Երեկ Շիրակի մարզի Հացիկ գյուղում հորեղբորը պատկանող հացատանը կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը 19-ամյա Աբաս Սլոյանն է:
Այս մասին մեր զրույցում ասաց Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը: Նա ասաց, որ զինծառայողը ազգությամբ եզդի է, ապրում էր, ծնողների քրոջ եւ եղբոր հետ: Գյուղապետը տեղեկացրեց, որ զինծառայողը սույն թվականի հուլիսի 26-ին է զորակոչվել բանակ.
«Շատ խելոք տղա էր, բանակում այս ընթացքում խնդիրներ չի ունեցել: Մեկ տարի ուշ է գնացել բանակ, քանի որ դպրոցում լավ չսովորելու համար մի տարի մնացել էր նույն դասարանում: Սպորտսմեն էր, ըմբշամարտով էր զբաղվում, հաճախում էր գյուղում գտնվող ըմբշամարտի դպրոց, շատ լավ տղա էր»,- պատմեց գյուղապետը՝ հավելելով, որ տեղեկություն չունի, թե ինչը կարող էր զինծառայողին հասցնել ինքնասպանության:
Նա ասաց, որ Աբաս Սլոյանի ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում. ծնողները ոչխարաբուծությամբ են զբաղվում: Կարեն Ներսիսյանի փոխանցմամբ՝ ժամկետային զինծառայողին հացատանը կախված վիճակում գտել է բարեկամը:
Մեր հարցին, թե զինծառայողը արձակո՞ւրդ էր եկել, գյուղապետն ասաց, որ չգիտի այդ մասով քննություն է ընթանում:
Նշենք, որ զինծառայողը ծառայում էր Արմավիրի զորամասերից մեկում: