Այն, ինչ առաջարկում է Մամեդյարովը, խաբկանք է. քաղաքագետ. araratnews.am
Advertisement 1000 x 90

Այն, ինչ առաջարկում է Մամեդյարովը, խաբկանք է. քաղաքագետ. araratnews.am

ԵԱՀԿ Մինսկի  խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի հայտարարությունը ստիպեց, որ Մամեդյարովն այսօր հայտարարություն անի բանակցությունների վերաբերյալ, թեև մինչև այս ադրբեջանական կողմը հերքում էր, որ որևէ փաստաթուղթ գոյություն ունի: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որում նշվում է, որ Ադրբեջանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկությունների փաթեթի վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններ սկսելուն:

«Ադրբեջանական կողմը միշտ հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չկա: Եթե պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը գոնե հայտարարում են, որ բանակցություններն ընթանում են մադրիդյան թարմացված սկզբունքների շուրջ, ապա ադրբեջանական կողմը մինչև այսօր բացարձակապես հերքում էր և հայտարարում, որ ոչ մի այդպիսի փաստաթուղթ չկա, ոչ մի կետ չկա, որոնց վերաբերյալ կողմերի միջև համաձայնություն է եղել: Եվ այսօր` Հոգլանդի հայտարարության արդեն երկրորդ օրը, պարտադրեց, որ Մամեդյարովը հանդես գա հայտարարությամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը, քաղաքագետի խոսքով` այստեղ Մամեդյարովը որևէ նոր բան չի ասել. «Ադրբեջանի արտգործնախարարը փորձում է կեղծել բանակցային գործընթացի ամբողջ էությունը,  և դա այն դեպքում, երբ հիմա կոնկրետ քննարկվում է խնդրի լուծման փաթեթային տարբերակը: Ադրբեջանի արտգործնախարարը մեզ կրկին հրամցնում է փուլային տարբերակը, և պատահական չէ, որ առաջինը, ինչպես Մամեդյարովն է առաջարկում, հայկական զորքերի դուրսբերումն է այսպես կոչված օկուպացված տարածքներից և փախստականների վերադարձը, և հետո նոր պետք է քննարկվի այն, ինչ առաջարկել է Հոգլանդը:

Այն, ինչ առաջարկում է Մամեդյարովը, խաբկանք է: Ադրբեջանական կողմը փորձում է խաբել մեզ և միջազգային հանրությանը, համոզելով, որ եկեք դուք մեզ սկզբից հողերը տվեք, այսպես կոչված փախստականները հետ գան, հետո նոր մնացած հարցերը կլուծվեն»:

Իսկ Հոգլանդի հայտարարությունը, ըստ Համբարյանի, նորություն չէր, մադրիդյան թարմացված սկզբունքներն էին, որոնց շուրջ 2007 թվականից բանակցություններ են ընթանում. «Հոգլանդն ընդամենը ադրբեջանական և հայկական հասարակությանը կրկին հիշեցրել է, որ բանակցություններն այս փուլով են ընթանում, և միևնույն ժամանակ հասկացրել, որ ՌԴ նախագահ Պուտինը, ով վերջերս շատ ակտիվ ստանձնել է միջնորդի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար… այդ հանդիպումները, ինչքան էլ Պուտինը կազմակերպի, միևնույն է` սեղանին դրված է մի փաստաթուղթ, որի թիկունքում ոչ միայն Ռուսաստանն է, այլ նաև ԱՄՆ և Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի»:

araratnews.am



Նման նյութեր