«Ես հեռանում եմ երգարվեստից»
Advertisement 1000 x 90

«Ես հեռանում եմ երգարվեստից»

Քրիստինե Պեպելյանը սկզբունքորեն մերժում է անձնական բնույթի հարցերը։ Սակայն նրա անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում՝ անկախ նրանից, թե երգչուհին ակտի՞վ, թե՞ պասիվ ստեղծագործական վիճակում է: Քրիստինեն վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից և սիրով համաձայնեց պատասխանել «3 Միլիոնի» հարցերին։

 

– Քրիստինե, ո՞րն էր Ամերիկա մեկնելուդ նպատակը:

– Արդեն ավանդույթ է դարձել, որ ես ու Արմենչիկը ներկա լինենք միմյանց մենահամերգներին: Այդ ամենը սկսվեց Արամ Ավագյանի «Ինչո՞ւ» երգից հետո։ Երգը շատ սիրվեց, ու թե՛ իմ, թե՛ Արմենչիկի մենահամերգներին հանդիսատեսը սպասում է այդ կատարմանը։ Իսկ մենք չենք կարող չարդարացնել մեր հանդիսատեսի սպասումները: Դա է պատճառը, որ ես՝ անկախ իմ զբաղվածությունից, ամեն անգամ 18 ժամ թռչում եմ ինքնաթիռով, որպեսզի երգեմ «Ինչո՞ւ» երգը: Հենց այդ երգի շնորհիվ ես ձեռք բերեցի լավ ընկեր, ինչի համար ավելի ուրախ եմ, քան ցանկացած երգի ու հիթի:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված քո տևական դադարը:

– Իմ ստեղծագործական կյանքում բոլոր քայլերը մտածված են: Փորձել եմ հնարավորինս ճիշտ կողմնորոշվել պահի մեջ: Սովորաբար բոլոր երգերը, որ ես ներկայացրել եմ, սիրվել են հանդիսատեսի կողմից: Չնայած եղել են նաև սկանդալային գործեր, օրինակ՝ «Չէ, չէ»-ն։ Բայց հավատացնում եմ՝ յուրաքանչյուր երգ ու գործ եղել են մտածված ու պլանավորված: Իմ տևական դադարը ևս մտածված է:

– Դու նաև ռաբիս ոճի մեջ երգեր ունես։ Հանդիսատեսն ինչպե՞ս է վերաբերվում դրան։

– Այդ ոճային փոփոխություններն էլ քննարկման ենթարկվեցին: Ամեն դեպքում, մեր աշխատանքում պետք է լինեն փոփոխություններ:

– Ոչ միայն քննարկումներ, այլև սուր քննադատություններ հնչեցին:

– Իհարկե: «Ներիր ինձ»-ն էլ քննադատեցին, քանի որ երգում էր Արմեն Ալոյանը: Ես լսեցի այդ երգը, սիրեցի ու որոշեցի երգել: Թող ասեն՝ ռաբիս է: Ռաբիս կոչվածը հարաբերական է, որովհետև մեր արյան մեջ կա այդ քաղցրությունը, մենք այն սիրում ենք, որքան էլ վատաբանենք ռաբիսը: Եթե չլինի 6/8-ը, չենք պարի քեֆերի ժամանակ: Կատարողները պիտի փորձեն տարբեր ոճերում երգել: Ես ցանկանում էի որպես երիտասարդ կատարող՝ աշխույժ երգեր կատարել, ոչ թե միայն լիրիկական՝ սիրո մասին: Իհարկե, դա իմ տեսակն է, ես չեմ հրաժարվի դրանից և շատ մոտ ապագայում վերադառնալու եմ նախկին Քրիստինե Պեպելյանին:

– Վերադառնանք ասպարեզում երկար չերևալու պատճառներին: Միգուցե հասունացել է բեմական կյանքին հրաժեշտ տալու վճռական պա՞հը:

– Եկավ մի շրջան, ու հասկացա, որ անհրաժեշտ է դադար: Այո, ես մի քիչ երկար բացակայեցի, այդ դադարը կես տարուց ավելի տևեց: Դա էլ է պետք արտիստին, որովհետև անընդհատը հոգնեցնող է. մարդիկ դատապարտված չեն 24 ժամ տեսնել միևնույն կատարողին: Ամեն ինչ ճիշտ դոզայի մեջ պետք է պահել: Իսկ եթե գա պահ, որ ես չունենամ ասելիք ու երկրպագուներ, բարձրաձայն կհայտարարեմ` «Ես հեռանում եմ երգարվեստից»: Պատրաստ եմ որոշ ժամանակով թողնել բեմը, եթե ունենամ ընտանիք ու երեխաներ: Դեռ ասելիք ունեմ, հանդիսատես էլ, նրանց, իհարկե, ամենաանկեղծ շնորհակալությունն եմ հայտնում, որ միշտ իմ կողքին են: Հուսամ` մինչև Նոր տարի նոր իմիջով կներկայանամ, սիրո մասին մի նոր լիրիկական երգով։

– Սոֆի Մխեյանի հետ կապված ինտերնետային սկանդալը սև PR է՞ր: Ներկայումս ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, չէ՞ որ նա Ձեր ամենամտերիմ ընկերուհին էր:

– Դա նրա համար չէր, որ մեծ աղմուկ բարձրացնեինք մեր անվան շուրջ: Տհաճ իրավիճակ ստացվեց, և այսօր մեր ընկերությունից մնացել են լավ հիշողություններ: Մենք շատ լավ ընկերուհիներ էինք, համենայնդեպս, ես այդպես էի կարծում: Բազմաթիվ պատճառներ կային, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ամեն անգամ այդ իրավիճակը վերհիշելն ու վերապրելը տհաճ է, ու ինձ ցավ է պատճառում: Շփման մեջ ես դժվար մարդ չեմ, բայց մեծ դժվարությամբ եմ ընկերանում: Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել ու ավելորդ խոսքեր ասել: Այսօր մեր ընկերությունը սպառվել է, և դա բոլոր տեսակի հարցերի պատասխանն է: Ոչ մի մարդ անփոխարինելի չէ, ես էլի շատ լավ ընկերուհիներ ունեմ:

pizap.com14707287109291

– Քո կողքին դեռ չկա կյանքի մշտական ուղեկից: Հնարավո՞ր է, որ դու էլ անակնկալ մատուցես` նախընտրելով զգալի տարիքային տարբերությամբ ամուսին:

– Երբեք չեմ ասում` երբեք: «Երբեք» բառը վտանգ ունի իր մեջ: Այդ «երբեք»-ներից էր, որ ինձ վստահ էի զգում շատ հարցերում, միշտ ասում էի՝ չի կարող այդպես պատահել, բայց շատ բաներ պատահեցին: Չեմ կարող ասել, որ ինձ հետ նման բան չի կարող պատահել: Կարծում եմ, այն տարիքում եմ, որ ինձանից փոքր տարիքի տղաները դժվար թե ինձ հետաքրքրեն, միգուցե իմ հասակակիցներն ավելի հետաքրքիր են: Երբեք չես կարող իմանալ, թե ով կհայտնվի քո կողքին: Ես ինձ արդեն բավականաչափ լավ եմ ճանաչում, և կարծում եմ, թույլ մարդ չեմ: Կցանկանայի, որ այն միակը, որ պիտի իմ կողքին լինի, շատ քիչ առիթներ տա, որպեսզի ես կրկին զգամ, որ ուժեղ անձնավորություն եմ: Իսկ մի քանի տարին քննարկման թեմա չէ:

– Հաճա՞խ ես սիրահարվում ու հրապուրվում նոր ծանոթություններով:

– Ես շատ զարմանում եմ, երբ մարդիկ սիրահարվում են առաջին հայացքից: Դժվարությամբ եմ սիրում:

– Ռեմարկն ասում է, որ սերը գալիս է այն ժամանակ, երբ իրեն չես սպասում:

– Իմ կյանքում եղել է նման պահ: Դա հիանալի է, երբ չես փնտրում ու զգում ես, որ գտել ես: Էլի չեմ փնտրի ու էլի կգտնեմ: Արդեն կստացվի: Վստահ եմ, որ կգտնեմ այն մարդուն, ով ինձ պետք է: Կարևորը տրամադրվելն է, ուղղակի պետք չէ ոչինչ պլանավորել: Ես լավատես եմ, անգամ, եթե անձնական կյանքում ինչ-որ բան ուշանում է, չպետք է մոռանալ աշխատանքային հաջողությունների մասին: Շնորհակալ լինելը կարևոր է: Այսօր իմ մայրիկն իմ կողքին է ու առողջ, ես երջանիկ եմ:

– Ասում են, որ դու հղի էիր ու գնացել էիր ԱՄՆ` ծննդաբերելու: Այդ մասին ի՞նչ կասես:

– Բա ինչո՞ւ եմ առանց երեխայի վերադարձել (ծիծաղում է.- Ն.Մ.): Իմ կյանքի վառ երազանքներից մեկն այսօր երեխա ունենալն է: Ես երեխա կունենամ միայն այն ժամանակ, երբ կունենամ ընտանիք: Դրանք միայն բամբասանքներ են: Ում հետ երգեցի, ինձ կապեցին նրա հետ, ում հետ մի անգամ տեսան փողոցում, ես անպայման դարձա նրա կինը, սիրուհին, նշանածը… Ես արդեն սովորել եմ դրան: Հայկոյի հետ էլ եմ «եղել» ամուսնացած, Արմենչիկի հետ էլ: Արսեն Սաֆարյանի հետ շուտով դուետ կերգեմ, նրա հետ էլ կամուսնացնեն: Մյուս կողմից՝ ուրախ եմ, որ ամիսներով բացակայել եմ, ու դեռ խոսում են իմ մասին: Բամբասանքներին դեմ չեմ: Չեմ կարող չասել, որ այս հարցը ինձ հաստատ կվիրավորեր, եթե ես հայտնի մարդ չլինեի, բայց, ինչպես քիչ առաջ ասացի, նման խոսակցություններն անխուսափելի են:

– Ասում են՝ Ֆլորա Մարտիրոսյանի և քո միջև ազգակցական կապ կա, որը դու վարպետորեն թաքցրել ես: Նա ինչ-որ ձևով նպաստե՞լ է քո կարիերային:

– Տիկին Ֆլորայի հետ մենք բարեկամներ ենք, չնայած ես հաճախ չեմ խոսել այդ մասին, ինքը՝ նույնպես: Մեր բնագավառում բարեկամներ լինելու փաստը, առավել ևս՝ միասին երգելը («Սերս գաղտնի թող մնա») պիտի դառնար ավելորդ խոսակցության թեմա: Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որ բացահայտենք՝ մենք հայրական գծով ազգակիցներ ենք: Վերջապես, ի՞նչ կապ ունի՝ ով ում բարեկամն է: Ես միշտ հիացած եմ եղել նրանով: Հետաքրքիր զուգադիպություն է, որ «Արևիկ» խմբի (ես նույնպես «Արևիկից» եմ սկսել) փոքրիկ Քրիստինեի համար, որն իմ զարմուհու բալիկն է ու կներկայանա «Եվրատեսիլում», այսօր ես պակաս կարևոր անձ չեմ, որպիսին ինձ համար եղել է տիկին Ֆ. Մարտիրոսյանը: Հետաքրքիր եռանկյունի է ստացվել:

– Դեռ նոր գնած բնակարանիդ վերանորոգման աշխատանքներո՞վ ես զբաղվում:

– Վերանորոգման աշխատանքները, փառք Աստծո, վերջացան: Մինչև Նոր տարի ես կտեղափոխվեմ: Ամենափոքրիկ մեխը, ամենաչերևացող դարակն անգամ մեծ սիրով եմ ընտրել: Ամեն դեպքում հպարտանալու բան չէ, ուղղակի ժամանակն էր եկել փոխել բնակարանը: Երբեք չեմ էլ ամաչել 17 տարի շարունակ հյուրերին ընդունել մեկ սենյականոց բնակարանում, ուր միշտ հյուրընկալվել են բոլոր ընկերուհիներս՝ ամենևին չզգալով բնակարանի փոքր լինելը: Կարևորը տան մթնոլորտն է: Իսկ այսօր ես ընդամենը նոր բնակարան ունեմ, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Վստահ եմ, որ այս տանն էլ եմ հյուրընկալելու իմ սիրելի մարդկանց, դա ամենակարևորն է:

– Որքան գիտեմ, դու ակումբներում չես երգում, իսկ ինչպե՞ս ես վաստակում:

– Փառք Աստծո, ես համերգներից կարողանում եմ իմ կյանքը լավ թե վատ դասավորել: Երբեք չեմ երգել ակումբներում, և ինձ թույլ չեմ տա քննադատել այն մարդկանց, ովքեր երգում են ակումբներում, ռեստորաններում և տարբեր միջոցառումներին: Հնարավոր է՝ գա մի պահ, որ ես էլ երգեմ: Ակումբում երգել-չերգելը երգչի համար չափանիշ չէ:

– «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարական գործը քեզ չի՞ խանգարում: Ի՞նչ կարծիք ունես «Սուպերսթարի» թեկնածուների մասին:

– «Շանթ» հեռուստաընկերությունն ամռանն ինձ հրավիրեց Արտյոմ Հակոբյանի հետ համատեղ վարելու «Հայսուպերսթարը»: Առհասարակ սիրում եմ կոլեկտիվ աշխատանք։ Բացի այդ, «Շանթը» Գյումրիի հեռուստաընկերություն է, ես էլ արմատներով գյումրեցի եմ ու յուրահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ: Կան լավ երգող երեխաներ, կցանկանայի նրանց ամենակարևորը՝ արժանանալ ժողովրդի սիրուն: Իսկ հեռուստատեսության աշխատանքն ինձ համար նոր չէ. տարիներ առաջ Հ1-ով 7 ամիս վարել եմ «Կինկոմ» հաղորդումը, որտեղ ներկայացնում էինք 3 տարբեր սերունդներ ու քննարկում կանացի, ընտանեկան հարցեր:

– Փաստորեն, լրագրողական ձիրքեր էլ ունես:

– Ես 3 տարի սովորել եմ բանասիրության ֆակուլտետում:

– Ինչո՞ւ 3 տարի:

– Չստացվեց, որ ավարտեմ. այն ժամանակ վճարունակ չէի, դրա համար դուրս մնացի համալսարանից: Չեմ զղջում, որովհետև հիմա Կոնսերվատորիայում եմ սովորում: Երեք տարի եմ սովորել և վերցրել այն, ինչ ինձ տվել են: Այսօր կարողանում եմ հեշտ հաղորդակցվել մարդկանց հետ և հասկանալ նրանց:

Զրուցեց Նաիրա Մարտիրոսյանը

«3 Միլիոն»