Հայկական քարե դարն ու հրեաների գերզարգացած տնտեսությունը. բիզնես այց Իսրայել. ankakh.com
Advertisement 1000 x 90

Հայկական քարե դարն ու հրեաների գերզարգացած տնտեսությունը. բիզնես այց Իսրայել. ankakh.com

Մենք հաճախ ենք մեզ համեմատում Իսրայելի ու նրա ժողովրդի հետ, ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշում նրանց հաջողությունները, հրեաներին ֆետիշացնում կամ հակառակը՝ դարձնում սատանաներ՝ մեր բոլոր անհաջողությունները կապելով նրանց հետ: Մինչդեռ այդ ամենի փոխարեն պարզապես հարկավոր է ուսումնասիրել Իսրայելի փորձը (և ոչ միայն Իսրայելի), վերցնել հաջողված օրինակները և փորձել կիրառել մեր երկրում:

Նման մի գործնական քայլ օրերս կատարեց «Չոր մարքեթինգ» ընկերությունը «Էյ Էմ թրեվլ» տուրիստական ընկերության հետ: Կազմակերպվեց գործարար խմբի բիզնես այց Իսրայել, ինչը միջազգային գործարար աշխարհում ընդունված գործելակերպ է, իսկ Հայաստանում առաջինն էր:

«Չոր մարքեթինգի» հիմնադիր Վահրամ Միրաքյանը օգոստոսի 21-27-ը տևած այցի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով ներկայացնում էր մանրամասներ խմբի հանդիպումների մասին, որոնք դառնում էին քննարկման թեմա:

«Այնքան բան կա գրելու Իսրայելի մասին, որ չգիտեմ, թե ոնց եմ հասցնելու»,- գրել էր Վահրամը՝ ներկայացնելով իսրայելական տնտեսության հաջողությունները:

«Ամբողջ քաղաքի ջրելու համակարգը կաթիլային է, ավտոմատ, ըստ ծրագրի՝ որոշվում է ջրելու ժամկետն ու չափը։ Բոլոր ծառերը հաշվառված են, ամեն տարի ստաբիլ ավելացնում են ծառերը կաթիլային համակարգով։ Էս տարի մեկ միլիոն ծառ են ավելացրել։ Ծաղիկներն էլ են կաթիլայինով ջրվում։ Սովորելու բան ունենք»,- գրել էր Վահրամը։

Իսրայելում, սկսած 1960-ականներից, ջուրն արևով են տաքացնում: «Պատկերացնո՞ւմ եք, բոլոր բնակարաններն անհատական ջրատաքացման արևային համակարգ ունեն։ Դե, բնականաբար, շատ մեծ արևային պանելների դաշտեր էլ ունեն։ Այս թեմայի մեջ շատ չեմ խորացել, բայց մեր երկիրն էլ արագ զարգանում է այդ ուղղությամբ, և Իսրայելի տասնամյակների փորձը հաստատ շատ օգտակար կլինի»։

Հայ գործարարների խումբը հիացել է նաև իսրայելական կիբուցներով: «Այսօր Սդե Էլիյագու կիբուց էինք գնացել. շատ տպավորված եմ։ Կիբուցները գյուղատնտեսական համայնքներ են Իսրայելում՝ միավորված սոցիալիստական ու սիոնիստական գաղափարների շուրջ։ Առաջին կիբուցները ստեղծվել են Ռուսաստանի 1905 թվականի հեղափոխության փորձից հետո, Ռուսաստանից սոցիալիստական գաղափարներով տարված հրեաների կողմից։ Իսրայելում 200-ից ավելի կիբուց կա, որոնք ապահովում են տնտեսության 7%-ը, իսկ գյուղատնտեսության՝ 40%-ը»։

Պարզվում է՝ Իսրայելում համալսարան ընդունվելու համար ինչ-որ առարկաներից քննություն չեն հանձնում, այլ հոգեբանական թեստ է լրացվում, որից հետո, ըստ բալերի, համապատասխան բաժին են ընդունվում։ Օրինակ՝ 750 բալի դեպքում գրեթե ցանկացած տեղ հնարավոր է ընդունվել։ «Ըստ այս համակարգի՝ կարևորը ինֆորմացիան չէ, ինչպես մեզ մոտ է արվում, այլ մարդկանց ունակությունների մակարդակը, մնացածն ընթացքում կսովորեցնեն: Կրթության համար ստանդարտ տարիներ չկան, մասնագիտություն կա՝ 3 տարի է, մյուսները՝ 4, 5 կամ 7 տարի։ Դպրոցից էլ հասունության ատեստատ են ստանում, որը գումարվում է պսիխոտիպի արդյունքներին»:

Ինչ վերաբերում է հայրենասիրությանն ու գաղափարախոսությանը, Վահրամն ասում է, որ նրանք, ի տարբերություն մեզ, ունեն ներկային ու ապագային միտված գաղափարախոսություն: «Իսկ ո՞րն է մեր ամենատարածված գաղափարախոսությունը, «Հիշում և պահանջում եմ»:

Ամբողջ մեր սփյուռքը կենտրոնացած է այդ հարցի վրա: Այսինքն՝ մենք կենտրոնացել ենք անցյալի վրա, իրենք՝ ապագայի: Իրենք ունեն հստակ կարգախոսներ և իրականացնում են դրանք: Տաղանդով, ռեսուրսով մենք իրենց չենք զիջում, բայց կազմակերպվածությամբ ու գաղափարախոսությամբ զիջում ենք»:

Զրուցակիցս նշում է, որ չպետք է մտածել, թե Իսրայելը դրախտ է և խնդիրներ ու թերություններ չունի: Թերություններ էլ շատ կան, բայց պետք է ոչ թե թերությունները ներկայացնել, այլ առավելություններն ու դրանց հասնելու եղանակները և ամենակարևորը՝ պետք է այդ ամենից սովորել:

Իսրայել կատարած այս բիզնես այցն առաջինն էր, բայց ոչ վերջինը: Վահրամ Միրաքյանը պատրաստվում է այն շարունակական դարձնել՝ ընդգրկելով այլ երկրներ, որոնց հաջողված փորձից մեր գործարարները կարող են դասեր քաղել և զարգացնել իրենց բիզնեսը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Ամբողջությամբ՝ ankakh.com