Հազվադեպ հանդիպող արատներ
Advertisement 1000 x 90

Հազվադեպ հանդիպող արատներ

Յուրաքանչյուր ծնող երազում է առաջին հերթին առողջ երեխա ունենալու մասին: Եվ որքան էլ յուրաքանչյուր մայր փորձի առողջ ապրելակերպ վարել և այդպիսով նպաստել իր փոքիրիկի լիարժեք զարգացմանը, այնուամենայնիվ, ինչպես փաստում են վիճակագրությունն ու առկա դեպքերը, բնածին արատներից խուսափել ոչ բոլորին է հաջողվում:

Որո՞նք են այն բնածին արատները, որ հաճախ են արձանագրվում վերջերս, և ի՞նչ ճակատագիր է սպասվում այն փոքրիկներին, ում նկատմամբ բնությունն փոքր-ինչ դաժան է գտնվել: Զրուցեցինք  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայության վարիչ, ճառագայթաբան Տիգրան Շավարշի Քոչարյանի հետ՝ պարզելու հղիության ընթացքում պտղի մոտ բնածին արատների հայտնաբերման հնարավորությունները:

 -Շուրջ 18 աշխատանքային տարիների ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ հազվատեպ հանդիպող արատների, բայց այս պահին նշեմ 2 հազվադեպ հանդիպող արատների մասին որոնց  հանդիպել ենք, ընդ որում դրանք միմյանց հաջորդում էին մեկ ամիս ընդմիջումով: Խոսքը սիամական երկվորյակների մասին է:
Առաջին դեպքում ծնողները իրոք անակնկալի եկան, քանի որ դեռ 6 շաբաթական ժամկետում հետազոտության ժամանակ ես նշել էի, որ տեսնում եմ միայն մեկ սիրտ: Հաջորդ հետազոտության ժամանակ,  նշեցի որ 2 պտուղ եմ տեսնում, բայց դրանք միացած էին կրծքավանդակներով և սիրտը մեկն էր: Հղիությունը ընդհատվեց:

Եվս մեկ նմանատիպ դեպք ենք ունեցել: Երկվորյակները այս դեպքում միմյանց միացած էին փորիկներով, բայց քանի որ հղիությունը տվյալ կնոջ կողմից պլանավորված չէր, ուստի հոգեբանական առումով  շատ դժվար չէր  նաև հղիության ընդհատման որոշում կայացնելը: Այս դեպքը իհարկե հղիության ընդհատման ցուցում է, քանի որ համաշխարհային պրակտիկայում նման երկվորյակների բարեհաջող հաջողված բաժանման վիրահատությունների դեպքեր չկան:

-Ի՞նչ արատներ են  հնարավոր հայտնաբերել ներարգանդային շրջանում:

Հաճախ լինում են տարբեր նորագոյացություններ: Եթե մենք կարողանում ենք պարզել,  որ դրանք չեն խանգարում պտղի կենսունակությանը՝ չարորակ չեն, չեն սպառնում պտղին, չեն վնասում նրա անոթները, սիրտը, այլ կարևոր օրգանները, ապա  հղիությունը ծնողների ցանկությամբ շարունակվում է: Եթե ծնվելուց հետո երեխան հաջող վիրահատվում է, ապա սա մեծ հաղթանակ է, քանի որ ցանկացած շեղում մեծ մասամբ տանում է հղիության ընդհատման: Սովորաբար, երբ մենք նշում ենք, որ պտղի մոտ տեսնում ենք խնդիր, ծնողները չեն ցանկանում ռիսկի դիմել, առերեսվել բարդությունների, վիրահատությունների, հետևաբար ընդունում են հղիության ընդհատման որոշումը:

Լինում են նաև հենաշարժական ապարատի խնդիրներ՝ ծուռթաթություն, անշարժություն, կոնքազդրային հոդախախտեր, որոնք ախտորոշվում են ներարգանդային շրջանում:

Լինում են նաև դեպքեր, երբ պտղի ոսկրի մի մասը բացակայում է, մատերի արանքում լինում է թաղանթ և այլ դեպքեր: Այսպիսով շատ կարևոր է ներարգանդային վիճակում ախտորոշել ու տեղեկանալ հնարավոր արատների մասին:

Հաճախ է հանդիպում նապաստակի շուրթ արատը, բայց այն, շնորհիվ զարգացած բժշկության, վիրահատական ճանապարհով շտկվում է և նույնիսկ սպի չի մնում: Մի փոքր ավելի բարդ է իրավիճակը, երբ նապաստակի շուրթը զուգակցվում է գայլի երախի հետ, բայց այս դեպքում էլ, եթե խնդիրները մեծ չեն, դրանք ևս կարելի է շտկել վիրահատական միջամտությամբ:

-Բժիշկ, որոնք են այն արատները, որ համեմատաբար քիչ են հանդիպում նորածինների մոտ, սակայն կան և իրական սպառնալիք են երեխայի կյանքին ու կյանքի որակին:

-Մենք կխոսենք այն հազվադեպ հանդիպող արատների մասին, որոնք մենք ենք հանդիպել մեր պրակտիկայում, որոնհետև դրանք բազմաթիվ են: Վերջերս մեր կլինիկայում մի դեպք գրանցվեց, երբ երեխան ծնվել էր սրտի թորակալ էկտոպիայով, այսինքն երեխայի սիրտը դուրս էր կրծքավանդակից, ծածկված չէր մաշկով, բայց պտուղը ծնվել էր կենսունակ:Նա 3 օր ինքնուրույն շնչում էր, նրա սիրտը աշխատում էր բոլորի աչքի առջև` կրծքավանդակից դուրս: Այս երեխայի կյանքը այդպես երկար շարունակվել չէր կարող և որոշում կայացվեց վիրահատել նրան: Ցավոք սրտի  վիրահատությունն անհաջող անցավ: Բժիշկներն արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի վիրահատության հաջող արդյունք գրանցեն:

Պետք է նշեմ, որ համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության հաջող փորձ դեռևս չի գրանցել:

-Նման խնդիրը հնարավո՞ր չէ ախտորոշել ներարգանդային փուլում:

-Հնարավոր է, իհարկե, ինչը և մենք արել էինք դեռ 13 շաբաթական ժամկետում: Սովորաբար նման դեպքերում ծնողները որոշում են կայացնում ընդհատել հղիությունը, որպեսզի նման արատով երեխան չծնվի, բայց քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում էր երկվորյակների մասին, այն էլ երկար տարիների անպտղությունից հետո, և  մյուս բալիկը առողջ էր, հղիությունը պահպանեցինք հանուն առողջ բալիկի:

Հայաստանում այցով այդ պահին գտնվում էր մանկաբարձությունում և գինեկոլոգիայում անդրաձայնային հետազոտությունների համաշխարհային ասոցիացիայի դեսպան,պրոֆեսոր  Ֆրեդ Ուշակովը Լոնդոնից, ով բավական հետաքրքրված էր դեպքով և մեզ համար իրոք պատիվ էր, որ նա ցանկություն հայտնեց դեպքը մանրամասնությամբ ներկայացնելու այլ երկներում, կիսվելու հայ բժիշկների փորձով :

-Կա՞ն այնուամենայնիվ դեպքեր, երբ ծնողները չեն ընդհատում ակնհայտ արատով նման հղիությունները:

-Այո, և այդ թիվը փոքր չէ: Կան շատ ծնողներ, ովքեր պայքարում են մինչև վերջ:

Վերջերս մի դեպք ունեինք՝ ծնողներն ունեին ժառանգական խնդիր:  Փոքրիկի պարանոցին կար մեծ նորագոյացություն, որը չէր դիպչում երեխայի ողնուղեղին, խոշոր անոթներին: Որոշում կայացվեց պահպանել հղիությունը: Երեխայի ծնվելուց հետո նրա պարանոցի վրա տեղակայված գլխի չափից  մի քիչ փոքր գոյացությունը վիրահատության միջոցով հեռացվեց: Այսօր փոքրիկն արդեն 1,5 տարեկան է և որևէ խնդիր չունի: Առկա է միայն սպի, որը հետագայում հնարավոր կլինի հեռացնել կոսմետիկ վիրահատության միջոցով:

Նման դեպքեր շատ են լինում: Ունեցել ենք ողնաշարի բազմակի ճողվածքների դեպքեր: Եթե ողնաշարի ճողվածքի հետ մեկտեղ չկա ողնուղեղեղային  ցիրկուլյացիայի արտահոսքի խանգարումներ և այն չի զուգակցվում նաև գլխուղեղի փորոքների լայնացմամբ, ապա այդ հղիությունները ցանկալի է պահպանվեն, քանի որ այդ խնդիրները լուծվում են ծնվելուց հետո վիրահատության միջոցով և երեխաները որևէ հետագա առողջական բարդություն չեն ունենում:
Դե իսկ եթե կա գլխուղեղի փորոքների լայնացում և ողնաշարի ճողվածքներ, ապա սա հղիության ընդհատման ցուցում է, քանի որ հիմնականում տուժում է գլխուղեղը:

-Ինչպիսի՞ն է արատների հետ կապված համաշխարհային վիճակագրությունը:

-Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ ըստ վիճակագրական  տվյալների ամբողջ աշխարհում կա բնածին արատների աճ: Ճիշտ ժամանակահատվածներում` 11-14 շաբաթական, 18-21 շաբաթական և 32-34 շաբաթական հիղության ժամանակ անցկացվող անդաձայնային հետազոտությունները նպաստում են բնածին արատների հայտնաբերման ավելի բարձր արդյունավետությանը:

healthmag.am



Նման նյութեր