Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը.
«Երկուշաբթի աշխատավայրում Բուլղարիայի Վառնա քաղաքից հյուր ունեի. թերևս 60-ին մոտ հարգարժան մի տիկին:
Ոչ միայն ինքը, այլև ծնողները Վառնայում էին ծնվել, իսկ արմատներով Սեբաստիայի, Կեսարիայի կողմերից էր: Զրուցեցինք մի փոքր. պարզվեց Վառնայում բավական հայեր կան, բայց հայկական դպրոց գոյություն չունի, թեև վաղուց փակ մնացած դպրոցի շենքը դեռ կա: Հայ երեխեքը համատարած բուլղարական դպրոցներ են հաճախում: Տիկինը բավական հայերեն էր խոսում. դրվատեցի: Ասաց. չհաշված վերջին տարիներին Հայաստանից եկածներին (որոնց երեխեքն էլ արդեն հայերեն համարյա չգիտեն) հայերն իրար հետ հայերեն չեն խոսում, իսկ ինքը հայերենով հաղորդակցվում էր իր շան հետ, որի մասին տիկինը վկայեց, թե շատ ավելի լավ հայերեն գիտի, քան վառնաբնակ հայերի մեծագույն մասը…»: