«Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել են հիվանդի պոկված ձեռքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել են հիվանդի պոկված ձեռքը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է պոկված վերջույթի վերապատվաստման բարդագույն վիրահատություն:

Հուլիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել 1975 թվականի ծնված Ա. Ա.-ն՝ աջ դաստակի ամբողջական հատմամբ (դաստակը մնացել էր պտտվող մեխանիզմի թիակների տակ): Մկաններին ամրանալու տեղից կտրվել էին բոլոր ջլերը, պոկվել էր դաստակի ճառագայթաձև հոդը և կտրվել էին բոլոր անոթներն ու նյարդերը, որոնք դաստակը սնուցում են:

Ընդունելու պահից հաշվարկը րոպեներով էր ընթանում, քանի որ հյուսվածքների վերականգնման հնարավորությունը, առավել ևս շոգ եղանակին, կտրուկ սահմանափակվում է:

Ինտենսիվ թերապիայի և վերականգնման բաժանմունքում հիվանդը ոչ երկար, սակայն շատ կարևոր նախապատրաստական փուլից հետո անմիջապես վիրահատարան տեղափոխվեց:

Միկրովիրաբույժների և օրթոպեդների երկու բրիգադներ՝ փորձառու անեստեզիոլոգների մասնակցությամբ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ կտրված վերջույթի վերապատվաստման բարդագույն վիրահատություն կատարեցին, որը տևեց մոտ 5 ժամ:

Բարդությունն այն էր, որ անդամահատման դեպքում հյուսվածքները վնասվածքի մեծ խորություն ունեն, սակայն անհրաժեշտ է վերականգնել առողջ հյուսվածքների մակարդակում:

Վիրահատության վերջում հաջողվեց կտրված դաստակում արյան շրջանառությունը լիովին վերականգնել: Հիվանդը տեղափոխվել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք, և ներկայումս վերականգնման կուրս է անցնում:

«Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները շատ են կատարել պոկված վերջույթների փոխպատվաստման վիրահատություններ, սակայն դրանցից յուրաքանչյուրը իր տեսակով յուրահատուկ է:

med.news.am