Life.panorama.am-ի «Հայտնիների գեղեցկության բանաձևերը» շարքին միացել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:
Իր լուսանկարներով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող գեղեցկուհի Աննան խոստովանեց, որ երբեք դիետաների չի հետևել:
«Իրականում տարիներ առաջ ես նույնիսկ թմբլիկ եմ եղել, բայց երբեք դիետաների չեմ դիմել: Կարծում եմ՝ պատանեկան տարիքից դեպի երիտասարդություն անցման ժամանակ շատ աղջիկներ են թմբլիկ, որը տարիների ընթացքում անգամ ինքն իրեն կարող է կարգավորվել: Այդ իսկ պատճառով ես երբեք ծանր չեմ տարել, ու գիտակցել եմ, որ բնության դեմ երբեք չես կարող պայքարել: Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, որը պետք է ճիշտ ընկալել ու ոչ թե թերություն համարել, այլ դրանք ծառայեցնել քո առավելություններին»,- նշեց Աննան ու շարունակեց.
«Ես հատուկ սննդակարգ չունեմ, ավելին՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ խիստ անկանոն եմ սնվում: Պարզապես աշխատում եմ խմորային ոչինչ չօգտագործել, հիմնականում լավաշ ուտել: Քաղցրեղեն առանձնապես չեմ սիրում, հետևաբար շատ քիչ եմ օգտագործում: Շատ բանջարեղեն եմ ուտում, քանի որ մսեղեն ևս քիչ եմ սիրում, տապակած կարտոֆիլից գրեթե հրաժարվել եմ: Այսինքն՝ ինձ ոչ թե նեղություն եմ տալիս՝ նման կերպ սնվելով, այլ ուտում եմ այն, ինչ սիրում եմ: Այս ամենին զուգահեռ՝ օրվա ընթացքում մեծ քանկաությամբ ջուր եմ խմում, աշխատում եմ հյութեր քիչ օգտագործել՝ դրանք փոխարինելով մաքուր ջրով»:
Դերասանուհին չի նախաճաշում, դրա փոխարեն միայն ջուր է խմում: Երեկոյան ժամերին ևս Աննան փորձում է քիչ ուտել՝ թեթև քնելու համար:
Աննա Դովլաթյանը նկատեց նաև, որ սպորտով ժամանակ առ ժամանակ է զբաղվում.
«Մարզասրահ ստաբիլ չեմ հաճախում, հակառակ դեպքում պետք է ողջ կյանքդ հետևես դրան: Չեմ սիրում կախված լինել ինչ-որ բանից, դրա համար սպորտով զբաղվում եմ միայն այն ժամանակ, երբ ազատ եմ և ցանկություն ունեմ»,- հավելեց նա:
Անդրադառնալով մաշկի խնամքին՝ դերասանուհին հետաքրքիր բացահայտում արեց.
«Երբեք դիմակներ չեմ դնում դեմքիս և լվացվում եմ բացառապես մանկական օճառով: Իրականում ինձ առօրյայում այնքան էլ հարմարավետ չեմ զգում, երբ շպարված եմ: Այդ ժամանակ ամբողջ գիտակցությունս աշխատում է շուտ տուն հասնելու և այն մաքրելու ուղղությամբ, դրա համար էլ առաջին բանը, որ անում եմ տուն մտնելիս, մանկական օճառով լվացվելն է: Վստահեցնում եմ՝ որքան քիչ շպար օգտագործես, այնքան առողջ մաշկ կունենաս, քանի որ յուրաքանչյուր կոսմետիկայի մեջ կա քիմիական հավելված: Ինչ վերաբերվում է վարսերիս, առաջ, երբ մուգ վարսեր ունեի, առհասարակ հատուկ խնամքի պարագաներ չէի օգտագործում, իսկ հիմա, երբ շեկ եմ, ստիպված եմ ավելի շատ հետևել: Իմ բոլոր խնամքի պարագաները մայրս է Մոսկվայից ուղարկում, հիմնականում յուղեր եմ օգտագործում գունաթափված մազերս փափկացնելու համար»:
Աննա Դովլաթյանը շքեղության, նրբության ու սեքսուալությունը գռեհկության չվերածելու հստակ սահմանագիծ ունի.
«Շատ կարևոր է պահպանել չափավորությունը: Դա զգալը խիստ բարդ է, բայց նաև անասելի կարևոր: Չպետք է թողնել, որ սեքսուալությունը վերածվի գռեհկության: Ինքս, մոդելավորելով իմ հագուստի 90 տոկոսը, փորձում եմ ակցենտավորել իմ առավելությունները, կամ անհրաժեշտության դեպքում՝ թաքցնել ավելորդությունները: Գույների հարցում նախապատվությունը տալիս եմ նետրալ երանգներին, սակայն այս ամռանը հրապուրվել եմ ծաղկային կտորներով: Անկեղծ ասեմ, ես նորաձևությանն այնքան էլ չեմ հետևում, ինձ համար կարևոր է, որ հագուստը լինի կանացի և նուրբ, քանի որ դա միշտ նորաձև է ու ցանկալի»,- նշեց նա:
Իսկ զրույցի վերջում Աննան շեշտեց.
«Գուցե մի փոքր պրիմիտիվ թվա ասածս, բայց իսկապես ամենակարևորը մարդու ներքին գեղեցկությունն է, որն անմիջապես անդրադառնում է արտաքինի վրա: Շատ աղջիկներ կան, որ գեղեցիկ են, բայց դատարկ, իսկ դա արդեն հիմնովին փչացնում է արտաքին գեղեցկությունը: Նրանք դառնում են անհետաքրքիր և ոչ լիարժեք: Դրա համար կինը, բացի արտաքին տեսքից, իր վրա պետք է շատ աշխատի: Ի դեպ՝ ներքին գեղեցկությունը միայն կրթված լինելով չի սահմանափակվում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ կինը լինի բարի և նուրբ. Այդ երկու հատկանիշները կնոջը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում: Եթե կինը չի կարողանում փոքրիկ բաներից ուրախանալ, ուրեմն նրա համար շքեղ կյանքն էլ կիսատ կթվա: Ներքին ներդաշնակություն գտնելուց հետո, մնացյալ ամեն գեղեցկության կարելի է հասնել»: