Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (ՏԲԴ) սոցիոլոգիական հարցում է անցկացրել իրենց երկրում աշխատող միգրանտների շրջանում։ Հարցմանը, որն անցկացվել է 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մասնակցել են 8700 աշխատանքային միգրանտներ, որոնց թվում կան և ժամանակավոր աշխատողներ, և կացության իրավունք ունեցող արտասահմանցիներ։
Коммерсанть-ը ներկայացրել է այդ հետազոտության արդյունքները, որոնք հետաքրքիր են և որոշ դեպքերում՝ բավական մտահոգիչ։
Որքան միգրանտներ են աշխատում Ռուսաստանում
Ըստ հետազոտության արդյունքների, 2016 թվականին Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թիվը մոտ 4.3 մլն է (ըստ միգրացիոն հաշվառման)։
Աշխատելու իրավունք ունի նրանց 64%-ը։ Օտարերկրյա միգրանտներին ավելի հաճախ աշխատանքով ապահովում են փոքր և միջին ընկերությունները։
Անկախ ունակություններից՝ միգրանտների մեծ մասին վստահվում է բարձր որակավորում չպահանջող աշխատանք։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ հայրենիքում ավելի բարձր որակավորման աշխատանքով էին զբաղվում։
Ըստ երկրների բաշխվածությունը ներկայացված է գծապատկերում։
Ամենից շատ միգրանտներ ռուսաստանյան աշխատանքի շուկայի համար ապահովում է Ուզբեկստանը՝ 1 միլիոն 433.6 հազար մարդ։ Երկրորդ տեղում Տաջիկստանն է՝ 837.7 հազար մարդ։
Ըստ հետազոտության արդյունքների, Ռուսաստանում աշխատում է ՀՀ քաղաքացի հանդիսացող 209.9 հազար մարդ։ Ադրբեջանցիների թիվը 199 հազար է։
Օտարերկրյա աշխատողները Ռուսաստանում 2016թ. (ըստ միգրացիոն հաշվառման), հազար մարդ
Որքան են վաստակում միգրանտները
Ռուսաստանում աշխատող բոլոր միգրանտների միջին ամսական աշխատավարձը կազմում է ամսական 30.1 հազար ռուբլի։ Հետազոտության հեղինակները նշում են, որ Ռուսաստանի քաղաքացիների համար նույն համադրելի ցուցանիշը 35.8 հազար ռուբլի է։ Այսինքն, գործատուներն ամեն դեպքում խտրականություն են դնում տեղացիների և եկվորների միջև։
Ընդ որում, կապ չունի՝ գործ ունենք օրինական, թե անօրինական աշխատանքի հետ։
Հակառակ տարածված կարծիքի՝ օրինական և ոչ օրինական աշխատողների վարձատրությունը զգալիորեն չեն տարբերվում։
Կոնկրետ Հայաստանի դեպքում, օրինական աշխատողները ամսական ստանում են 31.1 հազար ռուբլի, ոչ օրինական աշխատողները՝ 28.1 հազար ռուբլի։
Օրինական աշխատողների միջին վարձատրության առումով Հայաստանը 6-րդ տեղում է։ Ամենից բարձր վարձատրվում են Ռուսաստանում օրինական հիմունքներով աշխատող բելառուսցիները (41.1 հազար ռուբլի), վրացիներն ու ադրբեջանցիները (35.9 հազար ռուբլի), մոլդովացիները (35.3 հազար ռուբլի) և ղազախստանցիները (31.6 հազար ռուբլի)։
Ռուսաստանի աշխատանքային միգրանտների միջին ամսական աշխատավարձը 2017 թվականին (հազար ռուբլի)
Մնա՞լ, թե՞ գնալ. միգրանտների պլանները
Ռուսաստանում աշխատող միգրանտների պլաններին վերաբերվող այս կետը երևս ամենամտահոգիչն է մեր տեսանկյունից։
Ինչպես տեսնում եք աղյուսակում, Ռուսաստանում աշխատող հայաստանցիների 72.1%-ը պլանավորում է ընդմիշտ հաստատվել այդ երկրում։ Այդ ցուցանիշով մենք առաջին տեղում ենք։
Մեզ հաջորդում են Վրաստանի (70.5%) և Ուկրաինայի (67.6%) քաղաքացիները։
Ռուսաստանում ապրող հայաստանցիների ընդամենը 8.5%-ն է պլանավորում վերադառնալ հայրենիք, այդ թվում՝ 5.2%-ը նախատեսում են վերադառնալ 1-2 տարուց ոչ շուտ։
11.9%-ը չի ցանկանում ընդմիշտ հաստատվել Ռուսաստանում և ոչ էլ ընդմիշտ վերադառնալ. այս մարդիկ գերադասում են մշտապես մեկնել աշխատանքի և վերադառնալ։ 1.4%-ը պլանավորում է Ռուսաստանում որոշ ժամանակ ապրելուց հետո տեղափոխվել մեկ այլ երկիր, 6.1%-ը պլանների հետ կապված այլ պատասխան է տվել կամ դժվարացել պատասխանել։
Միգրանտների պլանները՝ Ռուսաստանում հաստատվելու վերաբերյալ, %