«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը՝ SIMFEST-ի մրցանակակիր
Advertisement 1000 x 90

«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը՝ SIMFEST-ի մրցանակակիր

Անկախ պրոդյուսերների և հեռուստատեսությունների SIMFEST 14-րդ միջազգային փառատոնում, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-20-ին Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում, ռումին ռեժիսոր Դիանա Դելեանուի «Պատմություններ Արմենոպոլիսից» ֆիլմն արժանացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչության կողմից տրված վավերագրական կինոյի մրցանակին:

Ինչպես տեղեկացրին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից, ֆիլմն ստեղծվել է Գեռլայի տուրիստական կենտրոնի և ռումինական TVR հեռուստաընկերության միջև 2016 թ. սկսված համագործակցությամբ, որի արդյունքում նկարահանվել են երեք վավերագրական ֆիլմեր հին Արմենոպոլիսի մասին. «Պատմություններ Արմենոպոլիսից», «Արմենոպոլիս»  և «Ռումինիայի փոքրամասնությունների պատմությունը»։

Այս վավերագրական ֆիլմերի միջոցով հեռուստադիտողները շատ մանրամասներ և տեղեկություններ են իմանում Տրանսիլվանիայի Սոմեշ գետի ափին գտնվող քաղաքի պատմության և ավանդույթների մասին: Այս կերպ Գեռլա քաղաքը հանրաճանաչ դարձավ երկրի մակարդակով: Շուտով «Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը կվերահեռարձակվի ռումինական TVR 1 հեռուստատեսությամբ:

24-րոպեանոց ֆիլմն սկսվում է Գեռլայի Օսվենցիմի տեղահանությունը վերապրած վերջին հրեա բնակիչ Զոլտան Բլումի պատմությամբ։ 90-ամյա Բլումը ըմբռնումով և իմաստավորելով պատմում է այն տրավմատիկ և ողբերգական պահերի մասին, որ ինքն ապրել է. «Ես չեմ դատապարտում որևէ մեկին: Կային մարդիկ, ովքեր մեզ անիծեցին, բայց կային նաև նրանք, ովքեր մեզ օգնեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ վտանգ կա, որ նորից նույնը տեղի կունենա: Ներեք, բայց մի մոռացեք»։

Այնուհետև ֆիլմն անդրադառնում է Գեռլայի հայերի պատմությանը: Արմենոպոլիսը կամ Գեռլան Ռումինիայի միակ քաղաքն է, որը կառուցվել է 18-րդ դարի սկզբում, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից ՝ ըստ նախապես սահմանված պլանի, և Ավստրիական արքունիքի կողմից ստացել «Թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Մինչև այսօր պահպանվել են բարոկկո ոճի շինությունները:

Հայերը հպարտությամբ են խոսում այն ժամանակների մասին, երբ պարտքով փող էին տալիս ավստրիական կայսրերին:

Գեռլայի հայ համայնքի ղեկավար Յոան Էստեգարը պատմում է, թե ինչպես Ֆրանց Առաջին կայսրը, որպես երախտագիտության նշան, արքունիքում հյուրնկալած Գեռլայի մեծահարուստ հայերին է նվիրում Ռուբենսի «Խաչից իջեցումը» կտավը, որն այսօր զարդարում է Գեռլայի հայ կաթոլիկ տաճարը: Գեռլան կամ Արմենոպոլիսը մնում է հայ փոքրամասնության մոռացված մայրաքաղաքը: