Սահմանամերձ Չորաթան գյուղի «Տավուշ տեքստիլ» գործարանը աշխատանքով ապահովում է ոչ միայն չորաթանցիներին, այլև հարակից գյուղի բնակիչներին: Գործարանում աշխատում է շուրջ 165 մարդ, միջինը 120 հազար դրամ աշխատավարձով, այս պահին կա ևս 10 աշխատողի կարիք:
Չորաթանի համայնքապետ Վարուժան Բաղմանյանի խոսքով՝ գործարանի բացումից ի վեր՝ գյուղում արտագաղթը կանգ է առել, դեռ ավելին՝ գյուղ է վերադարձել 4 ընտանիք՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բյուրեղավանից:
Հիմնադիրը ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանն է՝ ծնունդով հարակից Արծվաբերդ գյուղից: Չորաթանն օգտվում է կառավարության կողմից տրվող հարկային արտոնություններից, հենց սա է պատճառը, որ գործարարը որոշել է հենց այստեղ արտադրություն հիմնել: Գործարանը գործում է արդեն 2 տարի, արտադրում է շինարարական ձեռնոցներ, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնության շուկա:
27-ամյա Աննան Չորաթան է գալիս հարակից Նորաշեն գյուղից, ամուսինը նույնպես այս գործարանում է աշխատում: Աշխատանք ունենալը շատ բան է փոխել նրանց ընտանիքում: «Բոլորն էլ աշխատում են, ամենքն էլ իրանց հացն ապահովում են, շատ-շատ գոհ ենք, լավ ա շատ, շնորհակալ ենք, ապրեն իրանք»,– ոգևորությամբ պատմում է Աննան:
«Ամբողջ Չորաթանի կյանքն է փոխվել, 2-3 տարի առաջ միայն անասնապահությամբ և հողագործությամբ էինք զբաղվում: Անհոգ օրեր ենք անցկացնում, շատ ուրախ ենք: Մարդիկ աշխատանք ունեն, վարկերն են փակում»,- պատմում է 51-ամյա Աննան, ով գործարանի բացումից հետո հետ է վերադարձել Ռուսաստանից:
Գործարարը Չորաթանից բացի, գործարաններ է հիմնել նաև Արծվաբերդ, Մովսես գյուղերում, որտեղ աշխատում են համապատասխանաբար 80 և 25 մարդ: Այս պահին գործարանի շինարարական աշխատանքներ են կատարվում նաև Բերդում, գործարանը սկզբնական շրջանում նախատեսում է ունենալ 600 աշխատող:
Ակաթի Վահանյան