Արշալույս Զուրաբյան. «Մեր դպրոցը»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Մեր դպրոցը»

Արշալույս Զուրաբյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է.

ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

1853 թ. աշնանը, Մեծ Ղարաքիլիսայում (Վանաձոր), Կարապետ քահանայի ջանքերով բացվեց ծխական դպրոց: Ես անդրանիկ աշակերտներից էի։ Ինչպես ամենուրեք, մեր դպրոցի ծրագրում էլ ընդգրկված էր Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան ու Չամչյանի քերականությունը: Եւ այդ մարգարիտները մանուկների գլուխը լցնելու համար տերթոդիկյան դպրոցի բոլոր սարսափներն ու ծեծի բոլոր տեսակները անբաժան էին մեր դպրոցից:

Ջրօրհնեքն ու Զատիկը մեզ ամենեւին չէին ուրախացնում: Իսկապես սկսվում էին մեր չարչարանքի օրերը՝ տաժանակիր աշխատանք էր պահանջվում: Կատարելապես նահատակվում էինք եւ ֆիզիկապես մաշվում, մինչեւ որ կարողանում էինք վարժապետի երեսը պարզ անել: Անգիր էինք անում բոլոր «փոխերն» ու «քարոզները» եւ տիրացություն անում: Ժողովուրդն էլ դպրոցի առաջադիմությունը հենց դրա մեջ էր հասկանում եւ այդ էր պահանջում: Թոթովախոս մանուկի՝ եկեղեցում առաջին անգամ «համբարձի» ասելը անսահման ուրախություն էր պատճառում ծնողներին: Եթե դրա հետ էլ սովորում էր «նիսիա ի վեր առի, պարտ եմ» գրելը, արդեն ամեն ինչ կատարյալ էր:

Տերթոդիկյան տիպի դպրոցում վեց տարի շարունակ մաշելով իմ մատաղ սիրտն ու հոգին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում շուտով մոռացա իմ դպրոցական կյանքի տխուր անցյալը: Այստեղ «Հայոց լեզվի» ուսուցիչը Գարեգին Մուրադյանն էր: Նրա մասին շատ էինք լսել եւ սրտատրոփ սպասում էինք նրան աշակերտել: Վերին աստիճանի քաղցրաբարո, քաղաքավարի, համակրելի մարդ էր: Իր ընկերական սրտաբաց վարմունքով գրավել էր ամբողջ աշակերտության սիրտը:

Կրոն դասավանդում էր Ստեփան քահանա Մանդինյանը: Սկզբում մի կերպ տանելի էր այդ մարդը իր ճոռոմաբանությամբ, սակայն երրորդ դասարանից արդեն անտանելի դարձավ: Նրան չէինք հարգում, չէինք լսում, չէինք սովորում, սովորելու էլ ոչինչ չկար: Երրորդ դասարանում նա կրկնում էր անցյալ տարվանը այլ բառերով, երկարացնելով: Հարցերին կամ չէր պատասխանում, կամ տալիս էր ընդամենը մեկ պատասխան. «Ողորմությամբ Աստուծոյ»:

Գոհ չէինք նաեւ գրաբարագետ Առաքել վարժապետից: Մինչեւ որ աշակերտները նրա վերարկուն արտաքնոց չձգեցին՝ չհեռացավ դպրոցից:

Ֆրանսերենի դասատուն պոլսեցի Մարկոս Աղաբեկյանն էր՝ «Կռունկ» ամսագրի խմբագիրը: Տարօրինակ մարդ էր նա. դասարանում հաճախ քնում էր ցիլինդրը գլխին, որը ճակատի քրտինքը սրբելիս էր միայն վերցնում: Նա ավանդում էր նաեւ «Հայոց պատմություն», որ բավականաչափ տիրապետում էր։ Հայոց պատմության մի հարուստ շտեմարան էր եւ լիուլի բավարարում էր աշակերտների հարցերին:

Թույլ էր աշխարհագրության ուսուցիչ Գեւորգ Աբովյանը: Ծայրահեղ ռուսատյաց էր. կառավարության վրա հարձակումներին գրեթե վերջ չկար: Ռուսներին նա անվանում էր «սոխ». այս բառը շատ գործածական էր ռուսների վերաբերմամբ գրեթե ամենուրեք: Նրան արձակեցին, որոշ ժամանակ անց անհայտացավ, իսկ շուտով դիակը Քուռ գետի ափին՝ քաղաքից դուրս գտան ու թաղեցին:

Բնագիտության ուսուցիչը, որ Դորպատի համալսարանն էր ավարտել, կատարելապես իր դերումն էր. Գաբրիել Խատիսյան, Ալեքսանդր Խատիսյանի հորեղբայրը: Նրան լսում էինք ամենայն հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ:

Երբ դպրոցի տեսուչ դարձավ Հովսեփ Փանդոյանը՝ ուսուցչական կազմը լրացրեց այլ արժանավոր ուսուցիչներով: Հոգաբարձուներից մեկը սրախոսել էր. «Եթե ուշադրություն չդարձնենք աշակերտների բողոքին, երեւի մեր վերարկուներն էլ արտաքնոց ուղարկեն․․․»։

ԽՈՐԵՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԽԱՆԶԱԴՅԱՆ, «Հուշեր եւ տպավորություններ»
Մեծ Ղարաքիլիսա (Վանաձոր), 1919 թ.