Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): 1912-ի ամառ: Երեկոյան չլուսավորված փողոցներում մարդիկ ջահերով երթի են դուրս եկել: Հուզված բազմությունը չի լռում, բայց նաև ոչինչ չի պահանջում: Նրանք ուղղակի երգում են…
Հայկական առաջին օպերան 2017 թվականին դարձավ 105 տարեկան: Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա տաղանդավոր հայ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անմահ «Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ Ալեքսանդրապոլում (որտեղ և ծնվել է օպերայի հեղինակը), օգոստոսի 4-ին: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած:
Գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատ ակուստիկա, 12 երաժշտից բաղկացած նվագախումբ, համեստ հագուստ և դեկորացիա: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին երգում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
Ներկայացումից հետո էր, որ մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ՝ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա…
Հյուրախաղեր ամբողջ աշխարհում
Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ Անդրկովկասում: Օպերան հիացմունքով ընդունվեց և՛ Երևանում, և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում, և՛ Բաքվում: Իսկ արդեն 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում…
Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը: Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»:
Կոմպոզիտորն իր այս ստեղծագործությունը գրել էր 1908-1912 թվերին, բայց հետագա 30 տարիների ընթացքում նա բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ.
Այսօր էլ «Անուշը» Երևանի օպերայի և բալետի թատրոնի մշտական խաղացանկի մեջ է, իսկ արդեն 1983 թ.-ին Հայաստանում նկարահանվեց համանուն կինոօպերան:
Ինչո՞ւ Կոմիտասը չդարձավ «Անուշ» օպերայի հեղինակը
Բացի Արմեն Տիգրանյանից, ում վիճակված էր դառնալ հայկական օպերայի հիմնադիր, «Անուշ» օպերային անդրադարձել է ևս երեք կոմպոզիտոր, նրանցից մեկը Մեծն Կոմիտասն էր: Հենց նա առաջինը սկսեց աշխատել Թումանյանի հայտնի պոեմի օպերայի վրա:
Ինչպես Sputnik Արմենիային պատմել է Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Վերիչկա Աղաջանյանը, Վարդապետին օպերան ստեղծել առաջարկել է թբիլիսյան իշխանադուստր, բարեգործ Մարիամ Թումանյանը (բանաստեղծի համազգանունավոր), ով Կոմիստասին է ուղարկել Թումանյանի պոեմը: «Կարդացել եմ Թումանյանի «Անուշ» պոեմը և շատ եմ հավանել», — պատասխանել է Կոմիտասը:
1904 թվին Վարդապետը մեծ ոգևորությամբ սկսել է աշխատել պոեմի վրա: Մի տարի անց օպերայի մի մասն արդեն պատրաստ էր: 1908 թվին Կոմիտասը գրել է Թումանյանին, որ արդեն բավականին աշխատանք է արվել, և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի գործը միասին ավարտեն: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողանում հանդիպել…
Մեզ են հասել կոմպոզիտորի սևագրերը՝ 27 էջ, որոնք պահվում են Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Վարդապետի կյանքն ուսումնասիրող Ռոբերտ Աթայանը գրել է. «Կոմիտասի սևագրերում օգտագործված է մի քանի ժողովրդական մեղեդի, չնայած մեծ մասը նոր մեղեդիներ են՝ գրված ֆոլք-գեղջկական և քաղաքային ոճերում: Իսկ այդ մեղեդիներում, անշուշտ, ազգային երանգը շատ ավելի է զգացվում»:
Աթայանը վստաh էր, որ եթե գտնված նյութերը լրացվեին որոշ նվագախմբային և երգչախմբային հատվածներով, ապա Կոմիտասի ստեղծագործությունը կարելի է մեծ բեմ բարձրացնել: