստավայրերը: Իսկ հայկական խոհանոցը շատ լավ համբավ ունի աշխարհում և, իհարկե, շատ մատչելի է»,– գրում է պարբերականը։
Հայաստանից բացի, իսպանական լրատվամիջոցը խորհուրդ է տալիս ամառային հանգիստն անցկացնելու համար ուղևորվել Մոնտենեգրո, Լիտվա, Հորդանան, Պորտուգալիա։
Արդեն մի քանի տարի է` Հայաստանում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարվել, իսկ տվյալ պահին արտահանման ոլորտում ներգնա զբոսաշրջությունը երրորդ տեղն է զբաղեցում հանքարդյունաբերությունից ու մետաղների արտահանումից հետո։ Մասնագետների պնդմամբ` այդ ոլորտը շատ ավելի մեծ ներուժ ունի։ Զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրը Հայաստանի ճանաչելիության մակարդակը բարձրացնելն է, ծառայությունների որակը լավացնելն ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելը։
Վիճակագրության համաձայն`2016 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 260 հազար մարդ, որը միայն 68 հազարով է գերազանցում 2015 թվականի ցուցանիշը։ Համաշխարհային բանկի հարցումների համաձայն` զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Ռուսաստանից է, Իրանից ու ԱՄՆ–ից, քիչ չէ նաև Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իտալիայից այցելող զբոսաշրջիկների թիվը։ Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան ու Կանադան։