Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«1991թ. Հունիսն էր: Արցախի ու Հայաստանի վրայով անցել էր «Կալցո» օպերացիան. Ապրիլի վերջին կորցրել էինք Գետաշենը, Կամոն, Ազատը, մայիսից Արցախում հայազրկվել էին տասնյակ գյուղեր: Հայաստանի սահմաններին մի երկու բողչով հազարավոր փախստականն
եր և սովետական զորքի կողմից բռնոտած, ծեծ ու ջարդի ենթարկված, սահմանը պահող հայաստանցի ոստիկաններ: Սովետական հզոր բանակը հայ ոստիկանների դեմ՝ զոհեր, վիրավորներ, ավելի քան հարյուր ոստիկան բոևիկի պիտակով հանձնվեց մեր ոխերիմ հարևանին: Նրանք հայտնվեցին Բաքվի ու Կիրովաբադի բերդերում:
Թե ինչ կտտանքների ենթարկվեցին, ինչ տառապանքներ քաշեցին, եկեք շշուկով խոսենք: Ցավոք, նրանցից շատերը շատ կարճ կյանք ունեցան: Թե ինչ ջանքեր թափվեցին ու միջոցառումներ ձեռնարկվեցին նրանց հետ բերելու և նույնիսկ փոխանակելու ուղղությամբ, մեզ ու Աստծուն է հայտնի: Այդ ժամանակ ես ՀԽՍՀ ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավարն էի և ակտիվորեն աշխատում էի սովետական ու արտասահմանյան քաղաքական գործիչների ու լրագրողների հետ՝ տրամադրելով նրանց ֆոտոներ, տեսանյութեր, ուղեկցողներ, փորձագետներ:
Ցվետանա Պասկալևայի հետ համագործակցությունը սկսվել էր դեռ Շահումյանից իմ Լրաբերում աշխատելու շրջանից: Ցվետանան մեկնել էր Ադրբեջան, վստահություն էր ձեռք բերել ու նաև նկարահանումներ արել գրավված Գետաշենում, Կիրովաբադի բերդում, զրուցել էր գերեվարված մեր ՆԳՆ ներքին զորքերի տղաների հետ: Ցվետանայի հետ լսեցինք ձայնագրությունները. Հարազատ ձայներ, որ խոսում էին ժողովուրդների բարեկամության ու քաղաքական ղեկավարների մեղավորության մասին: Առնվազն մի տասը ադրբեջանցու էլ ես եմ այստեղ խոսեցրել և խնդրում եմ՝ ոչ մեկը գլուխ թող չգովա, որ նման պայմաններում իրենից միայն հայրենասիրական ճառեր դուրս կգան:
Ցվետանան ներկայացրեց, որ ՀՀՇ-ում Տեր Հուսիկի հետ միասին մի քանի հոգով լսել են, ու Տեր Հուսիկն ասել է, որ այդ տղաներն այլևս իրավունք չունեն հայրենիք վերադառնալու: Բռնեցի Ցվետանայի ձեռքն ու ուղիղ ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանի մոտ:
Դիտեցինք լլկված Գետաշենի կադրերը, լսեցինք տղաների ձայնագրությունը, մեղմորեն հրեցի Ցվետանային, ու նա ներկայացրեց ինչ են ասել ՀՀՇ-ում: Մանուչարյանն անմիջապես վերցրեց կառավարականը, երևի տեսել եք ինչպես է մերկացնում ատամները, երբ զայրացած է.
– Ձեզ կուղարկեմ Կիրովաբադ, տեսնեմ ինչ եք խոսելու, հետո կորոշենք՝ հետ թողնել թե ոչ, չեք էլ ամաչում, – նետեց հեռախոսափողը:
Շատ սարսափելի տեսագրություններ ունեմ, դրանք վավերագրություններ են, վերքեր ու վնասվածքներ. Գեհենից վերադարձած մարդիկ պատմում են կտտանքների ու տառապանքների մասին, նաև կորովի ու խիզախության մասին, իրար ուժ ու հույս տալու մասին:
Ծեծ, կտտանք, նվաստացում՝ ժամերով, օրերով, ամիսներով, ոչ մեկը չխոսեց իր ժողովրդի ու պետության դեմ, միայն ընդհանուր ակնարկներ քաղաքականության վերաբերյալ:
Բա էդ խալխի բլոգերը առյուծի կաթ էր խմել, թե հավատավոր արցախցի պատմահայրենասեր էր, որ թելադրված տեքստը չստորագրեր կամ հայացքով հավանության չարժանացներ:
Բարի, գեղեցիկ ավանդույթ կա՝ սպառնալիքի տակ հայտարարություններ են անում, հետո դատի են տալիս իրենցից բռնությամբ անհրաժեշտ տեքստեր կորզելու համար: Սա քաղաքական խաղ էր, խմբային խաղացողներով, որը դեռ չի ավարտվել»: