«… Տունս այսքան մոտ ու այդքան հեռու…. «Ինչու է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոսի` Աթանես Ղամբարյանի օրն էի ընկել։ Օդանավակայանից ինձ Երևան տարան տանս մոտով, մի պահ ընդամենը տասը մետր էր ինձ բաժանում ընտանիքիցս: Ասի՝ տղերք, գոնե ուրիշ տեղով գնայիք, սիրտս չի դիմանում…. Ուղեկցողները վատ զգացին: Ես էլ, իհարկե, չխնդրեցի, որ գոնե մի պահ կանգնեին, երեխեքիս տեսնեի, չուզեցի վնասել տղաներին», — պատմում է Հրաչյա Հարությունյանն ու հուզմունքը թաքցնելու համար ծիծաղում: Համեստ ու ուժեղ կամքի տեր վարորդն արցունքները զսպել, սակայն, չի կարողացել օդանավակայանում: Ասում է՝ հայրենի հողի կանչը հզոր է ամեն ինչից:
Օդանավից հենց իջա, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց հետս, շունչս կտրվում էր, աչքերիցս հոսում էր, ուզում էի հողս համբուրել: Էնքան կարոտել եմ երկիրս, հողս, ազգիս»:
Այն, ինչ այս տարիների ընթացքում տեսել ու զգացել է Հրաչյա Հարությունյանը, չի կարող պատմել բառերով, միայն ասում է՝ անգամ թշնամուն չի ցանկանա տեսնել այն իրավիճակներում, որտեղ հայտնվել էր՝ իր կամքից անկախ:
«Օդանավակայանում չդիմացա, մի քանի րոպե նստեցի», — շարունակում է Հրաչյա Հարությունյանն ու հանգիստ շունչ քաշում, որ արդեն Հայաստանում է և պատժի մնացած մասը կկրի բաց ռեժիմային գոտում: Կկարողանա գնալ տուն, աշխատել… Բայց մինչ այդ Հրաչյային անհրաժեշտ է նախ` լուրջ բուժման կուրս անցնել, նաև վիրահատվել: Հետևում թողած տարիները հայ վարորդին զրկեցին ոչ միայն ազատությունից, այլև առողջությունից:
«Սիրտս լավ չի, երկու անգամ փրկեցին ինձ սրտի կաթվածից: Բայց սիրտս այդքան բանի որ դիմացավ, էլի կդիմանա, — կատակում է զրուցակիցս ու պատմում, որ ընտանիքին էլ արդեն տեսել է: Տեսակցության պահն էլ շատ հուզիչ է եղել:
Օտարության մեջ, ճակատագրի հեգնանքով դատապարտյալի աթոռին հայտնված ու բազում դժվարություններ հաղթահարած մարդը չարացած չէ: Հակառակը` շնորհակալ է ամենանեղ պահերին իրեն սատար կանգնողներին:
«Իմ ազգի շնորհիվ է, որ կարողացա հաղթահարել ամեն ինչ: Նաև այնտեղ` կալանավայրում, գտնվող հայերն ու մյուս դատապարտյալներն էլ ինձ սատար եղան: Անընդհատ դուխ էին տալիս: Առաջին երկու-երեք օրերի ընթացքում ինձ թվում էր՝ չեմ ապրի, արդեն վերջ…»:
Հրաչյայի խոսքով, այդ չարաբաստիկ վթարը բոլորի հետ կարող էր պատահել, յուրաքանչյուր վարորդ, որ նստում է ղեկին, ապահովագրված չէ ամեն տեսակ փորձանքներից: