Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հեղինակավոր Փառքի ծառուղում անվանական աստղի բացման կապակցությամբ Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:
Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
«Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է», – ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: