Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Հարություն Պզտիկյանի հետ զրույցի ավարտին երբ նայեցի ժամացույցին, պարզվեց` մենք չորս ժամ զրուցել ենք: Բայց այդ չորս ժամն անցավ մեկ ակնթարթում: Նախքան հանդիպումը, թվում էր, թե 70-ամյա վարդապետի հետ միայն Աստվածաշնչի շուրջ կարելի է խոսել, բայց իրականում նա հումորի մեծ զգացումով, կյանքով լի անձնավորություն է, ում կենսուրախությանը կնախանձեն շատ ու շատ երիտասարդներ: 1960-ականներին երիտասարդ վարդապետի նկարների առաջին ցուցահանդեսը կազմակերպել է Պիկասոն, որի արվեստանոցում նա հանդիպում էր այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Անդրե Մորուան, Ժան Պոլ Սարտրը, Մաթյոն։
– Գալիք տարվա նախօրեին հեռուստա-ալիքներն ու գովազդային պաստառներն ամեն վայրկյան շնորհավորում են բոլորիս Սուրբ Ծնունդն ու Ամանորը, երբ իրականում Նոր տարին մեզ մոտ վերածվել է բուդ ուտելու 13-օրյակի: Իսկ Սուրբ Ծնունդը կարծես ետին պլա-նում լինի: Արդյո՞ք հայերս միայն ուտելուց ենք տոնական տրամադրություն և ստամոքսային հաճույք ստանում:
– Իրականում Նոր տարի նշելը գեղեցիկ ավանդույթ է, մշակույթ: Իտալացիները վստահ են, որ Սուրբ Ծնունդն ու Նոր տարին ընտանիքի հետ պետք է անցկացնել: Այդ տոնն ընտանեկան կապերը ամրապնդելու օր է: Ավանդական նուրբ ճաշատեսակներ են պատրաստում այդ օրը: Իսկ մեզ մոտ այդ տոնն այլանդակ կերուխումի է վերածվել: Ուր գնում ես, բոլորը բուդ են կտրում ու ստիպում ուտել: Այ մարդ, հերիք է, հո կենդանի չե՞նք: Այդ օրերին մահերն էլ են ավելանում Երևանում, քանի որ աննորմալ կերպով են ուտում-խմում: Նոր տարին Հիսուսի ծնունդի հիշատակությունն է, որով սկսվում է տարվա առաջին օրը: Քանի որ տասնյակ տարիներ Սովետական իշխանություններն աթեիզմ էին քարոզում, ի՞նչ խոսք կարող էր լինել Սուրբ Ծննդի մասին, երբ Հիսուսին փոխարինեցին Ձմեռ Պապիկով: Այսօր արդեն փորձում են ժողովրդի մեջ սերմանել Սուրբ Ծննդի տոնի գաղափարը, ինչը շատ ողջունելի է:
– Ի՞նչ փոփոխություն եք տեսնում Հայաս-տանում։
– Երիտասարդությունն ավելի հաճույքի ետևից է վազում, նախընտրում է երգ, պար, «Երկու աստղ», երեք աստղ… Հայ ժողովրդի արվեստը դարձել է միայն երգել-պարելն ու «32 ատամ» խաղալը: Իհարկե, կան լուրջ երիտասարդներ, որոնք մտահոգված են իրենց ապագայով: Երևութական փոփոխություն կա, բայց ընդհանուր առմամբ լճացում է տիրում: Ոչ աճ, ոչ էլ հավատք կա թե՛ համալսարաններում, թե՛ բժշկության և թե՛ քաղաքականության մեջ: Աղջիկներն ավելի գեղեցիկ են դարձել, ավելի խնամված, ինչը չէի ասի տղաների մասին: Բոլորը կարծես բանտարկյալներ լինեն՝ սևազգեստ, սափրած գլուխներով: Աղջիկներն ավելի հասուն են տղաների համեմատ:
– Իսկ ի՞նչ կասեք Երևանի մասին։
– Երևանը քանդված է, առհասարակ Երևան չկա: 40 տարի գնում-գալիս եմ, անգիր գիտեմ փողոցները, ունեի սիրելի փողոցներ: Ասում եմ՝ ունեի, քանի որ այդ փողոցների վրա կառուցվող շենքերն այնքան բարձր են, որ անգամ լույս չի թափանցում այնտեղ: Եվ օր ցերեկով մթության մեջ է: Ես նույնիսկ լսել եմ, որ շատ պայմաններ հաշվի չեն առնում շենքը կառուցելիս: Պարզապես գործարարն առաջարկել է կոնկրետ գումար՝ այսինչ վայրում շենք ունենալու համար: Երբ իրականում այդ շենքը կարող է փլվել ամենաթույլ երկրաշարժից անգամ: Դժբախտաբար եկեղեցական վիճակը ոչնչով չի տարբերվում մեր քաղաքական վիճակից, որովհետև եկեղեցականները պատրաստ չեն, նրանք արարողություն անողներ են, ոչ թե հոգևորականներ: Երիտա-սարդները, որոնք ուզում են ազատվել բանա-կից, կամ հեշտությամբ փող աշխատել, կամ արտասահման ճամփորդել, որոշում են եկեղեցական դառնալ: Եկեղեցական լինելը կոչում է: Մկրտություն կատարելիս նա պետք է բացատրի մկրտության խորհուրդը, իմաստը, ոչ թե 10 րոպեանոց արարողություն անի՝ հաստատ իմանալով, որ մկրտվողը ոչինչ չի հասկանում իր մկրտությունից: Այսօր եթե եկեղեցականին հարցնես՝ ի՞նչ է քո կոչումը, չի կարողանա պատասխանել: Գիտի, որ եկեղեցականը պետք է խաչ դնի, քաղաքական ճաշերին մասնակցի, ամեն օր քաբաբ ուտի, իսկ թե ի՞նչ է կատարվում ժողովրդի հետ, իրեն չի հետաքրքրում: Արևմտյան եկեղեցում եկեղեցականն աղքատ ժողովրդի կողքին է: Իսկ այստեղ եկեղեցականն իր զգեստը հագնում և հանում է այնպես, ասես գիշերանոց լինի: Ես մինչև 25 տարին պատրաստվել եմ նախքան ձեռնադրվելը: Ունևոր ընտանիքի զավակ եմ, աղքատությունից չէ, որ ընտրել եմ այս ուղին: Մենք արարողության վարդապետներ չենք, այլ մտավորական վարդապետներ ենք: Ունենք բազմաթիվ դպրոցներ, մեր աշակերտներից դուրս են եկել հազարավոր մտավորական անձինք:
– Ինչպիսի՞ն էր ձեր կյանքը մինչ հոգևորա-կանի ճանապարհն ընտրելն ու հետո:
– Ես չեմ հավատում այն մտքին, թե հոգևորա-կան ծնվում են: Հոգևորական դառնում են: Իմ աչքի առաջ այն մարդիկ, որոնք վստահ էին, որ ծնվել են՝ որպես հոգևորական, ճանապարհի կեսից թողեցին-գնացին մեկ այլ ուղիով: Այնպես չէր, որ երազ տեսա ու հասկացա, որ իմ ուղին հոգևորական դառնալն է: Ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Ես Բեյրութում եմ ծնվել: Մեր դպրոցական հայերեն գրքերը գալիս էին Վենետիկից: Եվ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, թե որտե՞ղ է այդ Վենետիկը, Սուրբ Ղազարը: Մի օր Վենետիկից վարդապետ եկավ մեր դպրոց: Նա էլ ինձ հարցրեց՝ կուզե՞մ արդյոք գնալ Վենետիկ: Ասացի՝ այո, իսկ ինչպե՞ս են այնտեղ հասնում: Ասաց՝ նավ ես նստում ու 3-4 օր հետո այնտեղ ես: Միտքն ինձ հրաշալի թվաց, և ես համաձայնեցի: 13 տարեկան էի: Հիշում եմ մորս տխուր աչքերը: Մորս ասացի, որ չտխրի, 15 օրով կգնամ, չեմ ցանկանա մնալ՝ ետ կդառնամ: Գոնե Իտալիան կտեսնեմ: Եվ այսպես գնացի, տղայական ցանկությամբ: Հասա Վենետիկ, մեկ շաբաթ անց էլ չէի դիմանում. կարոտել էի և տուն էի ուզում գալ: Բայց քանի որ փաստաթղթային խնդիրներ կային, մեկ-երկու ամիս քաշքշեցին: Այդ ընթացքում հասցրի ընտելանալ և այլևս չէի ցանկանում վերադառնալ: Ես չէի գնացել վարդապետ դառնալու համար, գնացել էի կանոնավոր բարոյական, մտավորական ուսում ստանալու: Բայց ուսման ընթացքում հասկա-ցա, որ վարդապետ լինելն իմ կոչումն է: Եթե ծննդավայրումս մնայի, պետք է վաճառական լինեի, կամ բժիշկ: Դառնալու էի հազարից մեկը, իսկ ես ընտրեցի վարդապետի ուղին: Երբ 25 տարեկան էի, ինձ ասացին, որ ես ընտրություն ունեմ՝ կամ ետ դառնալ, ընտանիք կազմել, կամ երդում տալ Աստծուն: Երբ ծնողներս իմացան ընտրությանս մասին, շատ ուրախացան: Հատկապես մայրս հպարտ էր, որ իր տղան Մխիթարյան միաբանության վարդապետ էր լինելու: Եվ եկան ձեռնադրությանս: Այդ օրվանից 45 տարի է անցել, և ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել իմ ընտրության հարցում: Ես էլ եմ զգացումունքներ ունեցել, բայց սիրելը և ընտրելը տարբեր բաներ են: Չես կարող միաժամանակ երկու կյանք ապրել: Ես իմ հոգին Աստծուն եմ հանձնել:
– Երբեք չե՞ք ցանկացել ձեր ընտանիքն ու ձեր երեխաներն ունենալ:
– Զավակ ունենալը կյանքի նպատակ չէ։ Զավակն ընտանիքի, սիրո պտուղն է, բայց ոչ նպատակը: Բայց քանի որ իմ սերն իմ ընտրած ուղղությունն է, իմ կոչումն է, հետևաբար՝ իմ պտուղն իմ աշխատանքն է: Այսօր Ազնավուրի տղան իմ աշակերտն է, ավելի շատ ինձ հետ է կապված, քան հոր: Ինչո՞ւ: Որովհետև զավա-կիս պես սիրել եմ: Ես մեկ զավակ չունեմ, հազարավոր զավակներ ունեմ: Զավակը գրկել-մրկելը չէ, զավակը հոգեկան հարստությունն է՝ հայրական սերը ուրիշի զավակների հանդեպ։ Ես երբեք զավակի պակաս չեմ զգացել: Ավելի հարուստ եմ, քան քույրս, որ չորսն ունի:
– Խոսեցիք Ազնավուրի մասին, գիտեմ նաև, որ շատ մեծ է ձեր ծանոթությունների շրջանակն աշխարհահռչակ արվեստագետների հետ:
– Զարգացած եկեղեցականին աշխարհիկ մարդիկ շատ են հարգում: Արվեստագետների հետ խոսելիս չեմ գովում մեր բաստուրման ու սուջուխը, այլ ներկայացնում եմ մշակութային հարստությունը, որի մասին իմանալով՝ մարդիկ հարգանք են տածում հայի հանդեպ: Երբ 1960-ականներին սկսեցի հաճախել Պիկասոյի արվեստանոցը, այնտեղ հանդիպում էի դարի մեծագույն փիլիսոփաներին՝ Ժան Պոլ Սարտր, Անդրե Մորուա, Մաթյո: Նրանց մեջ միակ հայն էի: Պիկասոն գնահատում էր մտավորականին, մանավանդ, որ սիրում էր այն, ինչ արևելյան է: Սուրբ Ղազարում մեծ պաշտոն ունեմ՝ մշակութային գանձերի պատասխանատու: Լուչանո Պավարոտին էլ եկավ, այցելեց, ծանո-թացանք, խոսեցինք մշակույթից: Վերջում էլ իր քարտը տվեց և ասաց, որ կարիքը զգամ՝ անպայման զանգեմ: Այդպես օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանին ծանոթացրի Պավարոտիի հետ, և նա մի քանի ամիս դարձավ նրա ուսանողը: Ես բարեկամական կապեր եմ հաստատում՝ ի նպաստ մեր ժողովրդի:
Առաջին անգամ իմ նկարների ցուցա-հանդեսի կազմակերպիչը Պիկասոն եղավ:
Մի օր հարցրեց, թե ինչու ինքս չեմ նկա-րում, այլ միայն խոսում եմ արվեստից: Ասացի, որ նկարում եմ, և ցույց տվեցի իմ աշխատանքները: Լուռ նայեց, նայեց, հետո էլ ձեռքը զարկելով սեղանին՝ ասաց. «Վայ, շան լակոտ, դու տաղանդավոր մարդ ես, ես քեզ պիտի որդեգրեմ»: Եվ կազմակերպեց իմ ցուցահանդեսը: Այդ օրվանից ցուցահանդեսներ շատ եմ կազմակերպել: Օտարներն ինձ լավ են ճանաչում: Հայաստանում ցուցահանդես եմ կազմակերպում հաճույքի համար: Պիկասոն մի անգամ ասաց. «Որքան էլ փարիզյան դպրոցին պատկանես, միևնույն է, հայկական գույներ ունես: Դու աչքերի երաժիշտ ես»: Ես չեմ նկարում: Ես երաժշտություն եմ ստեղծում աչքերի համար: Ես իմ նկարներին անուններ չեմ տալիս, ուզում եմ, որ յուրաքանչյուրն ինքն անուն տա՝ ըստ իր ընկալման: Նյութը, որով նկարում եմ, իմ հնարածն է: Վենետիկում կա Մորանո կղզին, որտեղ բյուրեղապակի են պատրաստում։ Դրա փոշիով, լաքով և այլ նյութերով ստանում եմ այն ներկը, որը հիմա տեսնում ես: Այսպես երբեմն զվարճանում եմ:
– Ձեզ համարո՞ւմ եք աշխարհիկ մարդ:
– Աշխարհի մարդ եմ, բայց ոչ աշխարհիկ: Օդի մեջ կամ քարայրում չեմ ապրում, ոչ էլ Ռասպուտինի պես միայն ավետարան եմ կարդում: Ո՛չ: Ինձ համար դու Աստծո արարածն ես, բնության գեղեցկությունը, և ես Աստծուն փառք եմ տալիս, որ այսպիսի արարածներ կան: Ես խուսափում եմ աղանդավորական այդ «բարեպաշտներից», որոնք ծնկաչոք մոմ կվառեն, պատերը կհամբուրեն: Մարդ պետք է սիրի իր նմանին, ինչը և պատվիրել է Հիսուս Քրիստոսը՝ սիրեցեք ձեր ընկերոջը ձեր անձի պես: Ես դիմացինիս մեջ տեսնում եմ միայն բարին և լավը: Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ ես արվեստով զբաղվում, չէ՞ որ եկեղեցական ես: Բայց իսկական արվեստագետը Աստծուն մոտիկ պետք է լինի, որովհետև արվեստը ստեղծագործություն է։ Որքան մարդ մոտ է Աստծուն, ավելի լավ կստեղծի: Մեր բոլոր մե-ծագույն արվեստագետները եկեղեցական են եղել: Ամենամեծը՝ Մեսրոպ Մաշտոցը, ստեղ-ծել է աշխարհի ամենագեղեցիկ տառերը: Այդ 36 տառերն այնքան կատարյալ են, որ դարեր են ապրել: Նարեկացի, Անանիա Շիրակացի, Մոմիկ… Աստծուն մոտիկ հոգիներ էին:
Մեղքը մարմնի մեջ չէ, մեղքը հոգու աղա-վաղումն է: Եվան էլ էր մերկ: Ստրիպտիզ պարող աղջիկը Եվա չէ: Նա մերկանում է դրամի համար, գրգռելու համար: Միևնույն աղջիկը ամուսնու մոտ էլ է մերկանում: Բայց այն, ինչ ընդունված է ամուսնական կյանքում, չի կարելի շուկայական հարաբերությունների վերածել: Ինչպես խավարը լույսի պակասն է, այնպես էլ մեղքը բարու ժխտումն է:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»