Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ
– Կպատմե՞ք ձեր դպրոցական տարիների մասին։
– Ես սովորել եմ մեր գյուղի՝ Առինջի դպրոցում: Դպրոց մինչև հիմա էլ հաճախակի այցելում եմ, տարին մեկ անգամ հանդիպում եմ դասարանցիներիս, ուսուցիչներիս հետ, օգնում եմ նրանց: Գիտեք, մենք պիտի միշտ հիշենք մեր մանկությունը, մեր անցյալը, մեր անցած ուղին. մարդը, ինչի էլ որ նա հասնի հետագայում, երբեք չպետք է մոռանա իր անցյալը, իր մանկությունը, իր ընկերներին ու ուսուցիչներին։
– Դուք, երևի, ամենաուժեղն էիք դասարանում, այնպես չէ՞:
– Այո, իսկապես, եղել եմ ամենաուժեղը: Շատ լավ չէի սովորում, մի քիչ էլ չարաճճի էի, բայց ինձ շատ էին սիրում։ Եվ երբ աշխատանքս ու բիզնեսս հաջող զարգացան, վերանորոգեցի դպրոցը։
– Կպատմե՞ք ձեր ընտանիքի, ծնողների մասին:
– Հայրս էլեկտրատեխնիկ է եղել, ամբողջ կյանքում չարքաշ աշխատել է, անգամ երկու հերթափոխով է աշխատել: Մայրս էլ հաշվապահ է եղել: Մորս շատ սիրելով, Առինջում ես մանկապարտեզ կառուցեցի ու կոչեցի նրա անունով: 10 տարուց ավելի է, ինչ այդ մանկապարտեզը գործում է, որտեղ ամեն ինչն անվճար է: Մայրիկս էլ մանկապարտեզում տեղի ունեցող յուրաքանչյուր միջոցառմանը մասնակցում է, բնականաբար, անպայման նվերներով, ուշադրությամբ, հոգատարությամբ։
– Ստացվում է, որ Առինջը հիմա ամենալավ բնակավայրերից է, ունի լավ դպրոց, լավ մանկապարտեզ:
– Հիվանդանոց էլ եմ կառուցել։ Այդ հիվանդանոցում նույնպես ամեն ինչն անվճար է: Գիտեք, ինձ համար կարևորը միշտ եղել է ուշադրությունը մարդու հանդեպ, և ես ամեն ինչ արել եմ սոցիալապես վատ ապրողների կարիքները հոգալու համար։ Եվ եթե այսօր քո արածը գնահատվում է, դու պարտավորվում ես ավելի շատ բան անել: Սիրելով մեր ծնողներին, մեր բալիկներին, որոնք մեր ապագան են, բոլորս էլ ուզում ենք լավ բան անել: Բոլորս էլ մահկանացու ենք: Եվ կարևորը ո՛չ փողի չափն է, ո՛չ էլ պաշտոնը. կարևորը մարդու արած գործն է: Գործով են մարդուն ճանաչում: Մարդը ոչ թե ինքն իրեն պետք է ներկայացնի, այլ իր մասին պետք է պատկերացում կազմեն իր արած գործերով, իր բնակավայրում ունեցած բարի անունով ու համբավով։ Ես այստեղ ապրում եմ, անընդհատ շփվում եմ գյուղի բնակիչների հետ, և մի շատ լավ ասացվածք կա` եթե ուզում ես մարդուն ճանաչել, նրա մտքերը, նրա պահվածքը հասկանալ, պետք է գնաս այնտեղ, ուր նա ապրում է, և տեսնես, թե ի՞նչ են խոսում նրա մասին:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մի առիթով ասել է. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար…»։
Ամենաօբյեկտիվը ժողովրդի գնահատականն է:
– Հարևանները հաճախ ավելի շատ բան են իմանում մեր մասին, քան մենք պատկերացնում ենք:
– Հարևանների գնահատականը շատ կարևոր է: Որքան էլ դու փորձես «ձևացնել», միևնույն է՝ սրտի խորքում ինքդ էլ գիտես քո իրական արժեքը: Եվ ժողովուրդը շատ լավ տեսնում է դա. ժողովրդին խաբել ու մոլորեցնել հնարավոր չէ:
– Ձեր համադասարանցիների շարքում կա՞ն հաջողակ գործարարներ։
– Կան մարդիկ, որոնք բիզնես ունեն: Իհարկե, դա մեծ բիզնես չէ, բայց, համենայնդեպս, մեծամասնությունը փոքր ու միջին բիզնեսով են զբաղված, կարողանում են աշխատել, ստեղծել, նորմալ ապրել: Երբ ես դպրոց էի հաճախում, սովորելու կարգերը բոլորովին ուրիշ էին, նման չէին այսօրվա կարգերին: Եթե աշակերտը հազիվ էր սովորում, ութերորդ դասարանից հետո նրան ասում էին` տղա ջան կամ աղջիկ ջան, սովորելը քեզ համար չէ, դու գնա քեզ համար հարմար արհեստ գտիր: Եվ, կարծում եմ, դա ճիշտ տարբերակ էր, որպեսզի յուրաքանչյուրը ճիշտ կարողանար օգտագործել իր հնարավորությունները։
– Սովետական տարիներին ճնշման կամ արգելքի հանդիպե՞լ եք։
– Լուրջ խնդիրներ չեն եղել։ Բայց, իհարկե, այն ժամանակ մարդկանց թույլ չէին տալիս կառուցել, ստեղծել։ Մարդիկ կարողանում էին փող աշխատել, սակայն հնարավորություն չունեին այդ փողը ճիշտ օգտագործել։ Ահ ու դողով, վախով էին օգտագործում։ Ընդունված էր, որ ամառանոցի բարձրությունը պետք է 2,80 մետր լիներ, և այն չէր կարելի խախտել։ Փողը կար, բայց կառուցելու հնարավորություն չկար։
– Կպատմե՞ք ձեր երեխաների մասին:
– Ես ունեմ վեց երեխա, նրանց անուններն են՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես: Իմ երեք երեխաներն արդեն ավարտել են դպրոցը, երկուսը՝ ոսկե մեդալով: Մի աղջիկս ավարտել է իրավաբանական ֆակուլտետը` կարմիր դիպլոմով, շուտով մյուս աղջիկս կավարտի Բժշկական համալսարանը։ Երրորդ աղջիկս էլ հրաշալի սովորում է Բժշկական համալսարանում: Աղջիկներս շատ խելացի, սովորող երեխաներ են: Մարդիկ` իմանալով, որ նրանք Ծառուկյանի երեխաներն են, մտածում են, թե հնարավոր է, որ նրանք լավ չսովորեն` համոզված լինելով, որ պապան կարող է զանգահարել տարբեր մարդկանց, որպեսզի իր աղջիկներին լավ գնահատականներ դնեն: Բայց նրանց հայրը երբեք և ոչ մի անգամ ոչ մեկին չի զանգահարել ու չի զանգահարելու, որովհետև ուզում է, որ իր աղջիկները լավ սովորեն, որ ծնողների և իրենց պատիվը բարձր պահեն: Ոչ միայն սովորելով, այլև` իրենց կենցաղով ու, ինչո՞ւ չէ, նաև հագուկապով: Աղջիկներս արդեն մեծ են, և նրանց յուրաքանչյուր սխալը վերաբերում է նաև ինձ: Չեմ ասի, թե շատ պահանջկոտ եմ, բայց ես շատ ուշադիր եմ նրանց նկատմամբ. նրանք էլ գիտեն, որ ես ուշադիր եմ: Աղջիկներս ինձ շատ են սիրում, ես էլ իրենց եմ սիրում: Աղջիկներից երկուսն արդեն ամուսնացել են, իրենց ընտանիքն ունեն։ Ապագայում իմ հոգսը պետք է լինեն տղաներս։
– Ինչո՞ւ։
– Որովհետև դեռ շատ փոքր են։ Ես պատկերացնում եմ, որ իմ յոթ տարեկան տղան, որը շատ «համով» երեխա է, լավ պիտի սովորի, սպորտով զբաղվի, քանի որ այդ ամենը հետագայում նրան պետք են գալու: Նա հիմա Աբովյանի սպորտային դպրոցն է հաճախում, որը ես եմ կառուցել, և որտեղ 2000 երեխաներ անվճար պարապում են: Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ մասնագիտություն կընտրի իմ տղան, բայց հաստատ գիտեմ, որ նա պիտանի մարդ է դառնալու։ Ես պիտի զգամ նրա ունակությունների ու կարողությունների չափը, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ մասնագետ նա կդառնա: Հիմա դեռ նրան պարապել և սպորտով զբաղվել է պետք:
– Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ ձեր բիզնեսի շարունակողը կարող է ոչ թե ձեր որդին, այլ` դուստրերից մեկը դառնալ:
– Դուստրերիցս մեկը հաստատ կարող է իմ բիզնեսի շարունակողը դառնալ: Ես դա զգում եմ: Բայց ափսոս, որ նա աղջիկ է ծնվել: Իսկ իմ տղաները հաստատ կշարունակեն իմ բիզնեսը. նրանց մեջ էլ իմ արյունը կա:
– Կպատմե՞ք ձեր կնոջ մասին, ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ:
– Կնոջս առաջին անգամ տեսել եմ դպրոցում: Ես արդեն ավարտել էի դպրոցը, իսկ նա սովորում էր տասներորդ դասարանում: Ես 11 տարով մեծ եմ իրենից: Առաջ հատուկ դպրոցական համազգեստ էին հագնում` սպիտակ գոգնոցներով: Ես նրան տեսա այդ հագուստով, շատ դուրս եկավ: Հարցրեցի` ո՞վ է նա, ընկեր ունի՞, թե՞ չունի: Իմացա, որ ընկեր չունի, և այդ պահից ամեն ինչ սկսվեց: Մոտ մեկ տարի հանդիպում էինք, հետո ամուսնացանք: Կնոջս անունը շատ հազվագյուտ անուն է՝ Ջավահիր:
– Իսկ ազգանունը Ծառուկյա՞ն է:
– Իհարկե:
– Իսկ ի՞նչ մասնագիտություն ունի:
– Մանկավարժ է, բայց հիմա միայն ընտանիքով ու երեխաներով է զբաղված: Ես գիտեմ, որ եթե նա՝ որպես Գագիկ Ծառուկյանի կին, իր բոլոր պարտականությունները կատարի, տան հարցերը կարգավորի (իսկ հիմա մի քիչ դժվար է, որովհետև մեր կրտսեր տղան ընդամենը երկու տարեկան է), նա իր համար զբաղմունք կգտնի, որպեսզի կարողանա երեք-չորս ժամով տնից դուրս գալ: Ես նրա համար այդ հնարավորությունն ու պայմաններն անպայման կստեղծեմ, և կարծում եմ, որ դա կլինի մոտակա ժամանակներում։
– Վեց երեխաներ ունենալը շատ գեղեցիկ ու մեծ պատասխանատվություն է: Կանայք հազվադեպ են համարձակվում այդքան երեխաներ ունենալ:
– Պատասխանատվությունից բացի, ես կարծում եմ, որ եթե կինը սիրեց իր ամուսնուն, իր ընտանիքը, նա ամեն ինչ էլ կանի: Կարելի է մեկ երեխայով սահմանափակվել, դա նշանակություն չունի։ Ֆինանսական հնարավորություններն էլ նշանակություն չունեն։ Յուրաքանչյուր երեխայի ծնունդն ընտանիքին նոր հնարավորություններ է բերում։ Երեխայի ծնվելուց հետո անպայման ինչ-որ լավ բան է լինում։ Մեր ընտանիքում միշտ այդպես է եղել։
– Եվ դուք երեխաների ծնվելուց հետո եկեղեցիներ եք կառուցում։ Մենք տեսանք, թե ինչպիսի գեղեցիկ ու մեծ եկեղեցի եք կառուցում Աբովյան քաղաքում։
– Ես հավատացյալ մարդ եմ և հավատքով եմ ապրում։ Ես եկեղեցիները «ձևի» համար չեմ կառուցում, դա հոգու պահանջ է և մղում։ Ասեմ, որ ամեն տղա ունենալուց հետո ես եկեղեցի եմ կառուցել. ես նախապես այդպես որոշած չեմ եղել, ուղղակի այդպես է ստացվել, դա իմ ներքին ցանկությունն էր։ Հավատքն ամեն մարդու մեջ պարտադիր պետք է լինի։ Երբ քեզ լավ բան անելու առիթ է տրվում, դու պետք է հոգու մղումով, հավատքով, վստահությամբ մարդկանց ետ վերադարձնես այդ լավն ու դրականը։
– Ձեր աղջիկները սպորտով պարապո՞ւմ են։
– Իմ երեք աղջիկներն էլ կարատե էին պարապում, լավ հաջողությունների էին հասել, «գոտիներ» էին ստացել, բայց, երբ նրանց եղբայրները ծնվեցին, ասացի՝ վե՛րջ, մոռացեք, կարատեի կարիքն այլևս չունեք, արդեն եղբայրներ ունեք, և նրանք ձեզ պաշտպան կլինեն։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում բոլոր աղջիկները և կանայք մտածում են իրենց առողջության մասին, սպորտով են պարապում, և դա գովելի է։ Ի դեպ, ասեմ, որ հիմա աղջիկները նույնիսկ ավելի շատ են պարապում, քան տղաները։ Մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ տեսք ունեն, և դա, իրոք, գնահատելի ու հաճելի է։ Այսօր նրանք հետևում են իրենց արտաքին տեսքին, չեն մտածում՝ վե՛րջ, ամուսնացանք, ուրեմն ամեն ինչն ավարտվեց։ Ես համոզված եմ՝ որ տարիքում էլ լինես, պետք է անպայման մարզվես, հետևես քեզ, սիրես քեզ։ Ամեն մարդ էլ լավ գիտի իր թերությունները, իր արժանիքները, հարյուր տոկոսով կատարյալ մարդիկ չեն լինում, բայց մարդիկ պետք է կամք, ձգտում ունենան, պատրաստ լինեն պայքարելու, հղկվելու, ուղղվելու։ Եթե մարդը մտածի, որ այլևս վերելքի, առաջընթացի տեղ չունի, ուրեմն կորած է կամ սպառված, և, վերջիվերջո՝ կհանգչի։ Սակայն, կյանքը միշտ էլ առջևում է։ Կյանքը պայքար է, և եղածով մարդը երբեք չպիտի բավարարվի։
– Ձեր կարծիքով, կինն անպայման պաշտպանի կարի՞ք պետք է ունենա։
– Կինն ամենախելացի, ամենանվիրված ու ամենաքնքուշ էակն է, որին միշտ ուժեղ թիկունք է պետք, որպեսզի կինը կարողանա իր նպատակին հասնել։ Կնոջը վիրավորելը, նեղացնելը շատ հեշտ է, բայց կնոջ սիրտը շահելը շատ դժվար է։ Այդ պատճառով էլ կնոջն ուժեղ թիկունք և ուժեղ տեր է պետք։
– Բայց ասում են, որ տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ վիզը, և ինչպես ուզի՝ կպտեցնի այդ գլուխը։
– Ոչ, դա այդպես չէ։ Ես կասեմ, որ կինն ադամանդե քար է։ Եվ այդ ադամանդե քարը պետք է այնպիսի տաշվածք ունենա, այնպիսի շրջանակի մեջ դրվի, որպեսզի բոլորից տարբերվի։ Իսկ տղամարդը և՛ պետք է լավ քար տաշող լինի, և՛ այդ շրջանակը լինի, որպեսզի հնարավորություն տա, որ ադամանդն իր ողջ փայլով փայլի։ Դա նման է նրան, որ մարդն իր թանկարժեք քարը արհեստավորին է տալիս, որպեսզի նա մշակի այն։ Իսկ տղամարդն այն վարպետն է, որը վերցնում է այդ քարը՝ ճիշտ ու գեղեցիկ մշակելու համար։ Երբ կինն ամուսնանում է, նա պետք է իջնի իր բարձունքից և իր ամեն ինչը վստահի տղամարդուն։ Որովհետև, եթե իր կիսատ տաշած ադամանդե քարը մի վարպետից վերցնի և ուրիշ մի վարպետի տա, քարը կվնասվի, և քարի որակն անպայման կընկնի։
– Կինը կարո՞ղ է բիզնեսով զբաղվել։ Գործարարները, սովորաբար, որևէ բիզնես են բացում հենց իրենց կանանց համար։
– Եթե կինը առավոտից մինչև երեկո փող աշխատելու մասին է մտածում, նա կորցնում է իր քնքշությունը։ Կինն ամուսնու հետ հավասար ամեն ինչից օգտվելու իրավունք ունի։ Եթե ամուսինը սիրում է իր կնոջը, անպայման պետք է պայմաններ ստեղծի նրա համար։ Եվ եթե կինն ամեն օր տանն է նստած, տնից երբեք դուրս չի գալիս, դա շատ վատ է։ Կինը պետք է գեղեցիկ հագնվի, տնից դուրս գա, որպեսզի նրա տրամադրությունն էլ բարձրանա։ Եթե կինն իր մայրական ու ընտանեկան պարտավորությունները կատարում է, անպայման պետք է այլ զբաղմունք էլ ունենա։
– Դուք հաճա՞խ եք ձեր կնոջ հետ թատրոն կամ համերգ լսելու գնում։
– Իհարկե, և՛ թատրոն, և՛ կինոթատրոն, և՛ հարսանիքի, և՛ կնունքի միասին ենք գնում։ Պարտադիր գնում ենք։
– Ձեր դիտած վերջին ներկայացումը ո՞րն էր։
– Թատրոն, իհարկե, քիչ ենք գնում։ Վերջին անգամ «7,5» ներկայացումն ենք դիտել։ Շատ զվարճալի էր։ Պարզ է, որ աշխատանքը մնում է աշխատանք, բայց որքան մարդը հարգանք ու ճանաչում է վայելում, այնքան շատ պետք է մտածի իր կյանքում համաչափությունը պահպանելու մասին։ Չի կարելի մտածել, որ եթե մարդը մի ոլորտում հաղթող է, ուրեմն մնացած ոլորտներում պետք է զրո լինի։ Ոչ, այդպես չէ. մարդը պետք է ձգտի ամեն ինչում էլ հաղթող լինել։ Իր մարդկային հատկություններով և մարդկային տեսակով էլ պետք է հաղթող լինի։
– Իսկ ե՞րբ սկսեցիք զբաղվել արմռեսթլինգով։ Եվ ինչո՞ւ հենց այդ սպորտաձևն ընտրեցիք։
– Ես բոքս, ապա ըմբշամարտ եմ պարապել։ Երբ 1994 թվականին Հայաստանում արմռեսթլինգի մրցումներ էին տեղի ունենում, որոշեցի մասնակցել։ Եվ հետո արդեն մասնակցեցի Եվրոպայի և Աշխարհի մրցաշարերին։ Երբ Եգիպտոսում անցկացվող աշխարհի առաջնությանը, որը ինձ համար երրորդն էր, պարտվեցի, որոշեցի այլևս չմասնակցել։ Ես չկարողացա առաջին տեղը գրավել, զբաղեցրեցի երկրորդ տեղը։ Եվ այլևս չգնացի մրցումների։
– Երևի, երբ զգում ես հաղթանակի «համը», հետագայում մեծ դժվարությամբ ես համակերպվում երկրորդ կամ երրորդ տեղին։
– Որովհետև երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցնելով՝ մարդը սկսում է առաջին հերթին ինքն իրեն մեղադրել։ Ես չեմ ասել, թե անարդար եմ պարտվել։ Ես հասկացել եմ, որ պարապմունքներին շատ ժամանակ հատկացնել չեմ կարող, զգացել եմ, որ այլևս չեմ կարող հեշտությամբ հաղթել։ Եթե մարդն օրական երեք-չորս ժամ չի պարապում, նա չի կարող լավ արդյունքներ ցույց տալ և չեմպիոն դառնալ։ Իսկ եթե մարդն անընդհատ պարապում է, ուժերը լարում է, բայց պարտվում է, ուրեմն պետք է հասկանա, որ հարկավոր է ավելի շատ պարապել։ Լինելով մարզիկ, ես լավ գիտեմ, որ անհնարին բան չկա։ Հարկավոր է ցանկանալ և շատ աշխատել։ Եթե բնությունից ուժեղ մարդն օրական պետք է 3 ժամ պարապի, ուրեմն թույլ մարդը պետք է պարապի 6 ժամ։ Միևնույն է՝ արդյունքի կհասնի։ Ուժեղ մարդը հաջողության կհասնի 5 տարում, իսկ բնածին թույլ մարդը հաջողության կհասնի 8 տարում։ Բայց, վստահ եղեք, անպայման կհասնի։
– Այդ նույն սկզբունքը բիզնեսում է՞լ է գործում։
– Վստահ կարող եմ ասել, որ նույն օրենքն է գործում։ Կարևոր է, որ մարդիկ իրական կյանքը լավ հասկանան։ Տեսությունը հաճախ խաբում է մարդուն։
– Այսինքն՝ մինչև չծեծվես, չսխալվես՝ չե՞ս հասկանա։
– Ճիշտ այդպես։ Երիտասարդ ժամանակ, եթե քեզ ասեին, որ բարեկամներդ կամ ընկերներդ կարող են որևէ սխալ բան իրենց թույլ տալ, խաբել քեզ, դու կմտածեիր՝ ի՞նչ են խոսում, նման բան երբեք չի լինի։ Բայց, երբ դու անձամբ քո մաշկի վրա ես դա զգում, և ոչ թե մեկ անգամ, այլ, ասենք, հինգ, դու արդեն հասկանում ես, որ դա էլ է պատահում։ Հիմա, երբ մարդը բերանը բացում է, դու նրա մեկ բառը լսելով՝ արդեն կարող ես նրա ողջ ասելիքը կռահել։ Կարող ես հասկանալ, թե նրա ուզածն ի՞նչ է։ Դա է կյանքի փորձը։ Այո, պետք է և՛ ծեծ «ուտես», և՛ դժբախտություն տեսնես, և՛ դժվար պահեր ապրես։ Պետք է հասկանաս՝ ո՞վ է քո հարազատը, ո՞վ է կամեցողը, ո՞վ է քեզ ընդունում, ո՞վ է քեզ համար ցավում։ Բայց, այսօր իրական կյանքում մարդկանց 97%-ը ոչ թե ձգտում է այդպես ապրել, այլ «միմոսություն» է անում՝ շահի, պաշտոնի, փողի, գոյատևելու համար։ Եվ դա շատ ցավալի է։ Նման վիճակներին դիմակայելու համար մարդը պետք է ուժեղ լինի, և իր ուժեղ դիրքերից երբեք ներքև չպետք է իջնի։
– Կյանքը ցույց է տալիս, որ վերևից ընկնելը շատ ավելի ցավալի է։ Գուցե դա՞ է պատճառը, որ մարդիկ իրենց առջև մեծ նպատակներ չեն դնում։
– Երբեմն պետք է վերևից ներքև ընկնես, որպեսզի հասկանաս, որ ամեն ինչ սուտ է։
– Իսկ ընկնելուց հետո պետք է նորից ճանկռելով վերև բարձրանա՞ս։
