«Բագրատյանի պնդումները հիմնավոր չեն: Նա ուղղակի կեղծում է փաստերը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդումներին`այսպես արձագանքեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Մեր այն հիշեցմանը, թե Հրանտ Բագրատյանը հարց է բարձրացնում` ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։
Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է, այս մոտեցումն ինչպե՞ս բնութագրել, երբ ժամանակին երկրի վարչապետ եղած անձն է նման դիրքորոշում հայտնում, սա բացասական ազդեցություն չի՞ ունենա նաև երիտասարդների մտածողության վրա, պարոն Գյուրջինյանը պատասխանեց. «Այս մոտեցումն առնվազն տարօրինակ է: Առաջարկում է փոխել ոչ միայն մեր երկրի անունը: Այդ մարդը մեզ՝ հայերիս, կոչում է արմեն, իսկ մեր լեզուն՝ հայերենը, այս տրամաբանությամբ՝ արմեներեն: Եվ իր խոսքում դրանք է գործածում: Կծիծաղեի, եթե ծիծաղս գար: Ուղղակի զարմանում եմ, որ առաջարկության հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել, գիտական աստիճաններ ունի»:
Փաստեցինք, որ Հրանտ Բագրատյանը պնդում է, թե հայերենն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է`իր խոսքով դատելով բառերի քանակից: Պարոն Գյուրջինյանից հետաքրքրվեցինք`Բագրատյանի պնդումներն արդյոք հիմնավոր ու տրամաբանակա՞ն են:
Լեզվաբանը վստահեցրեց, որ Բագրատյանի պնդումները հիմնավոր չեն: Նա ուղղակի կեղծում է փաստերը. «Ահավասիկ. ասում է, թե հայ-ռուսերեն բառարանում կա 75 հազար բառ (սա ճիշտ է, կարող էր լինել 50 հազար կամ 25 հազար, ինչպես որոշել են կազմողները), ապա հավելում, թե գրեթե նույնքան բառ կա Էդ. Աղայանի բացատրական բառարանում: Բացահայտ սուտ. Աղայանի բառարանը պարունակում է 135 600 բառ: Ավելիn ասեմ. Հովհ. Բարսեղյանի կազմած ուղղագրական-ուղղախոսական բառարանը, որ լույս է տեսել 1973-ին, պարունակում է 152 հազար բառ: Դրանցից հետո լույս են տեսել տերմինաբանական մի շարք բառարաններ (հիմնականում թարգմանական), որոնք հազարավոր նոր բառեր են ներկայացնում: Օրինակ՝ համակարգչին վերաբերող հայերեն ողջ տերմինաբանությունը նոր է: Ցավոք, հայերենի բոլոր բառերը մի տեղում հավաքված չեն, ուստի մենք խիստ մոտավոր կարող ենք ասել, թե որքան է կազմում հայերենի բառապաշարը: Դա կարող է մի քանի հարյուր հազարի հասնել»:
Տաթև Հարությունյան