Շիրակի մարզպետը գյուղինստիտուտն ավարտածին նշանակել է առողջապահության վարչության պետ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզպետը գյուղինստիտուտն ավարտածին նշանակել է առողջապահության վարչության պետ. armtimes.com

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր, ժամանակավոր պաշտոնակատար ունի: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին: Վերջինս վարչության պետի ժ/պ նշանակվել է օգոստոսի 15-ից, իսկ նախկին պաշտոնին էր 2012 թվականից սկսած:

Գյումրիում պտտվող տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Բզնունին նախկին ՀՅԴ-ական է, ներկայում անկուսակցական: Մարզպետի այս որոշումը, զարմացրել է մարզի բժիշկներին: Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին գրեթե ոլորտի հետ կապ չունի, նա մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավարտել է գյուղինստիտուտը:

Armtimes.com-ն արդեն տեղեկացրել էր, որ ինտրիգի պատճառով տարաձայնություններ էր տեղի ունեցել ՀՅԴ-ական մարզպետ Խաչատրյանի և առողջապահության վարչության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի միջև, ինչն էլ հանդիսացել էր պատճառ, որ Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն դուրս գա աշխատանքից: Թեև դիմումը տալու պահին Հովհաննիսյանի կենսաթոշակի տարիքին մնացել էր մեկ ամիս:

Այս պահին Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից հնարավոր չէ պարզել, թե ով է ներքին աուդիտի բաժնի ժամանակավոր պետը: Այդ մասին տեղեկություն չկա հրապարակված:

Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության թեմայով armtimes.com-ը փորձեց զրուցել Արթուր Խաչատրյանի հետ, սակայն նրա ընդունարանից փոխանցեցին, որ ավելի ուշ կապ կհաստատեն խմբագրության հետ:

armtimes.com



Նման նյութեր