Եկեք սովորենք մտածել. champord.am
Advertisement 1000 x 90

Եկեք սովորենք մտածել. champord.am

Հետաքրքիր պատմություն կա․ երկու ճարտարապետների հրավիրում են հարցազրույցի, որպեսզի որոշեն՝ ում ընդունել աշխատանքի։ Նրանց ցույց են տալիս հարակից  շենքն ու հարցնում․ըստ Ձեզ, որքա՞ն բարձրություն ունի այն։ Առաջինը պատասխանում է՝ ըստ իմ սովորածի, նմանօրինակ շենքերն ունենում են, մոտավորապես, այսքան-այսքան մետր բարձրություն, դասագրքային օրինակ է։ Երկրորդը խնդրում է իրեն մի քանի րոպե հատկացնել: Նա դուրս է գալիս սենյակից, չափում իր հասակը, համեմատում այն  շենքի ստվերի հետ, և երկուսի օգնությամբ կարողանում մոտավոր թիվ ասել։

Ո՞ւմ կընդունեիք աշխատանքի, և ըստ ձեզ, ո՞վ է ավելի խելացի։ Ներկայիս կրթական համակարգը նույնպես այս հարցի պատասխանը գտնելով է զբաղված։ Ի վերջո, ո՞րն է ավելի ճիշտ՝ հենվել դասագրքային ճշմարտությունների վրա, ինչպես, օրինակ, անում էր սովետական կրթությունը, թե՞ դուրս գալ կրթական կաղապարներից ու մարդկանց ոչ թե  միայն փաստեր սովորեցնել, այլև սովորեցնել մտածել ու աշխատել տվյալ փաստերի հետ՝ դրանք ինքնանպատակ անգիր անելու փոխարեն։

Սովետական կրթությունը շատերի համար անմրցելի է մնում։ Բայց գուցե այն այդքան լավն էր թվում, որովհետև ուղղակի համեմատելու այլ եզրե՞ր չկային։  Այսօր կրթությունն է գնում դեպի անհատը՝ տեղավորվելով համակարգչում, անգամ գործում են դպրոցական ծրագրեր, որոնք երեխան կարող է առանձին ու տանը սովորել, «դրսի» երկրներում  այս տարբերակը գնալով շատանում է, քանի որ ապացուցվում է նրա  արդյունավետությունը, իսկ սոցիալական ակտիվությունն այլ կերպ էլ կարելի է ապահովել։

Մյուս կողմից էլ երբ անհատներն են հավաքվում կրթության շուրջ, խմբակային ուսուցումն էլ տալիս է հնարավորություն՝ միասին քննարկելու, տարակարծություն տեսնելու, և եթե ուսուցիչները լավը լինեն, նրանք կկարողանան ցանկացած տեսակ կրթությունը ճիշտ օգտագործել ու ուղղել երեխային մտածել սովորելու մեջ։ Նշանակում է, որ ինչ կրթություն էլ ընտրես, շատ կարևոր է ուսուցչի պատրաստվածությունն ու պատրաստակամությունն այդ գործում, որովհետև իր ուղղորդմամբ է նոր սերունդը սովորելու վերլուծելով  գիտելիք ստանալ՝ ի տարբերություն  մեր ավագ սերնդի, որոնք հիմնականում կուրորեն վստահում էին դասագրքերին ու այլընտրանքային կրթության հնարավորություն չունեին։

Երկու տարբերակում էլ գալիս ես այն համոզմանը, որ, այնուամենայնիվ, մտածել ու վերլուծել կարողանալը պարտադիր է։ Քանի որ ինչքան ավելի կրթված ես, կարդացած, այնքան ավելի շատ «գործիքներ» ունես, որոնք քեզ հետագայում կօգնեն կյանքդ ավելի բարձրորակ կառուցել, և աշխատանքում էլ պիտանի մասնագետ դառնալ։ Ներկայիս կրթական  ոլորտում կարևոր չեն դիպլոմները, սերտիֆիկատներն ու հազար ու մի  թղթի կտորները։ Կարևոր է՝ որքան ես տիրապետում մասնագիտությանդ, ինչպես ես այն ծառայեցնում՝ ի շահ քեզ ու հանրության։ Կրթությունը գնահատողների համար կարևոր չէ՝ ինչ գիտես, շատ ավելի կարևոր է՝ ինչու գիտես, ինչու ես ընտրել հենց այդ գիտելիքն ու ինչպես ես այն կարողանում օգտագործել։  Աշխարհը դանդաղ բայց հաստատուն սկսում է ընտրել այն «ճարտարապետներին» որոնք անգիր չգիտեն դասագիրքը, բայց իրենց հասակի ու արևի ստվերի օգնությամբ կարող են  լուծում առաջարկել, քանի որ  ավելի ճկուն են, ստեղծագործ ու պատրաստ կյանքին։ Լավ կրթությունը սկսում է  դոգմաներից անդին, եկեք սովորենք մտածել։

Սիրով՝ ձեր Արիանա

champord.am