– Ոչ, պետք է միանգամից վեր կենաս, ուղղես մեջքդ ու փորձես է՛լ ավելի բարձրանալ։ Գիտակցելով և գնահատելով քո ուժերը, միշտ պետք է դեպի վերև ձգտես։ Օրինակ, սեղանին տարբեր շշեր են դրված, մեկի մեջ ջուր է, մյուսի մեջ՝ հյութ, իսկ երրորդի մեջ՝ կոնյակ։ Բոլորն էլ շշեր են, բոլորն էլ խմիչք են, բայց դու պետք է նրանց պարունակության մեջ չխաբվես։ Նույնն էլ մարդն է։ Մենք բոլորս էլ մարդիկ ենք, բայց պետք է ջուրը չշփոթել կոնյակի հետ, իսկ կոնյակը՝ ջրի հետ։ Մոտեցումը, գնահատականը պետք է շատ ռեալ լինի։
– Հիմա շատ երիտասարդներ ամեն ինչին ուզում են հեշտությամբ հասնել, «աստղ» դառնալ։
– Ո՞վ է այսօրվա աստղը։ Այն, ինչը տեսնում եմ հեռուստատեսությամբ, ուղղակի ամոթ է։ Ստացվում է՝ ով փող ունի՝ նա էլ առաջ է գնում։ Բայց փողով առաջ մղվող այդ «աստղերը» հրաշալի գիտեն, որ իրենց տրված այդ «գնահատականին» իրականում իրենք արժանի չեն և չեն վաստակել։ Ամեն մեկը պետք է իր իրական տեղն իմանա, զգա` իրե՞նն է դա, թե՞ ոչ։ Պետք է ձգտել ցանկությունն ու հնարավորությունը համատեղել։ Եթե հիմա իմ առջև 250 կգ ծանրաձող դրված լինի, ես պետք է մտածեմ՝ կարո՞ղ եմ այն բարձրացնել, թե՞ ոչ, հետո միայն մոտենամ ծանրաձողին։ Արհեստականորեն «աստղ» դարձած երիտասարդները շատ շուտ են խամրում։
– Պարոն Ծառուկյան, այսօր շատ երեխաներ ուզում են ձեզ նմանվել, ձեզ նման ուժեղ ու հարուստ լինել։ Դա ձեզ ուրախացնո՞ւմ է։
– Իհարկե, շատ է ուրախացնում։ Իմ տղան, իմ թոռն ասում են՝ երբ մեծանանք, Ծառուկյան Գագիկ ենք դառնալու։ Երեխաները կարող են ոչ միայն ինձ նման լինել, այլև՝ տասը քայլ էլ ինձանից առաջ անցնել։ Կարևորը ձգտումն է։ Ընդօրինակման մեջ վատ բան չեմ տեսնում։ Հիմա շատ հասկացող ու խելացի երեխաներ կան։ Իրենց տարիքում ես այդքան շատ ո՛չ իմացել, ո՛չ էլ հասկացել եմ։ Իմ մանկության տարիները բոլորովին ուրիշ էին։ Իսկ այսօր երիտասարդներն աշխատում են շատ բան իմանալ և հասկանալ աշխարհը։ Եվ շատերի համար ես այդ հնարավորությունը ստեղծել եմ։
– Կպատմե՞ք, ինչպես սկսեցիք զբաղվել բիզնեսով։ Ինչպե՞ս դարձաք միլիոնատեր։
– Ես չեմ մտածել միլիոնատեր դառնալու մասին։ Պապիկս, հայրս ու հորեղբայրս մեծ փողեր ու պաշտոններ չեն ունեցել, որպեսզի կարողանային սկզբնական փուլում օգնել ինձ։ Ես երազում էի ամսական 3000 ռուբլու և ավտոմեքենայի մասին, ի դեպ, «Վոլգա-31»-ի։ Ես հստակ գիտեի՝ ինչ եմ անելու այդ գումարը. 1000 ռուբլին ընտանիքիս եմ տալու, 1000-ը՝ գործի համար եմ հավաքելու, իսկ մյուս 1000-ը՝ ինձ վրա եմ ծախսելու։ Մտածեցի՝ ի՞նչ կարող եմ անել այդ 3000 ռուբլին ամսական ունենալու համար։ 1500 ռուբլի պարտք արեցի, և սկսեցի սունկ աճեցնել։ Շատ լավ արդյունքների հասա. 1քմ-ից մոտավորապես 25 կգ սունկ էինք հավաքում, դա չտեսնված արդյունք էր։ Բոլոր շուկաներում իմ աճեցրած սունկն էին վաճառում։ Հետո ջերմոցներ կառուցեցի, ծաղիկ աճեցրի։ Հետո զուգագուլպաների արտադրություն հիմնեցի, հետո՝ օղու արտադրություն։ Ընդունված է կարծել, որ միլիոնատերը երբեք չի պատմում իր առաջին միլիոնի ստեղծման մասին։ Իսկ ես երբեք չեմ թաքցնում, թե ինչից եմ սկսել։ Ժողովուրդը շատ լավ գիտի իմ արտադրությունների մասին։ Երբ ջերմոցներն էի կառուցում՝ 135 կիլոգրամ քաշ ունեցող տղա էի, բայց կառուցելուց հետո դարձա 85 կգ։ Իմ կյանքի փորձն ապացուցեց, որ որքան շատ ես աշխատում, որքան շատ ես նվիրվում գործին, այնքան Աստված քեզ ավելի շատ է տալիս։ Մարդիկ կան, որոնք անընդհատ խոսում են երկրի կառավարման մասին, և ուզում ես նման մարդուն ասել՝ ախր դու նույնիսկ քո սեփական ընտանիքում սեփական կնոջդ չես կարող կառավարել, նույնիսկ չորս հոգանոց կոլեկտիվ չունես, երբեք քո հարազատների, նույնիսկ՝ քո տան մուտքի համար ոչինչ անել չես կարողացել, դու ինչպե՞ս ես երկրի կառավարման մասին խոսում։ Մարդը քայլ առ քայլ պետք է ամեն ինչ կառուցի։ Սկզբում փոքր կրպակ է լինում, հետո՝ որևէ փոքր արտադրամաս, օրեցօր մեծացող աշխատանքային կոլեկտիվ, հետո արդեն գալիս է գաղափարների, ծրագրերի ժամանակը։ Մի խոսքով, միանգամից ոչինչ չի լինում։
– Իսկ առաջին նվերը, որ ինքներդ ձեզ արեցիք, ո՞րն էր։
– Մեքենան՝ «Վոլգա-31»-ը, հետո արդեն այլ մեքենաներ ունեցա։ Դե գիտեք՝ ինչպես է լինում, կյանքն առաջ է շարժվում, դու էլ ունեցածովդ այլևս չես բավարարվում։ 1990 թվականին ես Սիրիա մեկնեցի ու Հայաստան բերեցի «Մերսեդես 500» ավտոմեքենան։ Հայաստանում ես առաջինն էի, որ ունեի այդ մեքենան: Հետո նոր մակնիշի մեքենա գնեցի՝ և այդպես շարունակ։
– Քանի՞ ավտոմեքենա ունեք այսօր։
– Ութ։
– Թանկարժե՞ք են։
– Հայաստանից դուրս շատ կարևոր է, որ ձեռքիդ ժամացույցը, մատանին, հագուկապդ, նաև՝ մեքենադ լավը լինեն։
– Ամեն ինչում առաջին լինելը ձեզ համար կարևո՞ր է։
– (Ծիծաղում է.– Ն.Հ.)։ Այսօր Հայաստանում Ծառուկյանից շատ ավելի հարուստ մարդիկ կան, բայց նրանք իրենց այնպես են պահում, որ մարդկանց թվա, թե իրենք փող չունեն, որ պարտքերով են ապրում։ Կյանքի վերջում ի՞նչ է լինելու՝ ոչ ոք չգիտի։ Մարդը չգիտի նույնիսկ, թե ի՞նչ է լինելու վաղը։ Մարդն այսօ՛ր պետք է իր հնարավորություններն օգտագործի։ Եվ եթե ես կարող եմ իմ հնարավորություններին համապատասխան որևէ բան կառուցել, ապա ես դա անում եմ։ Չեմ ասում՝ գիտեք, ես փող չունեմ, հիմա շատ բան եմ սարքում, թող մնա, հետո կանեմ։ Ո՛չ, ուզում եմ, որ բոլորն էլ տեսնեն, թե ես ի՞նչ ունեմ։ Ես ամեն ինչը անում եմ իմ պատկերացումների և մոտեցումների համաձայն։
– Իսկ ինչո՞ւ են բոլոր հայերը ձգտում իրենց ավտոմեքենայի համար լավ՝ «գոլդ» համարներ ունենալ։ Դա ի՞նչ է տալիս մարդկանց, չէ՞ որ լավ մեքենան մնում է լավ մեքենա, և համարները նշանակություն չունեն։
– Մարդը պետք է կարողանա սիրել գեղեցիկը, լավը։ Միայն պետհամարանիշերի մասին չէ խոսքը: Սկզբում մեքենան պետք է լավը լինի, հետո՝ պետհամարանիշը։ Եթե մարդիկ գիտեն, թե ո՞վ է Գագիկ Ծառուկյանը, ապա Գագիկ Ծառուկյանը պիտի ձգտի անել այնպես, որ և՛ նրա ընդունարանը, և՛ նրա ավտոմեքենայի համարներն իրեն համարժեք լինեն։
– Մեքենայի համարների մեջ գեղեցկություն կա՞։
– Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա։
– Ձեր արած ոչ մի քայլի համար չե՞ք ափսոսում։
– Փորձում եմ ամեն ինչ հավասարակշռված անել։ Եթե վատ բաներ էլ կատարվել են, ուրեմն դրանք ինձ օգնել են, որպեսզի ես կարողանամ հասկանալ, հասունանալ, առաջ գնալ, վատն ու լավը, սևն ու սպիտակը իրարից տարբերել։
– Ձեր հայրը դեմ է եղել քաղաքականությամբ զբաղվելու ձեր որոշմանը, բայց դուք նրա հորդորին չեք հետևել։
– Հայրս էլ, մայրս էլ, կինս էլ, բոլոր իմ հարազատներն էլ դեմ են եղել։ Բայց, ասեմ այսպես. հազվադեպ է լինում, որ ամեն ինչի տեր մարդը, որը մանավանդ որևէ պաշտոնի չի ձգտում, գումար չի ուզում, քաղաքականություն է մուտք գործում։ Ես ցանկանում եմ անել այնպես, որ իմ երկրում ցնցումներ չլինեն, որ լրագրողը լրագրող լինի, նախարարը՝ նախարար, ուսանողը՝ ուսանող, բժիշկը՝ բժիշկ, թոշակառուն էլ կարողանա իր թոշակով ապրել։ Ես ունեմ տնտեսություն, ունեմ գումար և ուզում եմ, որ ամեն մեկն իր տեղում աշխատի, որ մեր պետության բյուջեն ճիշտ և արդար բաժանվի։ Մարդը կարող է տարիներ շարունակ վատ և անսարք ճանապարհներով մեքենա վարել, կարող է տարիներով ցրտին և կարիքին դիմանալ, բայց պետք է իմանա, որ ապագան փայլուն է լինելու։ Աշխատանքը, աշխատավարձը, հավատն իր ապագայի հանդեպ պիտի նրա համար կայուն արժեքներ լինեն։ Բոլորն էլ գիտեն, որ ես ծանր ճանապարհով եմ անցել, բայց ես միշտ ցանկացել եմ լավ ու բարի գործեր անել։ Եվ միշտ իրականացրել եմ այն ամենը, ինչը իրականում երազել ու ցանկացել եմ։ Չեմ կարող ասել, որ թերություններ չունեմ, ես էլ կատարյալ չեմ, սակայն ես միշտ ձգտել եմ լավին ու կատարյալին և ինքս միշտ աշխատել եմ ինձ վրա։
– Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը։
– Ես շատ արագ բռնկվող մարդ եմ։ Երբ հարցեր են լինում, որոնց լուծումը կարող եմ երկու օրով հետաձգել, ապա անպայման այդ հարցի լիարժեք լուծումը գտնում եմ։ Բայց, երբ երկար մտածելու ժամանակ ուղղակի չի լինում, երբեմն նաև բռնկվում եմ։
– Երևի, մեր երկրում չկա մի ոլորտ, որին դուք չեք աջակցում։
– Ես ձևական մարդ չեմ, ես ուզում եմ այս երկրում ապրել, աշխատել։ Այս երկրում ես հզորացել ու հարստացել եմ և իմ երկրի փոքր հենասյուներից մեկն էլ ես եմ։ Եվ անպայման ուզում եմ իմ հնարավորության սահմաններում մի քար էլ ավելի դնել։ Այդպես ես երջանիկ եմ ինձ զգում։ Ուզում եմ, որ մարդկանց դեմքերին ժպիտ լինի։ Մեր հարստությունը, մեր արժեքները մեր ազգային մեծություններն են։ Մեծերին հարգելով ու մեծարելով ենք մենք ստեղծում այդ արժեքները, որոնց հանդեպ հարգանքը պետք է փոխանցենք մեր երեխաներին։ Ես այդպես եմ ապրում, ինչպես նաև՝ ինձանից կախված ամեն ինչ անում եմ՝ շատ-շատերի հոգսը թեթևացնելու համար։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ուսանողը՝ ուսման վարձը չվճարելու պատճառով, արցունքներն աչքերին դուրս մնա ինստիտուտից։ Շատ մարդիկ կան, որոնք հնարավորություն չունեն այդ վարձը վճարել, մինչդեռ նրանք կարող են պիտանի դառնալ ազգի համար։ Հիմա «քլունգի ու բահի» դար չի, որ նրանց ասենք՝ գնացեք, քլունգով աշխատեք։ Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, ո՛չ էլ ադամանդ. մենք պետք է գիտության վրա հիմնված մեր տնտեսությունը զարգացնենք։ Մենք պետք է ֆինանսավորենք մեր գիտությունը, որպեսզի գիտնականները կարողանան աշխատել։ Մենք պետք է տարեկան Հայաստանից 10 կամ 20 շնորհալի երեխաների աշխարհի ամենալավ բուհերում սովորելու հնարավորություն տանք։ Եվ վաղը նրանք մի հայտնագործություն, մի գյուտ կանեն մեր երկրի համար՝ հարստացնելով մեր բյուջեն։ Այսօր մենք ոչ թե աշխատատեղեր չունենք, այլ՝ չունենք որակյալ մասնագետներ։ Կադրերի լուրջ խնդիրներ ունենք։ Աշխատող մարդիկ քիչ են, բոլորը պատրաստ են առավոտից երեկո բամբասել, ուրիշների փողերը հաշվել, այս ու այն մարդու վրա «ցեխ շպրտել»։ Այսօր երեխան ինստիտուտ է գնում, և նրան պետք է բացատրել՝ եթե դու ուզում ես պարզապես ժամանակ անցկացնել, հաճույք ստանալ, խնդիր չկա, գնա ու ժամանակ անցկացրու։ Բայց եթե դու լուրջ, ռեալ հիմքեր ձեռք բերելու մասին ես մտածում, ուզում ես քո ապագան այդ հիմքերի վրա կառուցել, ուրեմն՝ մոտեցումդ փոխիր։ Ամեն մեկը պետք է իր ճանապարհն ընտրի ու անտեղի ժամանակ չվատնի։
– Չե՞ք մտածում դասախոսություններ կարդալու, ձեր փորձը փոխանցելու մասին։
– Դասախոսություններ՝ ոչ, բայց խորհուրդներով միշտ պատրաստ եմ օգնել։
– Նկատե՞լ եք, որ մեծացել է ոչ թե գումար աշխատել ցանկացողների, այլ գումար ուզողների քանակը։
– Գիտեք, պետք է հասկանալ, որ մարդիկ լավ օրից չէ, որ փող են խնդրում։ Եթե մարդը բավարար հնարավորություններ ունենա, նա երբեք իրեն թույլ չի տա՝ գումար վերցնել. ընդհակառակը՝ ինքը կտա ուրիշներին։ Հիշեք, եթե 20 տարի առաջ որևէ մեկին առաջարկեին, ասենք, փայտ կամ որևէ այլ ապրանք անվճար վերցնել, մարդը կասեր՝ չհասկացա, ուրեմն ես ինքս չե՞մ կարող աշխատել, այդ փայտը դու տար քո տուն։ Մի օրինակ բերեմ՝ ես արդեն 15 տարի շարունակ Առինջի 500 ընտանիքների եմ օգնում։ Ամեն ամիս միս ենք մորթում ու մարդկանց ենք բաժանում։ Ես ասել եմ՝ եթե կլինեն մարդիկ, որոնք իրենց թույլ կտան մոտենալ ու միս վերցնել, ուրեմն նրանց պետք է ոչ թե 3 կգ, այլ 5 կգ միս տալ։ Ես հասկանում եմ, որ լավ օրից չէ, աշխատանքի պակասից է, որ մարդիկ իրենց թույլ են տալիս խնդրել։ Ես գիտեմ, որ եթե ամեն մարդ կարողանա բավարար գումար վաստակել և իր ընտանիքը պահել, նա երբեք բան չի ուզի։ Եթե մարդկանց չփնովեն, մարդկանց վրա «ցեխ չշպրտեն», հնարավորություն տան, որ մարդիկ ապրուստի գումար վաստակեն, հասարակ մարդիկ երբեք օգնության ձեռք չեն մեկնի։
– Բարեգործությունը և՛ հրապարակային, և՛ քողարկված է լինում։ Դուք բացեիբաց եք օգնում։ Ցանկանում եք նաև օրինա՞կ ծառայել մյուս մեծահարուստների համար։
– Ոչ թե առիթից առիթ, ընտրությունից ընտրություն եմ բարեգործություն անում, այլ՝ անում եմ պարբերաբար, ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր։ Դա իմ բնույթն է, և այլ կերպ ես չեմ կարող։ Որքան առաջ եմ գնում, այնքան մեծացնում եմ բարեգործության ծավալները։ Չկա այնպիսի բնագավառ, որին ես չօգնեմ։ Վերջերս, օրինակ, հեռուստացույցով տեսա, որ թատերարվեստի մարդիկ մարաթոն են կազմակերպել ու գումար են հավաքում։ Կինս ասաց՝ Գագիկ ջան, բոլորը թատրոնների համար գումար են հատկացնում, ինչպե՞ս կարող ենք մենք չմասնակցել։ Տեղում որոշեցի 5 մլն դրամ փոխանցել։ Ընդհանուր հավաքել էին 20 մլն դրամ, որից 5 մլն-ը ես էի տվել։ Որպես պատգամավոր՝ գիտեմ, որ եթե իմ տարածքում խնդիրներ կան, ես պետք է դրանք լուծեմ։
