Asekose.am-ը զրուցել է ժողովրդական և հայրենասիրական երգերի կատարող, Մարգար Եղիազարյանի հետ՝ ստեղծագործական նորությունների, սպասվող տեսահոլովակի, կոմերցիոն երգերի մասին և ոչ միայն:
Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում
Երգել եմ 14-15 տարեկանից սկսած: Մեր ընտանիքում շատերն են երգել՝ տատիկս, մայրս, սակայն ես առաջինն եմ, ով որոշեց, որ պետք է այդ ամենը պրոֆեսիոնալ ձևով շարունակի: Փոքր տարիքում երգել եմ Էջմիածնի ժողովրդական գործիքների համույթում, ինչպես նաև «Նավասարդ» երգչախմբում: Հետո հասկացա, որ այս ամենով պետք է ավելի լուրջ զբաղվեմ: 2003 թ.-ին ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ Կոնսերվատորիա՝ իր ծանոթ դասախոսներից մեկի մոտ, սակայն այնտեղ սովորելու միտքն ինձ համար անհասանելի էր: Գնացինք Մարինե Աբրահամյանի մոտ, երգեցի նրա համար Շերամի «Շորորա» երգը, երգելուս ընթացքում աչքերը փակել էր, ապա երբ վերջացրի, ասաց` արդյո՞ք չեմ ցանկանա սովորել հենց Կոնսերվատորիայում: Երբ նրան հարցրի`արդյո՞ք կարող եմ, նա պատասխանեց, որ ես արդեն 3-րդ կամ 4-րդ կուրսի երգիչների մակարդակի երգիչ եմ: Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:
Ասացին, որ մեր օպերան մեծ կորուստ է ունեցել իմ չերգելու պատճառով
Ընդունվել էի դասական վոկալ բաժին, առաջին կուրսից սկսած աշխատել եմ: Կարծում եմ, որ դասական կրթությունը շատ կարևոր է, որովհետև դասական հիմք ունենալու դեպքում կարող ես երգել ցանկացած բան: Դասականն արվեստն էլ է ինձ շատ հոգեհարազատ. օպերային երգիչների շարքերում շատ ընկերներ ունեմ, ովքեր ինձ հաճախ ասում են, որ թե մեր, թե ընդհանուր համաշխարհային օպերան մեծ տենոր է կորցրել՝ հանձին ինձ: Որոշակի ափսոսանք կա, սակայն ամեն աշխատանք կատարելիս պետք է մեծ սիրով և նվիրումով անես, հիվանդ լինես այդ աշխատանքով, իսկ ես այդպիսին եմ, ես հիվանդագին եմ մոտենում այն ամենին, ինչով ներկայումս զբաղվում եմ:
Ստեղծագործական ներկայիս գործունեության մասին
Արդեն գրեթե 12 տարի է, ինչ երգում եմ Հայաստանի գուսանական-ժողովրդական երգի պետական անսամբլում: Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցում եմ նաև ես: Այդ ծրագրի շրջանակներում տարբեր մարզերում պարբերաբար ելույթներ ենք ունենում: Մոտ մեկ տարի է, ինչ երգում եմ նաև Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբում: Նույն ծրագրով շրջագայում են նաև իրենց հետ: «Գոհար» երաժշտախմբի մեներգիչն եմ, սակայն այս շրջանում, կարծես, թե որևէ համերգային ծրագրեր դեռ չունենք: «Գոհար»-ն ինձ համար շատ հարազատ երաժշտախումբ է, 7 տարի երգել եմ այս խմբում և միասին շրջագայել ենք շատ երկրներով՝ Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Լիբանան և այլն: Այն ինձ և մեծ փորձ է տվել, և ճանաչում, առհասարակ, «Գոհար»-ը մեծ դեր ունի նաև Հայաստանի համար: Առաջիկայում՝ սեպտեմբերի 21-ի, Վանաձորում եմ ելույթ ունենալու, իսկ սեպտեմբերի 22-ին Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Գնահատող հանդիսատեսի և հասանելության մասին
Արտերկրում բնակվող մարդիկ իսկապես կարոտ են հայկական երգերի: Չեմ ուզում փնովել որևէ մեկին, բայց մենք չենք գնահատում մեր ունեցածն այստեղ, կարծես, ամեն ինչ մեզ համար սովորական է դարձել: Մեր երգիչ-երգչուհիները, կարծես, տեղաբնակների համար շատ հասանելի թվան, շատերը մտածում են՝ կարող են ցանկացած պահի գնալ և ներկա գտնվել նրանց համերգին, իսկ արտերկրում պատկերն այլ է: Երկրներ կան, որ հայ երգիչները բավական հազվադեպ են ելույթ ունենում, դրանով էլ պայմանավորված է նրանց կարոտը, որը տեսանելի է անգամ հանդիսատեսի աչքերում: Այդ տեսակ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում, նրանք կարող են մեզ հետ հավասար երգել ողջ համերգի ընթացքում:
Սպասելիքներս ավելին էին, սակայն…
Ճանաչումը շատ կարևոր է արտիստի համար, ես չեմ ուզում լինել այն երգիչներից, ովքեր ասում են, որ դա իրենց համար էական չէ: Շատ կարևոր է, որ քեզ ճանաչեն ինչպես այստեղ, այնպես էլ՝ դրսում: Այդ առումով աշխատանքներ են տարվում, թեպետ ծավալածս գործունեության շնորհիվ արդեն ունեմ ճանաչում, բայց ձգտում եմ ավելին ունենալ: Այս պահին էլ աշխատում են նոր՝ «Հայ հերոսներին» երգի վրա: Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեմ, սակայն շատ մանրամասներ դեռ չեմ ուզում բացահայտել: Սա առաջին տեսահոլովակս չէ, նախկինում ունեցել եմ «Էրիվան» անվանումով տեսահոլովակ: Տվյալ երգն ինձ համար հեղինակել էր Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Արթուր Գիլոյանը, ով նաև նկարահանել էր այն: Եթե անկեղծ լինեմ, սպասելիքներս մի փոքր տվյալ երգի և տեսահոլովակի հետ ավելին էին…
Կոմերցիոն տեսանկյունից չեմ նայում
Կարծում եմ, որ նոր տեսահոլովակի համար ճիշտ երգ ենք ընտրել: Պետք է խոստովանեմ, որ երբեմ չեմ նայում, թե որքանով է տվյալ երգը շահեկան կոմերցիոն տեսանկյունից: Տվյալ պարագայում սա կոմերցիոն երգ չէ, պարզապես ապրիլյան քառօրյայից հետո որոշեցի, որ պետք է հայրենասիրական երգ կատարեմ, որը նվիրված կլինի մեր բոլոր հերոսներին՝ ոչ միայն այս քառօրյայի: Բայց սա չեմ անում այն բանի համար, որ ինձ հրավիրեն օրինակ՝ հարսանեկան արարողություններին երգելու: Կարծում եմ, որ տեսահոլովակը պատրաստ կլինի տարեվերջին, կամ տարվա սկզբին՝ չեմ ուզում շտապել, ուզում եմ որակով աշխատանք ներկայացնել
Հարսանիքներին երգելու և կարծրատիպերի մասին
Պետք է խոստովանեմ, որ ունենում են նաև հարսանեկան խնջույքներին երգելու հրավերներ: Որևէ խնդիր դրանում չեմ տեսնում, հատկապես, երբ մատուցում եմ երևանյան ֆոլկլյորային երգեր, ինչպես նաև պետք է փաստել, որ նմանատիպ միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունենում նույնիսկ համաշխարհային աստղերը, դա ընդունված ձևաչափ է: Ես չունեմ կարիք երգելու երգեր, որոնց շնորհիվ ինձ հարսանիքներում ելույթ ունենալու հրավերներ կանեն, պարզապես նման հրավերներ ես ունենում եմ: Հարսանիքներին էլ իսկապես ճաշակով երաժշտություն եմ մատուցում: Ինչպես նաև այնպես էլ չէ, որ դրանք ապահովվում են իմ հիմնական զբաղվածությունը, պարզապես նմանատիպ կարծրատիպային մոտեցում այդ ամենի հանդեպ չունեմ:
Շատ են սկսել երգել հարսի շորերի մասին
Չեմ կարող ասել, որ մեր երգարվեստում ամեն ինչ վատ է: Այսօր շատ որակով և ճաշակով աշխատքներ էլ են արվում, ի վերջո, կարող են այդ վատին ուշադրություն չդարձնել: Միաժամանակ, չեմ կարող ասել, որ ինձ ամեն ինչ բավականեցնում է մեր երգարվեստում: Շատ են սկսել հարսի շորերի մասին երգել, կարծում եմ, որ այլ թեմաների մասին էլ կարող երգել: Կարող են կրկին սիրուն և հայրենիքին անդրադառնալ, բայց պետք չէ այդ ամենի մեջ միայն կոմերցիա տեսնել: