Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ:
Նշենք, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դատական ակտերի հիման վրա ստացվել էր 366 հազար վարույթ։ Այսինքն՝ կատարողական վարույթների քանակն ավելացել է 430 հազարով կամ 2.1 անգամ։
Վարույթների քանակի կտրուկ աճը սակայն չի խանգարել ԴԱՀԿ աշխատակիցներին։ Նրանք հասցրել են կիսամյակի ընթացքում կարճել և ավարտել 795 հազար վարույթ և հունիսի վերջի դրությամբ ունեցել են 54.4 հազար անավարտ վարույթ (այնքան, որքան առկա էր տարվա սկզբին)։
Գույքային և ոչ գույքային կատարողական վարույթներով 2017 թվականի հունվար-հունիսին վերականգնվել է 12 մլրդ 279.8 մլն դրամ, որը 1.1 մլրդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը։
Գումարների մեծ մասը՝ 10.9 մլրդ դրամը, վերականգնվել է գույքային վարույթների գծով (2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 5.5% աճ)։
10.9 մլրդ դրամից 6.9 մլրդ-ը բաժին է ընկնում Երևանին։ ԴԱՀԿ ծառայության կողմից վերականգնված գումարների առումով մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի (937.6 մլն դրամ) և Լոռու (751.3 մլն դրամ) մարզերը։