– Իսկ երիտասարդ ժամանակ ունեցե՞լ եք կուռք, եղե՞լ է մի մարդ, որը ձեզ համար է օրինակ ծառայել։
– Այո, ունեցել եմ։ Եղել է մարդկային մի չափանիշ, որին հասնելը, նույնիսկ համեմատվելն ինձ համար անհնարին է թվացել։ Բայց հիմա արդեն ես նրանից շատ առաջ եմ անցել։ 1994 թվականին եմ իրեն հասել ու անցել: Չեմ ասի, թե նա ով էր։ Բայց նա իմ իդեալն է եղել։
– Ճի՞շտ է, որ հիմա դուք ձեր տան կողքին նոր տուն եք կառուցում ձեր որդու համար։
– Ճիշտ է, կառուցում եմ։ Այդ տունը շատ ավելի շքեղ է լինելու։ Եթե մարդը մեծ կարողություն ունի, իսկ նրա երեխան իր տունը չունի, ուրեմն նա որպես ծնող զրո է։ Երեխային ոչ թե պետք է գումար թողնել, այլ՝ պետք է նրան ամուսնացնել ու մի գործ տալ, որպեսզի երեխան ինքը կարողանա գնահատել գումար վաստակելու դժվարությունները։
– Ձեր ապագա հարսին երևի շատ դժվար կլինի ձեր պահանջներին համապատասխանել։
– Դե, դրա մասին թող իմ հարսը մտածի։ Մենք հանգիստ, ճիշտ «ավանդույթներով» ապրում ենք։ Երեխա պահելու, տան խնդիրներ չկան, այսօր բոլոր պայմաններն ունենք լավ, խաղաղ ու հանգիստ ապրելու համար։ Հետո, եթե դժվար լինի, առանձին կապրեն:
– Իսկ ձեր համար նշանակություն ունի՞, թե ձեր երեխաների ապագա ամուսինը կամ կինը որ խավից կլինի։
– Խավը նշանակություն չունի։ Ժամանակը կգա, նրանք կանեն իրենց ընտրությունը։ Կարևորը, որ ապագա ամուսինները ճիշտ պահվածք և ճիշտ մտածողություն ունենան։ Ուզում եմ, որ իմ երեխաները «պապայի բալիկ» չմեծանան, իսկական տղամարդ ու կին լինեն։ Եվ պատրաստ լինեն երկուսով՝ մի մարդու պես իրենց ընտանիքին ծառայել։ Եթե իմ երեխաները չցանկանան ամուսնանալ, ես ինչպե՞ս կարող եմ նրանց ստիպել ու ասել՝ ոչ, այս մարդուն պետք է ընտրես։ Ասել ենք՝ տես, և ինքդ կատարիր քո ընտրությունը։ Ծնողը միշտ էլ ուզում է, որ ամեն ինչն իր երեխայի սրտով լինի։
– Խի՞ստ հայր եք, երբևիցե պատժո՞ւմ եք ձեր երեխաներին։
– Եթե իմ երեխան սխալ թույլ տա, ես նրան կպատժեմ։ Սխալ քայլ անելով՝ նա իմ պատվի վրա է ստվեր գցում, իմ պատվի հետ է խաղում։ Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ երեխաները չափն անցնեն։ Ընդհակառակը, այն, որ նրանց հայրը Ծառուկյանն է, դա պետք է նրանց ավելի պարտավորեցնի, և նրանք ամեն ինչ պետք է անեն՝ իմ անունն ու հարգանքը բարձր պահելու համար։ Բայց եթե որևէ մեկը իմ երեխաներին անտեղի վիրավորի, բնականաբար, ես նրանց էլ կպատժեմ։
– Ձեզանից վախենո՞ւմ են։
– Մարդիկ պետք է իմանան՝ որքան բարի եմ, այնքան էլ խիստ եմ և անարդարությունը չեմ ընդունում։ Իմ աշխատողները գիտեն, որ ցանկացած անարդարությունը պատժվելու է։ Եվ ընդհակառակը՝ լավ աշխատանքը ես միշտ գնահատել եմ ու գնահատելու եմ։
– Ձեր հասցեին հնչող կատակները, հումորն ընդունո՞ւմ եք։
– Եթե չափը չեն անցնում, նորմալ եմ ընդունում։ Եթե մարդուն հումոր անելու հնարավորություն է տրված, նա պիտի չափը չանցնի։ Մարդը պիտի բարդույթներ չունենա ու հանգիստ ընդունի հումորը։ Բայց եթե հանկարծ անձնական վիրավորանքներ եմ լսում, պատժում եմ։
– Իսկ երբեք չե՞ք ուզում հանգիստ, անճանաչելի, առանց թիկնապահների քաղաքում քայլել, սրճարաններ գնալ։
– Իհարկե ուզում եմ, բայց հիմա դա հնարավոր չէ անել։ Եթե մարդկանց թվում է, թե ես թիկնապահներով եմ շրջում, որովհետև վախենում եմ, թե ինձ «բան ասող» կլինի՝ սխալվում են: Ես թշնամիներ չունեմ, և բացի այդ՝ ինքս էլ կարող եմ նման դեպքերում պաշտպանվել: Թիկնապահներն ավելի շատ ինձ օգնում են, որպեսզի կարողանամ օրվա մեջ բազմաթիվ գործեր կարգավորել։ Ասենք՝ տարբեր հանձնարարություններ եմ տալիս, որպեսզի գործն առաջ գնա: Իսկ պաշտպանության կարիք ես չունեմ։
Զրուցեց Նունե Հախվերդյանը
«3 Միլիոն»
15 Դեկտեմբեր, 2007