Գերմաներենից հայերեն թարգմանված մի գրքում ինձ համար անսպասելիորեն կարդացել եմ, որ Արարատը հավասարաչափ հեռավորության վրա է … Աֆրիկայի հարավային ծայրակետը կազմող Բարեհուսո հրվանդանից, Ասիան ու Ամերիկան բաժանող Բերինգի նեղուցից, Խաղաղական ու Ատլանտյան օվկիանոսներից:
Գիրքը լույս է տեսել Շտուտգարտում, 1949 թվականին, երբ պատերազմից մի կերպ ուշքի եկող Գերմանիան փորձում էր բուժել իր վերքերը (թեպետ բնագիրը՝ շատ ավելի վաղ, 1913 – ին), և կոչվում է ,,Բնական ու քաղաքակրթական պատկերներ կովկասեան երկրներեն ու Հայաստանեն:,,
Ուշադիր լինենք, – այս վերնագրի տրամաբանությամբ Կովկասն ու Հայաստանը նույնական չեն, ինչպես որ ամենևին էլ կովկասածին չեն … մեր էպոսի հերոսները, ինչն էլ նշանակում է, որ այս գրքի հեղինակները՝ գիտական արշավախմբի անդամներ, որոնք շվեցարացի պրոֆեսոր Ռիքլիի գլխավորությանբ ավելի քան հարյուր տարի առաջ բարձրացել են Մեծ Արարատ, մեր երկիրն ընկալել են լրիվությամբ: Ընդ որում՝ աշխարհագրականն ու քաղաքակրթականը՝ միասնաբար:
Բայց սա չէ, որ բնականից մեզ տրված իրողությունը դարձնում է շոշափելիության չափ միստիկական: Արարատի տեղակայությո՛ւնն է փշաքաղեցնում,- որպես մի համաշխարհային հանգուցակետ …
Որքանո՞վ է ստույգ այս գիտնականների պնդումը: Ո՞ր աղբյուրներով է այն հաստատվում: Ես չեմ փորձում փնտրել այդ աղբյուրները, որպես լրացուցիչ ապացույցներ: Ես մի կողմ եմ դնում քարտեզն ու կարկինը, որովհետև այդ համառոտ տեղեկանքի միջից ճառագայթում է մեկ ուրիշ՝ ճակատագրական խորհուրդ:
Հավանաբար, անտեսանելի և իմաստուն մի ձեռք ճշգրիտ հաշվարկել է Տապանի համար անհրաժեշտ տեղը և քաղաքակրթություններ ապագա մրցասպարեզում, – երևի նաև՝ զրուցարանում, – նախապես իջեցրել մի զույգ երկնաքեր գմբեթ: Եվ եթե երկար զննենք այդ գմբեթները, միգուցե նրանց ներևսից տարածվող զանգահարությունը լսելի դառնա մեզ:
Հ.Գ. Իմ պատշգամբը երջանիկ է՝ ուղիղ Արարատին է նայում, իսկ այսօր՝ ապրիլի 24 – ին, Լեռն ամբողջովին բաց է և ինքն է զննում մեզ՝ հայոց բոլոր ժամանակների ու բոլոր սերունդների անունից: Ընդ որում՝ ոչ միայն անցած – գնացած, այլև ներկա ու նույնիսկ՝ ապառնի:
Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումից