Բացահայտելով, որ այս կամ այն հայտնի մարդու երակներով նաև հայկական արյուն է հոսում, մենք ամենևին էլ չենք փորձում աշխարհին ապացուցել, թե՝ տեսե՛ք ի՜նչ լավն ենք մենք՝ հայերս: Պարզապես հետաքրքիր է, երբ իմանում ես, որ Արթուր Մեսչյանի տղան՝ երաժիշտ Ջեյ Արմենը, Նյու Յորքի բոհեմական ակումբի պատվավոր հյուրն է, կամ որ Հոլոքոստի մասին գրված սցենարի` «Շինդլերի ցուցակի» հեղինակը օսկարակիր Սթիվեն Զաիլյանն է, «Ֆորմուլա 1»-ի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը կիսով չափ հայ է, Didi հայտնի պիտակն իրականում դիզայներ Դիդիեր Փարաքյանի անվան սկզբնատառերն են, աշխարհի 100 ամենասեքսուալ կանանցից մեկը մեր հայրենակցուհի Քեյլի Քոլն է, Ռուբեն Թերզյանի տիկնիկները իսկական մրցակից են դարձել հայտնի Բարբիին, սկանդալային վեբ մասթեր և գրող Ջորջ Օզունյանի անձնական կայքն ամսական 1 միլիոն մարդ է հաճախում, իսկ բժիշկ, տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը անմոռաց անուն է ՆԱՍԱ տիեզերակայանի պատմության մեջ… Այս և էլի մի քանի պեղված հայի (17 հոգու) մասին մենք ձեզ պատմել ենք ամբողջ տարվա ընթացքում, իսկ ոմանց հետ նույնիսկ անմիջական կապ ենք հաստատել՝ on-line հարցազրույցներ դերասանուհի Նորա Արմանիի, երաժիշտ Արմեն Չակմաքյանի, թմբկահար և ջազի Մոցարտ Ջեյքոբ Արմենի և նրա հոր` Ալբերտի հետ: «Ալամ աշխարհով» հայ պեղելն ամենևին էլ ինքնանպատակ չէ, և առավել ևս` ազգային բարդույթ: Վերաբերվեք մեր կատարած պեղումներին որպես մի խաղի, որը հաստատ չի վնասում ո՛չ մեզ, ո՛չ էլ նրանց, ովքեր ծագումով հայ են: Մենք շարունակում ենք մեր պեղումներն ու արդեն հաջորդ տարի ձեզ կներկայացնենք ազգությամբ հայ ֆոտոլրագրողի, ով աշխատում է ամերիկյան հայտնի ամսագրերում, նաև՝ մի մարդու, ով Դոմինիկյան Հանրապետությունում ճանաչված է որպես սիգարների արտադրության թագավոր…
Իսկ այսօր, թեմայից չշեղվելով, սակայն փոքր-ինչ փոխելով այս շարքի ֆորմատը, ուզում ենք ձեզ կարճ պատմությունների միջոցով ապացուցել, որ հայ կարող են լինել նույնիսկ նրանք, ովքեր անգամ բացառվում է, որ հայ լինեն:
Դժվար է պատկերացնել, սակայն…
Վիվիեն Լին ունի հայկական արմատներ
Կանաչ աչքերով և կատվի ժպիտով գեղեցկուհի դերասանուհին, ում շատերը ճանաչում են «Քամուց քշվածները» ֆիլմից (Սկարլետ Օ’Հարայի դերակատարը), իր ողջ կյանքի ընթացքում մնաց առեղծված: Ուժեղ բնավորությամբ և աստվածային գեղեցկությամբ այս կնոջ մասին գրվել են բազմաթիվ գրքեր, որտեղ հեղինակները նրա «հրաշք տեսակը» կապում են Վիվիենի բազմարյուն, խառնուրդ-ծնունդ լինելու հետ: Ե՛վ հնդիկները, և՛ ֆրանսիացիները, և՛ իռլանդացիներն ու անգլիացիները կարող են նրան համարել իրենցը։ Եվ որքանով էլ տարօրինակ հնչի, մի քիչ էլ մենք՝ հայերս, նրան կարող ենք համարել մերը: Ազգությամբ հայ է եղել Վիվիենի մորական տատիկը, ով ապրել է Հնդկաստանի Յակջի քաղաքում և այնտեղ էլ ծանոթացել իռլանդական ծագումով մի մարդու՝ ավելի ուշ՝ Վիվիենի պապիկի հետ: Վիվիենի մասին պատմող գրքերում առանձին մաս նվիրված է նրա մորը՝ Գերտրուդին, ով ականատեսների գնահատականով՝ աղջկանից էլ գեղեցիկ է եղել: «Հայկական արմատները Վիվիենին թերևս տվել են արևելյան այն նրբագեղությունն ու խորհրդավորությունը, որ դժվար է գտնել արևմտյան դերասանուհիների հայացքում»,- գրել են տարբեր հեղինակներ այս չքնաղ դերասանուհու մասին: Նա մահացավ 54 տարեկան հասակում տուբերկուլյոզից: Սարսափելի էմոցիոնալ, պոռթկուն բնավորությամբ ու օրական 4 տուփ ծխախոտ ծխող այս կինը, որ եղել է շատ տղամարդկանց իդեալն ու սիրախաղեր ունեցել նրանցից ամենահաջողակների հետ, խելագարի պես սիրել է իր առաջին ամուսնուն՝ դերասան Լոուրենս Օլիվիեին: Ու անգամ ամուսնալուծությունից հետո, մինչև իր մահը, Վիվիենի մահճակալին կից սեղանին էր գտնվում Լոուրենսի նկարը: Բազմաթիվ էջեր կարելի է լցնել Վիվիեն Լի անհատի պատմություններով, օրինակ, թե ինչպես նա որոշեց «Օսկարի» արձանը դնել լոգարանի դռան տակ, որպեսզի այն չփակվի, կամ ինչպես կարող էր նա իր տունը վերածել սիամական կատուների գազանանոցի և այլն, սակայն սրանք այլևս ոչ մի կապ չունեն նրա հայ լինելու հետ:
Գրեգորի Պեկ կամ Գրիգոր Փեքմեջյան
Դերասան Գրեգորի Պեկը ժամանակին եղել է սեքս խորհրդանիշ: Նկարահանվել է անթիվ-անհամար ֆիլմերում, որոնք բազմաթիվ մրցանակներ ու երկրպագուների բանակ են բերել դերասանին: Սակայն մենք կնշենք միայն մեկը՝ «Հռոմեական արձակուրդները», որը քիչ թե շատ կապ ունի մեր թեմայի հետ: Չէ, ֆիլմն, իրոք, Հռոմում է նկարահանվել և ամենևին էլ հայկական արձակուրդների մասին չէ: Բայց հենց այդ ժամանակահատվածում՝ 1953թ.-ին` նախքան Իտալիա մեկնելը, հանրահայտ դերասանը ծանոթացավ լրագրողուհի Վերոնիկ Պասանիի՝ իր երկրորդ տիկնոջ հետ: Վերոնիկ Պասանին նախքան իր սիրելի դերասանի հետ հարցազրույց վարելը, մանրամասն ուսումնասիրել էր նրա կյանքը և պարզել, որ դերասանն ունի հայկական արմատներ: Ամուսնությունից հետո Վերոնիկ Պասանին է՛լ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեց դեպի Պեկի անցյալը՝ պարզելով, որ ամուսինը հայ է հորական կողմից: Ֆրանսիացի այս կնոջ ջանքերով պարզվեց, որ Գրեգորի Պեկի իսկական ազգանունը Փեքմեջյան է և հենց այդտեղից է հետագայում առաջացել Փեք, իսկ այնուհետև` Պեկ ազգանունը: Պեղումների ժամանակ պարզվել է, որ հայկական ազգանունների մեջ Փեքմեջյան երբևէ չի եղել: Սակայն ավելի մանրազնին ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ Պեկի հայրական տոհմի ներկայացուցիչներն ապրել են Թուրքիայի հայաբնակ վայրերում: Բանն այն է, որ «փեքմեջ» բառը թուրքերեն է և նշանակում է՝ մարդ, որ գինի է վաճառում, այլ կերպ ասած՝ գինեվաճառ: Այն, որ Թուրքիայում ապրող հայերը թուրքերեն բառերին, հատկապես՝ մասնագիտություն նշանակող բառերին, կցել են «յան» վերջավորությունը, նորություն չէ: Տարօրինակ չէ նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում հայերը կարող էին զբաղվել գինեգործությամբ: Համենայն դեպս, հենց ինքը՝ Գրեգորին, հավատացել է այս պատմությանը և իր կյանքի ընթացքում ուսումնասիրել է հայոց լեզուն:
Արքայադուստր Դիանան հայ էր
Չէ, մենք չենք փորձում ձեզ համոզել կամ պնդել, պարզապես հարցնում ենք՝ ի՞նչ ազգության կարող է պատկանել հետևյալ անուն-ազգանունը կրող մարդը՝ Էլիզա Գևորգյան: Եթե Գևորգյանը հայ չէ, ուրեմն մենք բոլորս առնվազն ուզբեկ ենք: Դե, հիմա ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ այս աղջկա՝ Լեդի Դիի տատիկի տատիկի անուն-ազգանունը հենց Էլիզա Գևորգյան է։ Սա՝ ամենայն լրջությամբ։ Տարիների ընթացքում այս Գևորգյան ազգանունը դարձել է Գևորգ: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե Ջորջ, այլ՝ հենց Գևորգ. անգլիացիներն այս անունը գրում են հենց այսպես՝ Kewark: Այդ նույն անգլիացիները Դիանայի կենսագրությունը գրելիս չեն մոռացել նշել, որ Հնդկաստանում ապրող Էլիզա Գևորգ տատիկն իր պսակադրության արարողությունն անցկացրել է Հայկական Առաքելական եկեղեցում: Դեռ ավելին` որոշ ժամանակ նա նույնիսկ ապրել է Հայաստանում: Մի պատմություն էլ կա այն մասին, որ Լեդի Դիանայի մահից հետո, երբ լրագրողներն ու գրողները փորձում էին հազար ու մի տեղեկատվություն պեղել Դիանայի կյանքի մասին, նրա հորական տանը՝ Դիանայի անձնական թղթերի մեջ, հայտնաբերվել է մի նամակ: Նամակը, ի դեպ, գրված է եղել հայերենով: Դե, այսքան բանից հետո արի ու մի ասա, որ աշխարհի կեսը հայ է:
Վերջաբանի փոխարեն
Հիմա կմտածեք, թե ինչքան հեռու գնացինք՝ է՛լ տատի տատի տատ և է՛լ պապի պապ: Գուցե ճանապարհը շատ հեռու է ու խորդուբորդ, երբեմն էլ՝ ծիծաղելի ավարտով, սակայն, ինչպես արդեն ասացինք, սա խաղ է (սակայն ներկայացված բոլոր փաստերը հիմնավորված են, մենք ոչինչ չենք հորինում): Իսկ խաղի ընթացքում չի բացառվում, որ նույնիսկ Հայաստանում ապրող 100 տոկոսանոց հայերիս կյանքը փորփրելիս՝ պարզենք, որ մենք էլ, ասենք, չինական արմատներ ունենք ու կիսով չափ չինացի ենք:
Պատրաստեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»