Երեկ «Արմենիա TV»-ի եթերում մեկնարկեց վերջին օրերի ամենաքննարկված հեռուստասերալը՝ Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը»: Սերիալի գլխավոր հերոսուհուն մարնմավորում է երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը, ով հայկական երգարվեստում առաջին քայլերն է անում: Life.panorama.am-ը Ռոզայի հետ զրուցել է «Նռան հատիկ»-ում նկարահանվելու հետ կապված խնդիրների հաղթահարման ու երգարվեստում իր հետագա գործունեության մասին:
– Ռոզա, հանրությունը Ձեզ նոր-նոր էր փորձում ճանաչել որպես երգչուհի, իսկ հիմա արդեն Ձեզ փորձում եք որպես դերասանուհի: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք այս նախագծում:
– Դերասանական արվեստում ինքս ինձ փորձելն իմ հեռավոր երազանքներից էր: Ինձ մշտապես հետաքրքիր է եղել կինոինդուստրիան, հաճախ եմ մտածել, որ կարող եմ ինձ այդ ոլորտում ևս փորձել: Երբ առաջարկ ստացա Դիանա Գրիգորյանից, եղբորս՝ Մհերի և իմ պրոդյուսերի հետ երկարատև քննարկելուց, ծանրութեթև անելուց հետո եկանք ընդհանուր որոշման ու համաձայնեցի:
– Մեր երկրում բազմաթիվ են նախադեպերը, երբ երգիչները իրենց փորձում են դերասանական ոլորտում, դրանք հաճախ ուղեկցվում են քննադատություններով կամ ճիշտ հակառակը՝ տվյալ արտիստին ավելի շատ են սիրում այդ ոլորոտւմ: Հանրության արձագանքի մասին մտածո՞ւմ էիք մինչ առաջարկն ընդունելը:
– Գիտեք, երբ համաձայնեցի, ես վստահ էի իմ աշխատասիրության, ուժերի և հնարավորությունների վրա: Իհարկե, հասկանում էի, որ ես չունեմ փորձ այս ասպարեզում, բայց ես պատրաստ էի երկարատև աշխատել, որպեսզի հասնեմ ցանկալի արդյունքի: Ես չեմ մտածել հանրության համակրանքի կամ հակակրանքի մասին, քանի որ վստահ եմ, որ, եթե մի բան անում ես մեծ սիրով ու ներդնում ես ողջ ուժերդ, ապա այդ դեպքում արածդ աշխատնքը ընդունվում է մարդկանց կողմից: Ինչ խոսք, ես մտահոգվել եմ, որ մարդիկ կարող են և հավանել, և չհավանել, բայց միայն դրա մասին մտածելով, ես լավ արդյունքի չէի հասնի:
– Ռոզա, հե՞շտ տրվեց Ձեզ դերասանի մասնագիտությամբ հանդես գալը, դրա հետ կապված խնդիրները հաղթահարելն ու ճիշտ մատուցելը:
– Նախ պետք է ասեմ, որ երջանիկ եմ նման պրոֆեսիոնալ դերասանական խմբի հետ մեկ նախագծում հանդես գալու համար: Ես հասկանում եմ, որ այս արվեստի հետ կապված ամեն ինչ պետք է սովորեմ հենց նկարահանումների ընթացքում՝ հետևելով խաղընկերներիս աշխատանքին, նրանց ամեն միմիկային և ինձ տված խորհուրդներին: Նրանք շատ են ինձ օգնում, ամեն անգամ ես ավելին եմ սովորում: Ինչ վերաբերվում է խնդիրներին, իհարկե, դրանք հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ: Ես հայտնվեցի մի ոլորտում, որտեղ ամեն ինչ ինձ անծանոթ էր, ունեի փորձի պակաս, ինչից շատ էի հուզվում: Սկզբում իմ ամենամեծ խնդիրը հենց հուզմունքն էր, որը, ի ուրախություն ինձ, հաղթահարեցի հենց առաջին նկարահանման օրը: Իմ երկրորդ խնդիրը լեզվական բարիերն էր, որի շուրջ հիմա էլ շարունակում եմ աշխատել: Սա շատ բարդ է, ինձնից պահանջում է անքուն գիշերներ, նկարահանումներից հետո երկարատև պարապմունքներ և այլն: Ճիշտ է՝ մեր ընտանիքում հայերեն ենք խոսում, բայց, ցավոք, դեռևս հայերեն տառերը չգիտեմ, ուստի ինձ տրված տեքստերը ստիպված եմ լինում բարեկամիս հետ միասին ամբողջը նորից գրել ռուսերեն տառերով, հետո սովորել, այնուհետև աշխատել ինտոնացիայի վրա և այսպես շարունակ: Աշխատանքը շատ-շատ է, բայց ես ունեմ մեծ ցանկություն, ինչն էլ ինձ ոգեշնչում է ավելի ակտիվորեն գործել:
– Ռոզա, հիմա, երբ ժամանակի մեծ մասը տրամադրված է նոր աշխատանքին, երգարվեստում դադա՞ր եք վերցնելու:
– Ոչ, ոչ մի դեպքում, առանց երաժշտության մեր ընտանիքում անհնար է: Հիմա էլ շարունակում եմ նոր երգեր ձայնագրել, առաջիկայում նաև այդ ասպարեզում նորություններ կունենամ: