Անգլիայի թագավոր Հենրիխ 7-րդ-ը ոչ միայն հայտնի էր՝ որպես կանանց կոլեկցիոներ, այլ նաև՝ արևելյան գորգերի մեծ հավաքածուով, ինչը լրացնելու համար չխորշեց անգամ լորդ-կանցլեր կարդինալ Ուոլսիին գլխատելուց: Սակայն գորգերի օգոստափառ տիրակալի մահից հետո բոլոր 800 գորգերը, որոնց թվում էին նաև շատ հայկական գորգեր, փչացան արքայական Համփթոն Քորտի խոնավ քարերի վրա: Բարեբախտաբար, իր տիրակալման ժամանակներում աշխարհում եղած ոչ բոլոր գորգերին հասավ Հենրիխ 7-րդ միապետի ձեռքը, և մենք այսօր դրանք կարող ենք տեսնել ոչ միայն՝ միջնադարյան Եվրոպայի հայտնի նկարիչների կտավների վրա, այլև՝ մեր աչքերով և իրականում:
Հայկական գորգերի հանգույցներում հյուսված են լեգենդներ, հանելուկներ, գաղտնիքներ. Այս գորգերի վրայով մարդկության պատմությունն է անցել: Մի գորգի վրա դուք կարող եք տեսնել Կլեոպատրայի շքեղ մարմնի հետքը, ում հետ մեկ գիշեր անցկացնելու համար տղամարդիկ իրենց կյանքով էին հատուցում: Ալ կարմիր գորգի մեջ, օրինակ, կրքոտ եգիպտական թագուհին հրամայեց փաթաթել իրեն և հասցնել Փարոս կղզի` Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի մոտ: Համաձայնեք, որ արքայական նվերին արժանի փաթեթավորում է:
Տարեգիրների բազմաթիվ վկայություններով` հայկական կարմիր գորգերը ձեռքից ձեռք էին խլում Կահիրեի առևտրական տներում, իսկ եգիպտական Ասյուտա քաղաքում արտադրվող մորեգույն գորգերը բարձր էին գնահատվում միայն նրա համար, որ հիշեցնում էին հայկականը: Նույնիսկ պարսկական գորգերից լավն ու որակյալ էին համարվում նրանք, որոնք հիշեցնում էին հայկականը: Բայց այս դեպքում էլ լավերի մեջ լավագույնը համարվում էին Իրանի Իսպահան նահանգում հյուսվածները, որոնք ստեղծում էին Շահ Աբաս արքայի կողմից Ջուղայից Իրան բռնագաղթված հայ վարպետները: Իսպահանյան գորգերը հատկապես հիշեցնում էին շքեղ հայկականները:
Հենց հայկական երկարագեղմ ալ կարմիր գորգի վրա իր մահկանացուն կնքեց մեծ զորավար, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին: Այլ ծածկույթ բաբելոնյան պալատի շքեղաշուք հարկաբաժիններում պարզապես չէր կարող լինել. Չէ՞ որ հայկական գորգը մեծ հաջողություն էր վայելում ողջ Օյկումենեով մեկ և նույնիսկ արաբական աշխարհում:
Այն հարգի էր Օմեյադների պալատներում. «անապատների պալատների» պատերի անկրկնելի զարդարանքն էր: Միայն Հարուն ալ Ռաշիդ խալիֆի` Աբասսիդական խալիֆաթի տիրակալի և «1000 ու մի գիշերների» հերոսի ավագ կնոջն էր թույլ տրված նստել հայկական գորգի վրա: Հարեմի մնացած կանայք ստիպված էին բավարարվել հայկական բարձերով:
921թ. Բաղդադի խալիֆի դեսպանները ժամանեցին Բուլղարիա: Անվանի վելմոժ, դեսպանության 2-րդ դեմք Իբն-Ֆադլանը ցնցված էր. Խանի` հեշտությամբ 1000 զինվոր տեղավորող հսկայական վրանն ամբողջությամբ պատված էր հայկական գորգերով:
4 միլիոն սեստերցով շքեղ հայկական գորգ գնեց Ներոն կայսրը: Ալ կարմիր թիկնոցով պարուրված, դափնեպսակը գլխին, ոսկյա գավազանը ձեռքին` սուրում էր նա աննկարագրելի, չլսված ու չտեսնված թանկ գորգի վրայով`աջ ու ահյակ ճառագելով Հռոմը խժռող եռացող կրակե տարերքին բնորոշ էներգիա:
Միայն արքայական ոտքը կարող էր դրվել Պարսկաստանի հայ վարպետների կողմից հյուսված, լիդիական Կրեզ թագավորի պալատը զարդարող գորգերի վրա, այն Կրեզ արքայի, ում անվան հետ կապված` ստեղծվեց «հարուստ, ինչպես Կրեզը» արտահայտությունը:
Որպես նվեր տրված հայկական գորգը համարվում էր մեծագույն հարգանքի արտահայտություն: Սա շատ լավ հայտնի էր նաև Գազնևիդների արքայատոհմի տիրակալ սուլթան Մահմուդ Գազնևիին, ով հայկական գորգերի տեսքով շքեղ նվերներ էր անում խաներին, վեզիրներին ու սուլթաններին: Իսկ Ալ Մուքդադիր խալիֆի հավատարիմ վասալ, էմիր Աբու Սանը վերջինիս՝ որպես տուրք, ընծայեց 7 հայկական գորգ, որոնցից մեկը 600 թիզ երկարություն և նույնքան էլ լայնություն ուներ (ավելի քան 1000քմ): Իրավամբ մեծ համբերություն պետք է ունենար իր կյանքի 10 տարիներն այդ գլուխգործոցի ստեղծման վրա ծախսած վարպետը:
Հայկական գորգերը ոչ միայն իրենց մեջ պարփակում են լեգենդներ և բազմաթիվ պատմական վկայություններ, այլև տերմինների և անվանումների` երբեմն շփոթմունք հարուցող ցանկ: Հայաստանում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս, հայ վարպետների ձեռքով ստեղծված գորգերն անվանվում էին պարսկական, թուրքական, սելջուկական կամ լեհական արտահանող երկրի, նախկին տիրոջ կամ պատվիրատուի անունով: Սակայն հեռատես հայ գորգագործները գործածում էին բազմաթիվ հնարքներ, որպեսզի իրենց ստեղծած արժեքների իրական ծագումնաբանությունը հասցնեն սերունդներին: Դա կարող էր լինել, ասենք, Նյու Յորքի Մետրոպոլիտեն կամ Ստամբուլում գտնվող թուրքական և արաբական արվեստի, Ստոկհոլմի ազգային թանգարաններում պահվող հայկական տառերի կցագիրը, այսպես կոչված, «սելջուկական» գորգերի վրա կամ թռչնանկարներով արված արծիվները, որոնք արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անվանում էր հայկական միջնադարյան զինանիշագիտության «խոսող զինանշան»: Արվում էր նաև հայկական բանահյուսությանը բնորոշ չար կամ բարի վիշապի պատկեր: Եվ, իհարկե, հայկական գորգերի վրա կային խաչեր, որոնք, բնականաբար, ոչ մի կերպ չէին կարող բնորոշ լինել մահմեդական ժողովրդական արվեստին:
Մի բան անվիճելի է. հայկական հնագույն գորգերն իրենց նմանը չունեին համաշխարհային գորգագործական արվեստի քարտեզի վրա, և նույնիսկ ժամանակի հայտնի արաբ աշխարհագրագետներն ու ճանապարհորդներն էին համարում, որ քիչ են այլ երկրներում նման գեղեցկության ու կատարելության գորգերը:
Հայաստանում սկզբնական շրջանում գորգերը նախատեսված էին կենցաղային նպատակների համար: Դրանք կախում էին պատերից, գցում հատակին, թախտին, մահճակալին կամ սունդուկի վրա: Տաճարներում գորգերը որպես վարագույր էին ծառայում աղոթատան կամ զոհասեղանի համար: Տներում գորգերով փակում էին դռների բաց միջնորմները կամ նորապսակների ու արդեն մեծացած երեխաների համար, այսպես ասած, սենյակ էին առանձնացնում: Գորգի թելերից էլ պատրաստում էին նժույգների համար զարդարանքներ, խուրջիններ, աղամաններ, անկողնային պարագաները պահելու համար պահոցներ, և այլն: Աստիճանաբար գորգերը դարձան արքայական պալատների և ֆեոդալական դղյակների գորշ պատերի թանկարժեք զարդարանքներ: Վաղ վիշապագորգերի ահռելի մակերեսներին պատկերված էին առասպելական և իրական շատ կենդանապատկերներ` վիշապ, փյունիկ թռչուն, ուղտ, առյուծ, եղջերու, ձի:
Անգամ ամբողջ աշխարհը շրջած 13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն էր պնդում, որ հենց հայերն էին հյուսում աշխարհի ամենանուրբ և գեղեցիկ գորգերը: Սակայն դեռևս մեծ վենետիկցու վկայությունից 2 դար առաջ` 11-րդ դարի սկզբին, հայկական գորգերի վաճառքի թույլտվությունը տրվում էր պետական ամենաբարձր մակարդակով:
Աշխույժ առևտուր էր ընթանում ինչպես՝ բելգիական Բրյուգգեի Ս. Դոնաթ եկեղեցու հրապարակում, այնպես էլ՝ Վենետիկի սուրբ Մարկոս տաճարի առջև: Հեռավոր հայկական Կիլիկիայից վենետիկցի առևտրականների բերած գորգերը կախում էին հենց նավահանգստում: Իսպահանի հայ առևտրական ընկերության ներկայացուցիչները գորգերը բերում էին ձյունառատ Մոսկվա, կակաչների երկիր Հոլանդիա, Ֆրանսիայի ամենահին քաղաք Մարսել և պարահանդես-դիմակահանդեսների մայրաքաղաք Վենետիկ: Միջնադարյան եվրոպական շուկա հայկական գորգեր առաքվում էին Փոքր Ասիայից, սակայն այնտեղ բնակվող տարատեսակ ազգերից միայն հայերն ունեն գորգագործական ավանդույթներ: Միայն հայկական գորգերն էին աչքի ընկնում զարդանախշերի յուրահատկությամբ և կոնկրետ սյուժետային հիմքով:
Հատուկ արտոնություն էր տրված գորգերի առևտրով զբաղվող Լեհաստանի հայ առևտրականներին: 1585թ. մայիսի 24-ի հրամանագրով` Ստեֆան թագավորը 20 տարով Ռեչ Պոսպոլիտայում գորգերի առևտրով զբաղվելու բացառիկ իրավունքն ընձեռել էր Թեդոսիայում ծնված հայ Մուրադ Յակուբովիչին: Իսկ 1601թ. գարնանը լեհ Սիգիզմունդ 3-րդ Վազա արքան հանձնարարում է հայ առևտրական Սեֆեր Մուրադովիչին՝ իր պալատի համար Իրանից գորգեր բերել: Շահ Աբաս խանի պալատի հայ գորգագործները լավ էին ուսումնասիրել լեհ արիտոկրատիայի ճաշակը: Նրանք հանճարեղ կերպով բարոկկո ոճը համադրել էին արևելյան գունապնակի հետ: Այսպես ստեղծվեցին աշխարհով մեկ հայտնի ոսկեկար «Պոլոնեզները»:
Հիասքանչ գորգեր էին գործում նաև Ավստրիայում: Ծագումով հայոց միջնադարյան բազմամարդ մայրաքաղաքի, 1000 ու մի եկեղեցիների քաղաք Անիի վարպետ գորգագործները շատ էին հավանել ալպյան բնանկարը, իսկ հետագայում նրանք հասան նաև մինչև Իսպանիա և Ֆրանսիա:
Ի դեպ, խոշորագույն հայագետ Հր. Աճառյանը չի բացառում, որ հենց հայերեն «կապերտ» բառին (հանդիպում է 5-րդ դարում թարգմանված Աստվածաշնչում) են պարտական գորգ նշանակող բոլոր բառերը մի շարք եվրոպական լեզուներում:
Միջնադարյան Եվրոպան հայկական գորգերի պակաս չուներ՝ միայն շնորհիվ միջազգային շուկայում այդ գորգերի բացառիկ իրավունք ունեցող հայ առևտրականների, սակայն գորգեր բերում էին նաև խաչակիրները: Խաչակիր ասպետները, վերադառնալով արշավանքներից, իրենց հետ Արևելքից բերում էին նաև գորգեր, որոնք այդ ժամանակներում անփոխարինելի էին միջնադարյան վատ ջեռուցվող ցուրտ ամրոցների համար. Բրդյա տաք գորգերը փրկում էին ցրտից:
Հայկական գորգերն իրենց կտավներում անմահացրել են միջնադարյան Եվրոպայի այնպիսի կարկառուն նկարիչներ, ինչպիսիք են իտալացիներ Ջոտտոն, Մանտենյին, Պինտուրիկկիոն, Բելլինին, Յակոպո Բոսսանոն, Կարավաջոն, ֆլամանդացիներ Ռուբենսն ու վան Դեյկը, հոլանդացիներ Ռեմբրանդը, Վերմեերը, Թերբորխը, Յան վան Էյքն ու Մեմլինգը, ինչպես նաև Հոգարդը, Դելակրուան և շատ ուրիշներ:
Գորգ, կարպետ, խալի…
9-րդ դարի արաբ աշխարհագրագետ Աբու-Ավնի կարծիքով՝ «խալի» բառը, որը հայոց, պարսկերեն և թուրքերեն լեզուներում «գորգ» է նշանակում, ծագում է Արևմտյան Հայաստանի Կարին, ներկայումս` Էրզրում քաղաքի անվանումից և արաբերեն մեկնաբանմամբ հնչում է՝ որպես «Կալիկալա», այն է` գորգերի քաղաք:
Ի դեպ, միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը