Զգալի չափով տուգանքների կիրառումը կօգնի մաքրել փողոցներն անթույլատրելի վայրերում թափած աղբից, կարծում է ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը:
«Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծով ՀՀ-ում կկիրառվի թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն և կսահմանվեն շրջակայքի աղտոտման համար տուգանքները:
Բախշյանը պարզաբանեց, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում մի քանի սկզբունք է դրված։ Դրանցից մեկն աղբը հավաքելու ժամանակ մարդկանց առողջությանը հասցված վնասի հնարավոր նվազեցումն է։
«Երկրորդը` արդյունավետ հավաքումն ու թափոնների կառավարումը, երրորդը` ամենակարևորը, աղբի վերամշակման ժամանակ բնական ռեսուրսների օգտագործման նվազեցումն է»:
Նրա խոսքով` մարդու առողջությանն անմիջական վնաս են հասցնում կեղտաջրերը, որոնք անցնում են հողի միջով և հետագայում միախառնվում խմելու ջրի աղբյուրներին։
Նա անդրադարձավ նաև անթույլատրելի վայրերում աղբ թափելու համար նախատեսված տուգանքների հարցին։ Բախշյանի խոսքով` փորձ է արվել պահպանելու օրենքով արդեն իսկ նախատեսված 20-30 հազար դրամով տուգանելու շեմը։
«Անթույլատրելի վայրերում մինչև 2 կգ թափված համայնքային թափոնների համար (կենցաղային աղբ, տերևների կույտեր և այլն) նախատեսվում է 16 հազար դրամ տուգանք, 2 կգ-ից ավելի աղբի համար ստիպված կլինեն վճարել 32 հազար դրամ (իրավաբանական անձանց պարագայում գումարը կկազմի 100 հազար դրամ)», — ասաց Բախշյանը։
1 խմ թափոնի համար կտուգանվեն 60 հազար դրամի չափով ֆիզիկական և 200 հազար իրավաբանական անձինք։
Ավտոմեքենաների «կմախքների», կենցաղային տեխնիկայի (հեռուստացույց, սառնարան) համար` 100 հազար դրամ։ Էլեկտրական մարտկոցների, կտրող-ծակող առարկաների համար` 20 հազար դրամ։
Անվադողերի (ոչ հեծանիվների) նկատմամբ հատուկ մոտեցում է ցուցաբերվել` մինչև 5 հատը կարժենա 30 հազար դրամ։
Շինարարական (իներտ) աղբի համար կտուգանվեն սկսած 40 հազար դրամից 1 խմ-ի համար (իրավաբանական անձինք` 100 հազար)։
Խախտում են համարվելու նաև կենդանիների կենսաթափոնները։ Կենդանիների կողմից աղտոտման համար նրանց տերերը ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամ։
Կենդանու լեշի (հատկապես սպանդանոցից բերված) համար կտուգանվեն 30 հազար դրամ մինչև 20 կգ-ի համար (իրավաբանական անձանց համար` 100 հազար) և կրկնակի ավելի՝ մեծ քաշի համար։
Բախշյանը նշեց, որ նախարարության կողմից առաջարկվող սակագները կարող է չկիրառվեն այս չափով, քանի որ օրենքը նոր է քննարկամն առարկա դարձել։
Ինչ վերաբերում է խախտումները գրանցելուն և արձանագրությունները կազմելու՝ առաջարկվում է 3 իրավասու մարմին հաստատել` տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (կամ որևէ այլ գերատեսչական մարմին), ոստիկանություն և տեղական ինքնակառավարման մարմին։
Վերջին ժամանակները գոյություն ունեցող 2029 աղբանոցից փակվել է 1534-ը, ևս 218-ը փակման ենթակա են։ Ներկա պահին գործում է 277 հիմնական աղբանոց, մինչև 2018 թվականի մայիսի 27-ը դրանց թիվը նախատեսվում է հասցնել 117-ի։
Նախարարության տվայլներով` ավելի մեծ տարածքով, բայց սակավաթիվ աղբանոցները թույլ կտան նվազեցնել աղբի վերամշակման ծախսերը։